HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 53-րդ օրը (երեկոյան ամփոփում)

Արդեն 53-րդ օրն է՝ Ուկրաինայում շարունակվում են պատերազմական գործողությունները։ Ամփոփ այն մասին, թե ինչ է եղել ապրիլի 17-ի ընթացքում։

Վլադիմիր Զելենսկի. Ուկրաինան իր արևելյան տարածքները Ռուսաստանին չի տա՝ հանուն պատերազմի դադարեցման։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելեսնկին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան իր արևելյան տարածքները Ռուսաստանին չի տա՝ հանուն պատերազմի դադարեցման։ 

Զելենսկին նշել է, որ ուկրաինական բանակը կմարտնչի Ռուսաստանի դեմ Դոնբասում և զորքերի այդ բախումը կդառնա պատերազմում որոշիչը։ Նրա խոսքով՝ չի կարելի վստահ լինել նրանում, որ Ռուսաստանը չի վերսկսի հարձակումը Կիևի վրա, եթե նրան հաջողվի իր վերահսկողության տակ վերցնել Դոնբասի տարածքները։

Վլադիմիր Զելենսկու CNN-ին տված հարցազրույցի մյուս կետերը.

  • Մենք մեր տարածքները չենք կարող տալ, բայց մենք պետք է գտնենք ինչ-որ երկխոսություն։ Եթե խոսելու հնարավորություն կա, մենք կխոսենք։
  • Բանակցություններում հաջողության շանսերն օրեցօր նվազում են։ Մտածեք Բուչայի, Վոլնովախայի, Բորոդյանկայի, Մարիուպոլի մասին։ Գալիս է ժամանակը, երբ մեր հանրությունը չի ցանկանում խոսել։
  • Սա պատերազմ չէ, սա ցեղասպանություն է։ Տեսեք, թե ինչ է եղել Բուչայում։ Նրանք ուղղակի փողոցում գնդակահարում են մարդկանց։
  • Ես այլևս չեմ հավատում աշխարհին, չեմ հավատում խոսքերին։ Միակ հավատը հավատն է քո իսկ նկատմամբ, քո ժողովրդի և զինված ուժերի նկատմամբ։
  • Մենք կարող ենք Ռուսաստանի հետ կռվել նաև 10 տարի։

Մարիուպոլում ուկրաինացի զինվորականները հրաժարվել են հանձնվել՝ ի պատասխան Ռուսաստանի առաջարկի։

Ուկրաինական բանակը, որը հիմա գտնվում է շրջափակված Մարիուպոլում, հրաժարվել է կապիտուլյացիայից, որն ավելի վաղ նրանց առաջարկել էր ռուսական կողմը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը՝ ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Քաղաքը դեռևս չի ընկել»,- հայտարարել է Շմիգալը՝ նշելով, որ ուկրաինական զորքերը դեռևս վերահսկում են Մարիուպոլի որոշ հատվածներ։ Ավելի վաղ, ռուսական կողմը Մարիուպոլում ուկրաինացի զինվորականներին առաջարկել է ցած դնել զենքերը և հանձնվել։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները գտնվում են «Азовсталь»-ի գործարանում։ Խոսքը, ըստ ռուսական պաշտպանական գերատեսչության, 2,5 հազար զինվորականների մասին է։

Ուկրաինայի արդարադատության նախարարությունը թույլատրել է Zoom-ով ամուսնություններ կնքել։

«Ներկայիս պայմանները հանգեցնում են նրան, որ մարդիկ երբեմն սպասելու հնարավորություն չունեն։ Որովհետև մենք բոլորս հայտնվել ենք այնպիսի պայմաններում, երբ մենք չգիտենք, թե ինչ կլինի վաղը և նույնիսկ այսօր մինչև երեկո»,- հայտարարել է արդարադատության փոխնախարար Վալերի Կոլոմիյեցը։

Խարկովի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 5 մարդ։

5 մարդ զոհվել, 13-ը վիրավորվել է Խարկովի կենտրոնի հրթիռակոծության հետևանքով։ Այդ մասին հայտնում է «Суспільне»-ն՝ հղում անելով մարզային զինվորական վարչակազմի առողջապահական դեպարտամենտին։ Պարբերականն ընդգծում է, որ դրանք նախնական տվյալներ են։

Բուլղարիան ռուսական նավերին արգելել է մտնել իր նավահանգիստներ

«Ռուսական դրոշի ներքո գրանցված բոլոր նավերին, ինչպես նաև այն նավերին, որոնք փետրվարի 24-ից հետո փոխել են իրենց ռուսական դրոշը կամ գրանցվել մեկ այլ պետության ծովային ռեգիստրում, արգելվել է հասանելիությունը բուլղարական ծովային և գետային նավահանգիստներին»,- նշվում է Բուլղարիայի ծովային վարչակազմի հաղորդագրության մեջ, որը մեջբերում է The Guardian-ը։

Բացառություններ կկատարվեն միայն աղետի ենթարկված կամ մարդասիրական օգնության կարիք ունեցող նավերի, ինչպես նաև ԵՄ երկրներ էներգակիրներ, սննդամթերք և դեղորայք տեղափոխող նավերի համար:

Պատժամիջոցների հետևանքով Լեհաստանի և Բելառուսի սահմանին կանգնած են մնացել հարյուրավոր բեռնատարներ։ 

Բեռնատարների շարասյան երկարությունը կազմել է 80 կիլոմետր։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter