HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայիսին Երևանում կկայանա «Հրանտ Դինք․ հոս և հիմա» խորագրով ցուցահանդեսը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ապրիլի 15-ին ընդունել է Հրանտ Դինքի դուստր, «Հրանտ Դինք հիմնադրամ»-ի փոխտնօրեն Դելալ Դինքին, ով Հայաստան էր ժամանել մայիս-հուլիս ամիսներին անցկացվող ցուցահանդեսի կազմակերպչական հարցերով։ 

Ինչպես հայտնում են Գլխավոր հանձնակատարի գրասենյակից, հանդիպման մեկնարկին Գլխավոր հանձնակատարն ընդգծել է, որ Հրանտ Դինքի կյանքը եղել է պայքարի ու ազատության պատմություն: «Հրանտ Դինքը դարձավ ազատ խոսքի ու ճշմարտության խոսափողը Թուրքիայում: Ուրախ եմ, որ այսօր Դինքի ընտանիքը շարունակում է նրա առաքելությունը»,- նշել է Զարեհ Սինանյանը։

Դելալ Դինքը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել է մայիսին Երևանում կայանալիք ցուցահանդեսի մանրամասները: «Ցուցահանդեսը կկրի «Հրանտ Դինք․ հոս և հիամա» խորագիրը։ Այն հայաստանյան հասարակության համար կծառայի որպես կարևոր գործիք՝ ավելի լավ ճանաչելու Հրանտ Դինքին, նրա պայքարը, ինչպես նաև Թուրքիայի հայերին»։

Ցուցահանդեսը հիմնված է լինելու Ստամբուլում՝ «Սեբաթ» շենքում գտնվող «Ակօս» թերթի նախկին գրասենյակում տեղակայված «Հրանտ Դինք 23,5 հուշավայր»-ի վրա։ 2007թ․ հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվեց «Սեբաթ» շենքի դիմաց, և հարյուրավոր մարդիկ ներկա էին նրա հուղարկավորությանը նվիրված արարողությանը, որի արդյունքում «Ակօս»-ի գրասենյակը ու «Սեբաթ» շենքը ստացան կարևոր նշանակություն՝ Թուրքիայի հավաքական հիշողության առումով։ «Հրանտ Դինք 23,5 հուշավայր»-ը, որն իր դռները բացեց 2019 թվականին, անդրադառնում և ընդգծում է Հրանտ Դինքի կողմից ընդունված և պաշտպանված համաշխարհային արժեքները՝ ժողովրդավարություն, հավասարություն, արդարություն, մարդու իրավունքներ և ազատություններ։ Այն նաև կամուրջ է կառուցում հիշողության և հույսի միջև։

Այնուհետ Գլխավոր հանձնակատարը և Դելալ Դինքը զրուցել են Թուքիայում բնակվող հայերի իրավիճակի, նրանց խնդիրների ու դժվարությունների մասին: Հյուրին ներկայացվել է նաև գրասենյակի ծրագրերը: Զարեհ Սինանյանը  կարևորել է այդ ծրագրերին թուրքահայության մասնակցությունը: Կողմերն անդրադարձ են կատարել նաև արևմտահայերենի պահպանմանը և զարգացմանը:

Հանդպման ավարտին Գլխավոր հանձնակատարը պատրսատակամություն է հայտնել աջակցելու և մասնակցելու իրականացվող ցուցահանդեսին:

Գրասենյակը նշում է, որ «Հրանտ Դինք․ հոս և հիամա» ցուցահանդեսը տեղի կունենա մայիս-հուլիս ամիսներին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում՝ ՆՓԱԿ-ում և կուղեկցվի մի շարք այլ միջոցառումներով (ֆիլմերի ցուցադրություն, քննարկումներ, սեմինարներ և այլն):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter