HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անսթափ քաղաքացու կողմից սպանված ոստիկանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով

Ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում այսօր հարգանքի տուրք են մատուցել՝ ապրիլի 16-ին ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ անսթափ քաղաքացու կողմից արձակված կրակոցներից զոհված Ժիրայր Ենգիբարյանի հիշատակին, որին ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և համակարգի ծառայողների ուղեկցությամբ մասնակցել է ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ոստիկանությունից հայտնում են, որ Ժիրայր Բորիսի Ենգիբարյանը ԱՀ ոստիկանության օրինակելի ծառայողներից էր և իր բարեվարքությամբ ու տեսակով օրինակ է  հանդիսացել իր համածառայակից ընկերներին: Ծառայության ամբողջ ընթացքում գերազանցությամբ է կատարել իրեն վերապահված պարտականություններն ու խնդիրները, ցուցաբերել բարձր պատասխանատվություն:

Ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 1-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում:1991-2001 թվականներին սովորել է գյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում:

2004-2009 թվականներին սովորել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի իրավագիտություն բաժնում, ստանալով՝ Իրավաբանի որակավորում:

Ծառայությունը հայրենիքին

Ժիրայր Բորիսի Ենգիբարյանը 2001-2003 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում:

2009 թվականի դեկտեմբերի 1-ից ընդունվել է ծառայության ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության վաշտի թիվ 2 ճանապարհապարեկային ծառայության սպայական դասակում՝ որպես տեսուչ:

2015 թվականի հուլիսի 10-ին նշանակվել է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ձերբակալվածների պահման վայրի տեսուչ:

2020 թվականի նոյեմբերի 27-ին նշանակվել է ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչ:

Ծառայության ողջ ընթացքում արժանացել է պետական ու գերատեսչական մի շարք խրախուսանքների և մեդալների:

2016 թվականի նոյեմբերի 26-ին գործառական պարտականությունների բարեխիղճ կատարման, ծառայության մեջ բարձր ցուցանիշների հասնելու համար և ի նշանավորումն ոստիկանության օրվա՝ Ժիրայր Ենգիբարյանը ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել է «Օրենքի պատվար» մեդալով:

2020 թվականի օգոստոսի 5-ին ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել է «Երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով:

ԱՀ Նախագահի հրամանագորվ հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Ամուսնացած է, ունի 2 զավակ:

Ժիրայր Ենգիբարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր իր հայրական տանը՝ Նորագյուղում, ժամը 18:00-ից 20:00-ը: Հուղարկավորությունը՝ երկուշաբթի ժամը 13:00-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter