HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանը օֆշորային ընկերություն է ունեցել․ նա խախտել է Սահմանադրությունն ու օրենքը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանը տարիներ առաջ օֆշորային գոտում՝ Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (ԲՎԿ), ընկերություն է հիմնել, բայց այն չի հայտարարագրել։ Այդպես նա հասցրել է խախտել թե՛ ՀՀ Սահմանադրությունը, թե՛ «Հանրային ծառայության մասին» օրենքը։

2003-2007 թթ․ Մուրադ Գուլոյանը պատգամավոր էր ՀՀԿ-ից, իսկ 2007-2019 թթ․ ԱԺ-ում ներկայացրել է ԲՀԿ-ն։ Գուլոյանը ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանի համագյուղացին է (Առինջից է), ինչպես նաեւ նրա խնամին․ որդին՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը, Ծառուկյանի փեսան է։

Այն, որ Մ․ Գուլոյանը ԲՎԿ-ում ընկերություն է ունեցել, պարզել ենք «Pandora Papers» թղթապանակից, որը նախորդ տարի մեծ աղմուկ բարձրացրեց ամբողջ աշխարհում։

Անցյալ տարվա հոկտեմբերին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումն (International Consortium of Investigative Journalists, ICIJ) ու դրա հետ համագործակցող լրատվամիջոցները, այդ թվում՝ «Հետքը», հրապարակեցին օֆշորային գոտիներից արտահոսած փաստաթղթեր, որոնք լրագրողներն անվանել են «Pandora Papers»: Մինչ օրս լրագրողներն ուսումնասիրում են այդ թղթերն ու պարբերաբար հրապարակում նոր տեղեկություններ։ Փաթեթում առկա է ավելի քան 27 հազ. հատ ընկերություն ու շուրջ 30 հազ․ սեփականատեր, որոնք կապ ունեն աշխարհի ավելի քան 200 երկրի եւ տարածքային միավորի հետ, ինչը խոսում է արտահոսած փաստաթղթերի աշխարհագրական շատ մեծ մասշտաբի մասին: 2,94 տերաբայթ ծավալով թղթապանակում, որը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից երբեւէ հրապարակված ամենածավալուն փաթեթն է, կան նաեւ ընկերությունների շահառու սեփականատեր հանդիսացող հայեր, այդ թվում՝ պաշտոնյաներ ու գործարարներ, նրանց փոխկապակցված անձինք: 

Փաստաթղթերն արտահոսել են օֆշորային գոտիներում ծառայություններ մատուցող 14 ընկերություններից: Սրանք միջնորդ կամ գործակալ կազմակերպություններ են, որոնք օգնում են հարկային դրախտ հանդիսացող օֆշորային գոտիներում ձեւական ընկերություններ հիմնել ամենատարբեր նպատակներով: Այս 14-ից մեկը «Trident Trust Group»-ն է, որը մասնաճյուղեր ունի տարբեր երկրներում, այդ թվում՝ ԲՎԿ-ում, որը կոչվում է «Trident Trust Company (B.V.I.) Limited»։ Մուրադ Գուլոյանի վիրջինյան ընկերության գործակալը հենց սա է եղել։

Այսպիսով՝ 2011-ի հոկտեմբերի 4-ին «Trident Trust Company (B.V.I.) Limited»-ի գրանցման հասցեում նոր ընկերություն է հիմնադրվել՝ «Diadem Holding and Finance Inc.»-ը։ Փաստաթղթերը ցույց են տալիս, որ վերջինիս միանձնյա տնօրենը եղել է Մուրադ Գուլոյանը։ Մյուս կողմից՝ «Trident Trust»-ի աշխատակիցների ներքին նամակագրությունից, որը եւս արտահոսել է, տեղեկանում ենք, որ «Diadem»-ի պարագայում «Trident Trust Company (B.V.I.) Limited»-ի հաճախորդը եղել է Գուլոյանը։ Սա, թերեւս, նշանակում է, որ հենց նա է եղել վիրջինյան ընկերության ոչ միայն տնօրենը, այլեւ իրական շահառու (բենեֆիցիար) սեփականատերը։

2011-ի աշնանը, երբ հիմնադրվել է «Diadem Holding and Finance Inc.»-ը, Գուլոյանը ԲՀԿ-ական պատգամավոր էր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրությունը, որն ընդունվել էր 2005-ին, հստակ նշում էր․ «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»:

Մուրադ Գուլոյանը, դառնալով «Diadem Holding and Finance Inc.»-ի տնօրեն, խախտել է Սահմանադրությունը։

Մյուս կողմից՝ նա թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» օրենքի խախտում, քանի որ 2011 թ․ իր տարեկան հայտարարագրում չի հիշատակել օֆշորային ընկերությունում ձեռք բերած բաժնեմասը։ Դրանում պաշտոնյան պարտավոր էր հայտարարագրել հարկային տարում թե՛ ձեռք բերած, թե՛ օտարած արժեթղթերը եւ այլ ներդրումները։

Նշում ենք նաեւ օտարման մասին, քանի որ, ըստ «Trident Trust»-ի ներքին նամակագրության, Գուլոյանը երկար չի մնացել «Diadem»-ում։ Հոկտեմբերի 14-ի մի նամակից տեղեկանում ենք, որ «Diadem»-ն այդ օրը վաճառվել է։ Կրկին նամակագրության համաձայն՝ դրա նոր տերը դարձել է շվեյցարական «Corum Vermoegensverwaltung»-ը, որը մասնավոր կապիտալ կառավարող ընկերություն է։ Տնօրենի պաշտոնից էլ Մ․ Գուլոյանը հրաժարվել է 2011-ի նոյեմբերի 25-ին։ Նրան փոխարինել են 3 հոգի՝ Շվեյցարիայի, Կիպրոսի ու Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ։

Ինչպես տեսանք, ԱԺ պատգամավոր Գուլոյանը երկար չի մնացել օֆշորային ընկերությունում, բայց անկախ ժամկետից՝ նա պարտավոր էր հայտարարագրել «Diadem Holding and Finance Inc.»-ի ձեռքբերումն ու օտարումը, ինչպես նաեւ չզբաղեցնել տնօրենի պաշտոնը, քանի որ դա արգելված է Սահմանադրությամբ։

Ինչ վերաբերում է «Diadem»-ին, ապա ընկերությունը Գուլոյանի կողմից օտարվելուց հետո երկար կյանք չի ունեցել եւ ջնջվել է (strike off) վիրջինյան ռեեստրից 2013 թ․։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter