HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 54-րդ օրը (երեկոյան ամփոփում)

Արդեն 54-րդ օրն է՝ Ուկրաինայում շարունակվում են պատերազմական գործողությունները։ Ամփոփ՝ այն մասին, թե ինչ է եղել ապրիլի 18-ի ընթացքում։

Ուկրաինայում երկրորդ օրն է՝ չեն բացվում մարդասիրական միջանցքները

Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը։ Նա ռուսական զորքերին մեղադրել է նրանում, որ «խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը՝ չեն դադարեցնում մարդասիրական երթուղիների արգելափակումն ու գնդակոծությունը»։

Համացանցում հայտնվել են, ենթադրաբար, «Մոսկվա» հածանավի այրվելու կադրերը

Տեսանյութը մի քանի վայրկյանանոց է, որտեղ, ենթադրաբար, նավաքարշման ժամանակ այրվում է «Մոսկվա» հածանավը։ 

Meduza-ի տվյալներով՝ զոհվել է «Մոսկվա» հածանավի անձնակազմի 37 անդամ 

Պարբերականին նման տվյալներ է փոխանցել իր աղբյուրը, որը մոտ է ՌԴ Սևծովյան նավատորմի հրամանատարությանը։ Մոտ 100 մարդ էլ վիրավորվել է։ Կան նաև անհետ կորածներ, որոնց ճշգրիտ թիվն անհայտ է։ Ընդհանուր առմամբ, ըստ Meduza-ի զրուցակցի, նավի վրա եղել է մոտ 500 մարդ։

ՌԴ ՊՆ-ն տվյալներ չի հայտնում զոհերի մասին։ Գերատեսչությունում հայտարարել են, որ հածանավի «ամբողջ անձնակազմը» տարհանվել է։

Ուկրաինացի զինվորականները կիրառել են արգելված կասետային ռումբեր

Ուկրաինացի զինվորականները կիրառել են արգելված կասետային ռումբեր Խարկովի մարզի Գուսարովկա գյուղի ռմբակոծման ժամանակ։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ դա տեղի է ունեցել մարտի 6-7-ը, երբ ուկրաինացի զինվորականները փորձել են գյուղը հետ գրավել ռուսաստանցի զինվորականներից։ Պարբերականի լրագրողները եղել են Գուսարովկայում և ուսումնասիրել արկերի մնացորդները։ Նրանք հանգել են այն եզրակացության, որ խոսքը համազարկային կրակի «Ураган» համակարգերի համար նախատեսված կասետային ռումբերի մասին է։

Google-ն իր քարտեզների վրա դադարեցրել է թաքցնել ռուսական գաղտնի օբյեկտները

Այդ մասին գրում է УНИАН-ը։ Ռուսաստանի ռազմական և ռազմավարական օբյեկտները հիմա տեսանելի են Google Maps-ում՝ առավելագույն տեսանելիության պայմաններով։ Մյուս երկրների նմանատիպ օբյեկտները տեսանելի չեն։

ՌԴ ԱԳՆ-ն պերսոնա նոն գրատա (անցանկալի անձ) է ճանաչել Մոսկվայում Բուլղարիայի դեսպանության մի քանի աշխատակիցների

Ռուսական կողմն այդ քայլին դիմել է ի պատասխան Բուլղարիայից դեռ այս տարվա մարտին ռուսաստանցի 9 դիվանագետների արտաքսման։ 

Բուլղարիայից ռուսաստանցի դիվանագետներն արտաքսվել էին «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության համար»։

Պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինան լքել է 4 934 415 մարդ

Նման վիճակագրություն է հրապարակել ՄԱԿ-ը։ Վերջին մեկ օրվա ընթացքում այդ երկիրը լքել է 50 հազարից մի փոքր քիչ մարդ։ Գրեթե 2,8 միլիոնը մեկնել է Լեհաստան, 743 հազարը՝ Ռումինիա, 522 հազարը՝ Ռուսաստան, 462 հազարը՝ Հունգարիա, 424 հազարը՝ Մոլդովա, 337 հազարը՝ Սլովակիա և 22 հազարը՝ Բելառուս։

Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պետր Անդրյուշենկոն՝ քաղաքում առկա իրավիճակի մասին

  • Ողջ օրը մարտեր են ընթացել Լևոբերեժնու շրջանում։ Ռուսաստանցիները շարունակում են բոլոր տեսակի զենքերով գնդակոծել և ռմբակոծել «Азовсталь»-ը՝ «քաղաքի պաշտպանների վերջին հենակետը»։
  • Ռուսաստանը թակարդ էր պատրաստել, երբ Մարիուպոլի պաշտպաններին առաջարկել էր տարհանման միջանցքով լքել քաղաքը, որը նշված էր կարմիր դրոշակներով: «Ոչ մի գծանշում այդպես էլ չէին արել»։

Ապրիլի 20-ից Paramount-ը կդադարեցնի իր հեռուստաընկերությունների հեռարձակումը Ռուսաստանում

Այդ մասին հայտնում է vc.ru-ն։ Ընկերությունն այդ մասին հայտարարել էր դեռ մարտին, իսկ հիմա հայտնի է դարձել կոնկրետ օրը։ 

Paramount-ի կազմում են այնպիսի հեռուստաընկերություններ, ինչպիսիք են  Nickelodeon-ը, Nick Jr.-ը, NickToons-ը, Paramount Comedy-ն, ինչպես նաև MTV Russia-ն և MTV Live HD-ն։

Ավելի վաղ, Discovery ընկերությունը Ռուսաստանում դադարեցրել էր իր 15 կաբելային հեռուստաալիքների հեռարձակումը, որոնց թվում էին նաև Discovery Channel-ը և Animal Planet-ը։

Լուսանկարը՝ AP PHOTO/FELIPE DANA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter