HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 54-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Արդեն 54-րդ օրն է՝ Ուկրաինայում շարունակվում են պատերազմական գործողությունները։ Ամփոփ այն մասին, թե ինչ է եղել նախորդ գիշերվա ընթացքում։

Կիևում և Լվովում լսվել են պայթյուններ։ Իշխանությունների տվյալներով էլ՝ Դնեպրոպետրովսկի մարզը գիշերը ևս հրթիռակոծվել է, իսկ հրթիռների մեծ մասը հաջողվել է խոցել։ Գիշերը պայթյուններ են լսվել նաև Խերսոնում։

«Укрзалізниця» ընկերության ղեկավար Ալեքսանդր Կամիշինը հայտարարել է, որ Լվովում մի քանի հրթիռ ընկել է երկաթուղային օբյեկտների մոտ։ Նրա խոսքով՝ երկաթուղու ուղևորների և աշխատակիցների շրջանում տուժածներ չկան։ Գնացքների շարժը վերականգնվել է, սակայն հնարավոր են ուշացումներ։

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին էլ նշել է, որ հրթիռները հինգն են եղել։

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչներն էլ պնդել են, որ ուկրաինական բանակը վերջին մեկ օրվա ընթացքում 34 անգամ ռմբակոծել է ինքնահռչակ հանրապետության տարածքը։ Վիրավորվել է հինգ խաղաղ բնակիչ։

Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը բնակիչներին կոչ է արել տարհանվել

Ապրիլի 17-ի երեկոյան Սերգեյ Գայդայը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «հաջորդ շաբաթը կարող է ծանր լինել։ Կարող է վերջինը լինել, երբ մենք դեռ շանս ունենք ձեզ փրկելու»։ Գայդայը ենթադրել է, որ ռուսական բանակը հաջորդող օրերից մեկի առավոտյան կարող է սկսել հարձակումը։

Լուգանսկի մարզի տելեգրամյան ալիքում նշվում է Զոլոտոյե քաղաքի կիրակնօրյա հրթիռակոծության մասին, որի հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել 4 մարդ։ Բացի այդ, հրթիռակոծվել է նաև Լիսիչանսկ քաղաքի ոստիկանության շենքը, որի հետևանքով վիրավորվել է 6 ոստիկան։

Արկակոծման հետևանքով Կամիշեվախա քաղաքատիպ գյուղում էլ վնասվել է երկու տուն։

Պատերազմի հետևանքով Ուկրաինայում զոհվել է առնվազն 205 երեխա

Ուկրաինայում պատերազմի հետևանքով, ապրիլի 18-ի առավոտյան դրությամբ, զոհվել է առնվազն 205 երեխա, առնվազն ևս 362-ը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը։ Գերատեսչության տվյալներով՝ ամենաշատ թվով երեխաները տուժել են Դոնեցկի (117), Կիևի (107) և Խարկովի մարզերում (91):

Առևանգվել է Զապորոժյեի շրջանի զինվորական վարչակազմի ղեկավարի 16-ամյա որդին

Զապորոժյեի մարզում առևանգվել է Զապորոժյեի շրջանի զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Բուրյակի 16-ամյա որդին։ Այդ մասին հայտարարել է մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Ստարուխը։

«Վասիլևկայի անցակետում երեխային առևանգել և տարել են անհայտ ուղղությամբ։ Հետագա ճակատագիրն անհայտ է»,- գրել է Ստարուխը։

Ուկրաինա է վերադարձել մոտ 650 հազար մարդ

Զուգահեռաբար, շարունակվում է փախստականների վերադարձը Ուկրաինա։ ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ երկիր է վերադարձել մոտ 650 հազար մարդ։ Իշխանությունները պնդում են, որ դա անվտանգ չէ։ 

Լեհաստանի սահմանապահ ծառայության տվյալների համաձայն՝ անցած շաբաթ օրը, պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ, ավելի շատ մարդ է վերադարձել Ուկրաինա (22 հազար), քան լքել այն (19,2 հազար)։ Վերադարձածների մեծ մասը ժամանում է միայն մի քանի օրով՝ տեսնելու իրենց հարազատներին և փորձում շատ չհեռանալ սահմանից։ Սակայն կան նաև այնպիսինները, որոնք մտադիր են մնալ տանը։ 

ՄԱԿ-ի տվյալներով՝ արդեն մոտ 4,8 միլիոն ուկրաինացի լքել է երկիրը ռուսական ներխուժումից հետո։ Ավելի քան 650 հազարն էլ վերադարձել է Ուկրաինա։ Ուկրաինայի ներսում էլ ավելի քան 7 միլիոն մարդ ստիպված լքել են իրենց տները։

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագի. «Պուտինիի հետ խոսելն անօգուտ է»

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ պատերազմի շուրջ հեռախոսային զրույցներ վարելն անօգուտ է, քանի որ դրանք որևէ արդյունքի չեն հանգեցնում։

«Հեռախոսազրույցի ժամանակ ես նրան ասել եմ, որ զանգահարում եմ, որպեսզի խոսեմ խաղաղության մասին։ Ես նրան հարցրեցի. «Ե՞րբ եք դուք հանդիպելու Զելենսկու հետ։ Միայն դուք երկուսդ կարող եք լուծել հարցերը»։ Նա պատասխանեց. «Դեռ ժամանակը չի եկել»։ Ես պնդեցի. «Հրադադարի մասին որոշում ընդունեք»։ Եվ նորից. «Ո՛չ, ժամանակը դեռ չի եկել»։ Հետո նա ինձ բացատրեց գազի համար ռուբլով վճարման մասին, որը դեռ այդ ժամանակ չէր ներդրվել։ Մենք հրաժեշտ տվեցինք և խոստացանք հանդիպել մի քանի օր անց։

Հետո եկավ Բուչայի սարսափը։ Ես սկսում եմ մտածել, որ ճիշտ են նրանք, որոնք ասում են, որ նրա հետ անօգուտ է խոսելը, դա ուղղակի ժամանակի անիմաստ կորուստ է։ Ես միշտ պաշտպանել եմ Մակրոնին և շարունակում եմ պնդել, որ, որպես ԵՄ նախագահ, փորձի օգտագործել երկխոսության բոլոր հնարավոր ճանապարհները։ Բայց ինձ մոտ տպավորություն է ձևավորվել, որ պատերազմի սարսափը, տեղի ունեցած կոտորածը, այն ամենը, ինչ նրանք արել են երեխաների և կանանց նկատմամբ, բացարձակապես կախված չեն բառերից և հեռախոսազանգերից, որոնք արվում են»,- անկեղծացել է Դրագին։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Մարիուպոլում առկա իրավիճակի մասին

  • Ռուսական հրամանատարությունը պետք է մտահոգված լինի նրանով, թե ինչքան ժամանակ կպահանջվի, որպեսզի գրավի Մարիուպոլը։ Ուկրաինայի համաձայնեցված դիմադրությունը լուրջ փորձություն է դարձել ռուսական ուժերի համար և վանում է մարդկանց ու նյութական միջոցները՝ դանդաղեցնելով Ռուսաստանի առաջխաղացումը մյուս շրջաններ։
  • Մարիուպոլը գրավելու փորձը թանկ է արժեցել քաղաքի բնակիչների համար։ Ավերվել են ենթակառուցվածքային խոշոր օբյեկտները, բնակչությունն էական կորուստներ է կրել։
  • Մարիուպոլի շրջաններին հարվածներ հասցնելը համապատասխանում է 1999 թվականին Չեչնիայում և 2016 թվականին Սիրիայում Ռուսաստանի մոտեցմանը։ Եվ դա չնայած 2022 թվականի փետրվարի 24-ին ՌԴ ՊՆ հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանը չի հրթիռակոծի քաղաքներն ու սպառնա Ուկրաինայի բնակչությանը։

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբա. «Մարիուպոլ քաղաք, որպես այդպիսին, այլևս չկա»

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ռուսական զորքերը փաստացի հիմնահատակ ավերել են Մարիուպոլը։ «Քաղաքն այլևս գոյություն չունի։ Ուկրաինական բանակի մնացորդները և քաղաքացիական անձանց մեծ խումբը փաստացի շրջափակված է ռուսական զորքերի կողմից։ Նրանք շարունակում են իրենց պայքարը, բայց, հաշվի առնելով այն, թե ինչպես է Մարիուպոլում ռուսական բանակն իրեն պահում, նրանք որոշել են ամեն գնով հողին հավասարացնել քաղաքը»,- CBS News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Կուլեբան։

Сбербанк-ի կառավարման նախագահի նախկին առաջին տեղակալը հեռացել է ԱՄՆ

Լև Խասիսը, որը մինչև վերջերս զբաղեցնում էր Сбербанк-ի կառավարման նախագահի առաջին տեղակալի պաշտոնը, հեռացել է ԱՄՆ։ Այդ մասին հայտնում է Ведомости-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

«Խասիսը հեռացել է Նահանգներ՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից անմիջապես հետո, նա այդ երկրի քաղաքացիություն ունի»,- պարբերականին հայտնել է զրուցակիցներից մեկը։ Մեկ այլ աղբյուրի համաձայն էլ՝ Խասիսը հեռացել է «ռազմական գործողության» մեկնարկից էլ վաղ։ 

Ռուսաստանը երկարաձգել է հարավային և կենտրոնական հատվածի օդանավակայաններ թռիչքների արգելքը

Ռուսաստանի կենտրոնական և հարավային 11 օդանավակայաններ թռիչքների արգելքը երկարաձգվել է մինչև ապրիլի 25-ը։ Այդ մասին հայտնում է Росавиация-ն։ 

Ժամանակավորապես փակ են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանները։ 

Սերգեյ Սոբյանին. Արտասահմանյան ընկերությունների հեռանալու հետևանքով Մոսկվայում գործազուրկ կարող է մնալ մինչև 200 000 մարդ

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ Մոսկվայում, օտարերկրյա ընկերությունների հեռանալու կամ աշխատանքների դադարեցման հետևանքով, գործազուրկ կարող է մնալ մինչև 200 000 մարդ։

Անցած շաբաթ Մոսկվայի իշխանությունները հաստատել էին աշխատանքից ազատման վտանգի տակ գտնվող աշխատողներին աջակցելու ծրագիրը, որն առաջին հերթին հասցեագրված էր օտարերկրյա ընկերությունների աշխատակիցներին: Սոբյանինն իր բլոգում գրել էր, որ ծրագրի իրականացման համար դաշնային բյուջեից կհատկացվի 3,36 միլիարդ ռուբլի։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter