HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

1.3% աճից 3% անկում. ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա

​​Կախված Ռուսաստանի տնտեսական զարգացումներից՝ 2022 թվականին Հայաստանի տնտեսական աճը կարող է գտնվել 1.3% աճից 3% անկման միջակայքում։ Նման եզրահանգման է եկել «Լույս» հիմնադրամի տնտեսական վերլուծական թիմը՝ գնահատելով Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառվող ներկայիս պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ 

Տնտեսական աճի կորուստները բացատրվում են տրանսֆերտների, արտահանման և ներդրումների վերաբերյալ բացասական սպասելիքներով։ Հատկապես արտահանման կառուցվածքի տեսանկյունից, Հայաստանի դիմադրողականությունը Ռուսաստանի տնտեսության շոկերի նկատմամբ վերջին տարիներին էապես չի բարելավվել։

Հին՝ «դառը» փորձը 

Հայաստանի տնտեսությունը պարբերաբար շոկերի է ենթարկվում, որոնցում էական դեր ունի Հայաստանի՝ Ռուսաստանի տնտեսությունից ունեցած կախվածությունը։ Այդ շոկերը վերաբերում են 2008-2009թթ․ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, 2014-2016թթ․ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների առաջին փուլի ներդրման հետևանքով ճգնաժամին, ինչպես նաև 2020թ․ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամին։ 

«Դրանցից առաջինը և երրորդը ունեցել են համաշխարհային բնույթ և փոխանցվել Հայաստան նաև այլ աղբյուրներից, մինչդեռ երկրորդին գերազանցապես բնորոշ է եղել ՌԴ տնտեսությունից փոխանցումը»,- նկատում են վերլուծաբանները։ 

Ռուսաստանի հետ տնտեսական կապերը էական դեր են խաղում Հայաստանի տնտեսական զարգացումներում, մասնավորապես՝ արտաքին առևտրում, դրամական փոխանցումներում, օտարերկրյա ներդրումներում և տուրիզմում։ 

2021 թվականի տվյալներով դեպի Ռուսաստան ապրանքների արտահանումը կազմել է Հայաստանի ընդհանուր արտահանման 28%-ը, Ռուսաստանից ներմուծումը՝ ընդհանուր ներմուծման 33%-ը։ 

Դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների զուտ ներհոսքում Ռուսատանից դրամական փոխանցումները կազմում են շուրջ կեսը, ինչն արտացոլում է սեզոնային աշխատողների մեծ հոսքը դեպի Ռուսաստան և հայկական մեծ համայնքի առկայությունը այս երկրում։ 

ՌԴ-ից ներդրումները ձևավորում են Հայաստանում կատարվող օտարերկրյա ներդրումների շուրջ 40%-ը: 

Բացի այդ, Հայաստանը հյուրընկալում է մեծաթիվ ռուս զբոսաշրջիկների, որի արդյունքում 2021 թվականին տուրիզմից ձևավորվող գումարների 40%-ը գոյացել է ՌԴ զբոսաշրջիկներին մատուցվող ծառայություններից։

Այս բոլոր օղակներով Հայաստան հոսող գումարների ծավալը, ըստ «Լույս»-ի փորձագետների հաշվարկների, տարիների ընթացքում որոշակիորեն նվազել են։ 

Ռուսաստանից կախվածությունը նվազման միտում է դրսևորել և, եթե 2014 թվականին Հայաստանը Ռուսաստանից նշված կապուղիներով ստանում էր մոտ 1.9 մլրդ դոլար միջոցներ, ապա 2021 թվականին այդ ցուցանիշը մոտ 200 մլն դոլարով նվազել է՝ կազմելով 1.7 մլրդ դոլար: Ընդ որում, եթե նախկինում այդ միջոցների առյուծի բաժինը կազմում էին դրամական փոխանցումները, ապա ներկայում Ռուսաստանից կախվածությունը դիվերսիֆիկացել է և մեծ դեր է սկսել խաղալ հատկապես արտահանումը։

Հաշվարկները ցույց են տվել, որ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները Հայաստանի տնտեսական աճը 2014-2019թթ. դանդաղեցրել են տարեկան միջին հաշվով 1․1 տոկոսային կետով։ Կորուստներն առավել զգալի են եղել 2015- 2016թթ., երբ բացասական ազդեցությունը միջին հաշվով կազմել է 1․4 տոկոսային կետ։ 

Տնտեսական աճի կորուստները առաջին հերթին բացատրվում են տրանսֆերտների, արտահանման և ներդրումների ավելի ցածր աճերով։

«Չնայած որոշակի դիվերսիֆիկացիային՝ արտահանման կառուցվածքի տեսանկյունից Հայաստանի դիմադրողականությունը ՌԴ տնտեսության շոկերի նկատմամբ էապես չի բարելավվել»,- նշված է հետազոտության մեջ։

Ռուսաստանից ներմուծումը արտահանման համեմատ առավել դիվերսիֆիկացված է ապրանքների բնույթի տեսանկյունից, քանի որ ներմուծվում են և՛ վերջնական սպառման, և՛ հումքային ու կապիտալ բնույթի ապրանքներ։

Ներմուծման տեսանկյունից Հայաստանը շարունակում է մեծ կախվածություն ունենալ հատկապես էներգակիրներից և հացահատիկից։ 

2022  թվականին Հայաստանի տնտեսական աճը կարող է լինել 1.3% աճից 3% անկման միջակայքում

Ըստ հետազոտության հեղինակների գնահատականների՝ ​​կախված Ռուսաստանի տնտեսական զարգացումների սցենարներից, 2022 թվականին ՀՀ տնտեսական աճը կարող է գտնվել 1.3% աճից 3% անկման միջակայքում: 

Ընդ որում, Հայաստանի տնտեսական աճի դանդաղումը պայմանավորող առաջնային գործոններից՝ արտահանումը, Ռուսաստանից դրամական փոխանցումները և օտարերկրյա ուղղակի ներդրումները կկրեն զգալի վնասներ։ Զգալի ռիսկեր կան, որ կմեծանա պետական պարտքը՝ խախտելով հարկաբյուջետային կանոնները։ 

Ռուսաստանից դեպի Հայաստան տնտեսական շոկի փոխանցումը, ըստ կանխատեսումների, կզուգորդվի նաև արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության համար գնաճային ազդեցություններով և այլ գործընկեր երկրների աճերի դանդաղմամբ։ 

«Կառավարությունը պետք է ավելի ագրեսիվ լինի իր հաղորդակցության և առանձին սպառողական շուկաներում գնային չարաշահումներ բացառելու քաղաքականությամբ, ինչով կօգնի ԿԲ-ին արդյունավետ պայքարել գնաճային սպասումների մեծացման դեմ»,- նշված է հետազոտության մեջ։

Ըստ հեղինակների՝ այս շոկերին դիմակայելու համար առաջնահերթորեն թիրախային գործիքների միջոցով պետք է աջակցել արտահանողներին (հատկապես գործունեության մեջ դեպի Ռուսաստան արտահանման համեմատաբար մեծ դեր ունեցող), սեզոնային աշխատողներին ու բնակչության սոցիալապես անապահով խմբերին, ինչպես նաև արդյունավետ հաղորդակցման միջոցով նվազեցնել անորոշությունները։ Անհրաժեշտ է շատ արագ իրականացնել 2022 թվականի ծախսային առաջնահերթությունների վերանայում և միջոցների վերաուղղում դեպի վերը նշված ուղղությունների։ 

Ստեղծված իրավիճակում Հայաստանի տնտեսության համար կան նաև դրական երևույթներ։ Դրանք են Ռուսաստանի տնային տնտեսությունների և ֆիրմաների վերակողմնորոշումը դեպի Հայաստան, ինչպես նաև հայաստանյան տնտեսավարողների համար որոշ նոր հնարավորությունների ի հայտ գալը:

7%-15%-ով տնտեսական անկում. Չինաստանը չի կարողանալու ամբողջապես փոխհատուցել Ռուսաստանի տնտեսության տեխնոլոգիական նահանջը

2022 թվականի փետրվարից Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները աննախադեպ լայն են։ Պատժամիջոցներն այնքան լայն են, որ թիրախավորում են ոչ միայն տնտեսական, այլև հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտները, այդ թվում՝ մշակույթ, կրթություն, առողջապահություն և այլն։ 

Պատժամիջոցների բազմաթիվ փաթեթները ընդգրկում են ռուս պաշտոնյաների ու քաղաքացիներ համար գործարքների արգելափակում, ճամփորդական արգելքներ, ֆինանսական ակտիվների սառեցում, տեխնոլոգիական, ռազմական նշանակության ապրանքների, ավիացիոն տեխնոլոգիաների, կիսահաղորդիչների, նավթային և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների դեպի ՌԴ արտահանման արգելքներ, 7 ռուսական բանկերի անջատում «SWIFT» ֆինանսական հաղորդագրությունների համակարգից և այլն։ 

«Ռուսաստանի տնտեսության վերաուղղումը դեպի Չինաստան չի կարողանալու ամբողջապես փոխհատուցել Ռուսաստանի տնտեսության տեխնոլոգիական նահանջը։ Բանը նրանումն է, որ ՌԴ տնտեսության առաջադեմ ճյուղերը, այդ թվում՝ նաև ՌԴ տնտեսության հենասյուներ հանդիսացող գյուղատնտեսությունն ու հանքագործությունը (նավթ, գազ, մետաղներ), հենված են արևմտյան տեխնոլոգիաների վրա, որոնց լիարժեք փոխարինումը Չինաստանից գոյություն չունի»,- նկատում են հետազոտության վերլուծաբանները։

Միջազգային կառույցներ, ինչպես՝ Fitch, Moody’s, JP Morgan, S&P, IIF գործակալությունները,  կանխատեսում են, որ 2022 թվականին Ռուսաստանի տնտեսությունը 7%-15%-ով անկում կապրի։ 

Բոլոր կանխատեսումների հիմքում հիմնականում ընկած է այն ենթադրությունը, որ ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կպահպանվեն երկար ժամանակ, իսկ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների և ռուս-ուկրաինական հակամարտության տևողությունը անորոշ է:

«2022 թվականին կիրառվող աննախադեպ լայնամասշտաբ պատժամիջոցների արդյունքում ՌԴ տնտեսությունը բախվել է 1990-ականներից ի վեր ամենախոշոր տնտեսական շոկին, որը երկարատև բացասական ազդեցություն կունենա ՌԴ տնտեսական ներուժի վրա, իսկ հետևանքների հաղթահարումը դանդաղ կընթանա»,- նկատում են հետազոտության հեղինակները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter