HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լույս է տեսել Լեւոն Ջավախյանի նոր գիրքը՝ «Ետ արի»

Լույս է տեսել է արձակագիր Լեւոն Ջավախյանի նոր գիրքը՝ «Ետ արի»։ Գրքի պատմվածների մեծ մասը հրապարակվել է «Հետքում»։

Ինչու՞ «Ետ արի»

Քնած էի։ Երբ արթնացա, 2022 թվականի մարտի 16֊ն էր։ Նայեցի ժամացույցին՝ չորսն անց էր յոթ րոպե։ Տեսածս երազի ազդեցության տակ էի... Գնացել էի բարեկամիս տուն։ Փոքրիկ սենյակ էր, որի տեսանելի դաշտը գրեթե ամբողջությամբ գրավում էր հնագույն ժամանակներից ժառանգված ահռելի գորգը։ Մութ տոներով գործված բրդյա տարաշխարհիկ գորգ էր՝ բնական գույներով, մեր Լոռվա աշխարհին անհայտ պատկերներով ու երկրաչափական նախշերով։ Ուղիղ մեջտեղը վերից վար դեղին գույնի թելերով նախշազարդված էր՝ ԵՏ ԱՐԻ։ Բարեկամիս ասի՝ ձեր տան ամենաթանկ բանը սա է։ Ասի՝ իսկ գիտե՞ս վրան գրածն ինչ ա նշանակում։ Ուսերը թոթովեց։ Լույս էր իջել վրաս։ Մի ներքին միտք ինձ թելադրում էր։ Ասի՝ նշանակում ա, որ քո նախնիններն էս գորգի միջոցով հղում են, որ միշտ մեզ հետ են, ձեր օձախում, սա նորքին կոչ է, ապրելու տենչ, բաղձանք՝ ետ գալու... Մեզ ետ են կանչում, որ իրենք առաջ գան։ Այս գորգը հավիտյանս ներկայություն է, որ ապահովում է անցյալի ու ապագայի կապը ժառանգների հետ... Սա նախնյաց կոչնակն է, հարատևության իղձը... Մենք միշտ պիտի իմանանք, թե որտեղից ենք գալիս և ուր ենք գնում, քանզի ետ գնալը նույնքան կարևոր է՝ որքան առաջ գնալը։ Սա նաև ինքնության հրամայականն է՝ չհեռանալ արմատներից...

Իմ այս գիրքն էլ սիրուն տառերով, փունջ-փունջ բառերով ու նախշուն տողերով հյուսված մի յուրահատուկ գորգ է, որի միջոցով փորձում եմ մոտ անցյալի դեպքերն ու իրադարձությունները կապել ներկա և ապագա սերունդների հետ։ Դրա համար էլ երեսին՝ ուղիղ մեջտեղը, դեղին գույնով վերից վար նախշազարդեցի՝ ԵՏ ԱՐԻ...

Այստեղ՝ գրքի էջերում, ակնթարթն է կանգ առել։
Հարահոս ժամանակին տրված՝ առաջ ենք գնում, մինչդեռ գիրքը կանչում է՝ ԵՏ ԱՐԻ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter