HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 55-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Արդեն 55-րդ օրն է՝ Ուկրաինայում շարունակվում են պատերազմական գործողությունները։ Ամփոփ այն մասին, թե ինչ է եղել նախորդ գիշերվա ընթացքում։

Եվ այսպես Վլադիմիր Զելենսկին գիշերը հայտարարել է, որ ռուսական զորքերը Դոնբասում վերսկսել են հարձակումը։ Ի՞նչ է կատարվում ռազմաճակատի տարբեր հատվածներում։

Զելենսկու խոսքով՝ ռուսական զորքերը սկսել են Դոնբասի համար մարտերը, որոնց այդքան երկար պատրաստվում էին։ «Ռուսական զորքերի էական մասը կենտրոնացված է հարձակման համար։ Ինչքան էլ այնտեղ զինվորականների ուղարկեն, մենք կպաշտպանվենք։ Կպայքարենք։ Որևէ ուկրաինական բան չենք տա»,- հայտարարել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը ևս հայտարարել են, որ սկսվել է պատերազմի երկրորդ փուլը։

Ռուսական բանակը հարձակվում է Զապորոժյեի մարզի Գուլյայպոլյե քաղաքի և Նիկոլաևի ուղղությամբ։ Գուլյայպլոլյեն հրթիռակոծվում է, իսկ դրա մատույցներում ընթանում են կատաղի մարտեր։

Նիկոլաևի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը հայտարարել է պայթյունների մասին։ УНИАН-ը ևս հայտնում է հրթիռակոծության հետևանքով վիրավորների մասին։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ երկրի արևելքում ռուսական զորքերի հիմնական ներուժը կենտրոնացած է Ռուբեժնոյե, Պոպասնայա և Սևերոդոնեցկ քաղաքների ուղղությամբ։ Նրա խոսքով՝ հակառակորդի նպատակները պարզ են, բայց Ուկրաինան տալիս է արժանի հակահարված։

Պենտագոն. Ռուսաստանը մեծացնում է Ուկրաինայի հարավի և արևելքի հրթիռակոծումն ու ավիահարվածները

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Մարիուպոլում ռուսական զինվորականների ակտիվությունը չի թուլանում, սակայն քաղաքի ուկրաինացի մարտիկները շարունակում են պահել պաշտպանությունը։

«Մենք շարունակում են հետևել նրանց՝ Դոնբասի ուղղությամբ և հարավում, հատկապես Մարիուպոլի շուրջ և ներսում, ավիահարվածների ու հրետանու կենտրոնացումը»,- ասել է Քիրբին։ 

Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ ռուսական հրամանատարությունը ստեղծում է պայմաններ Ուկրաինայի արևելքում առավել մասշտաբային հարձակման իրականացման համար։ 

Իր հերթին The New York Times-ն էլ գրում է, որ չնայած Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ Ուկրաինայի արևելքում ռուսական զորքերը սկսել են հարձակումը, տեղի ունեցողը կարող է լինել միայն առավել մասշտաբային հարձակման շարունակվող նախապատրաստություն։ 

Ինչպես կարծում են վերլուծաբանները, ռմբակոծությունների մի մասն ուղղված է եղել նրան, որ ուկրաինական զորամասերին թույլ չտրվի լքել Խարկովը և մյուս քաղաքները, ինչպես նաև ուկրաինացիները չկարողանան Դոնբաս տեղափոխել լրացուցիչ ուժեր։

Ուկրաինացի բարձրաստիճան զինվորականներից մեկն ամերիկյան պարբերականին հայտնել է, որ ուժերի տեղաշարժը դեռևս շարունակվում է և «երկուշաբթի օրը նկատված տեղաշարժը չի համապատասխանել սպասվող լայնամասշտաբ հարձակմանը»։

NYT-ն նշում է, որ չնայած մարդկային և տեխնիկական մեծ կորուստների, ինչպես նաև լոգիստիկ ակնհայտ դժվարություններին, Ռուսաստանը նախկինի պես ունի ավելի շատ ռազմական ռեսուրսներ, քան Ուկրաինան։

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունը հայտարարել է «Азовсталь»-ի գրոհի մեկնարկի մասին

«Ինչքանով ինձ հայտնի է, մասամբ գրոհային խմբերը, որոնք հատուկ ընտրվել են այս օբյեկտի գրոհի համար, արդեն անցել են իրենց աշխատանքին։ Դրանում մեզ լավ օգնում է Ռուսաստանի Դաշնությունը՝ ավիացիայով և հրետանիով»,- հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ժողովրդական ոստիկանության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։

Այսօր ևս մարդասիրական միջանցնքերը չեն գործի

Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը։ 

Միջանցքները փակ են արդեն երրորդ օրը շարունակ։

Խարկովի մարզում հրթիռակոծության հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 17-ը վիրավորվել

Այդ մասին հայտարարել է Խարկովի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ 

«Մեզ մոտ նորից համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից և հրետանուց հրետահրթիռակոծություններ են եղել, նորից Սալտովկան, Սևերնայա Սալտովկան<...>, ինչպես նաև Խարկովի պատմական կենտրոնը»,- ասել է Սինեգուբովը։

Նրա խոսքով՝ քաղաքի բնակչության կազմակերպված տարհանման հիմքեր դեռևս չկան։

Բելգորոդի մարզի նահանգապետը հայտարարել է Ուկրաինայի տարածքից ռմբակոծության մասին

Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ ռմբակոծման է ենթարկվել Գոլովչինո գյուղը։ Նահանգապետը նշել է, որ տեղի ունեցածի հետևանքով տուժել է մեկ բնակչուհի։

Դնեպրոպետրովսկի մարզի իշխանությունները հայտնել են գիշերային հրթիռակոծությունների մասին

Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն հայտարարել է, որ ռուսական զորքերը «Град»-ից հրթիռակոծել են Զելենոդոլսկը։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Կրիվոյ Ռոգի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը հայտնել է, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից և հրետանուց արկակոծվել է ոչ միայն Զելենոդոլսկը, այլև Մարյանսկոյե և Վելիկայա Կոստրոմկա գյուղերը։ Վիլկուլի խոսքով՝ զոհեր չկան։

Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը մարզի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել

«Մտածելու ժամանակ չի մնացել։ Որոշումը պետք է արագ կայացնել»,- գրել է Գայդայը։ Նա նշել է, որ «Կրեմենայայում հազարավոր մարդիկ չեն հասցրել տարհանվել և հիմա ռուսաստանցիներին պատանդ են մնացել»։

Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանում ռուսական խոշորագույն բանկերի և ֆինանսական հաստատությունների նկատմամբ

Այդ մասին հայտարարել է Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Նանայիյա Մահուտան։ 

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան մտադիր չէ ՄԱԿ-ում նախաձեռնել Բուչայի դեպքերի միջազգային հետաքննություն

Պատճառն այն է, որ ռուսական կողմը կասկածներ ունի քննության անկողմնակալության նկատմամբ։

ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր հայտարարելու հնարավորության հարցը

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Մենք ուշադրությամբ ուսումնասիրում ենք փաստերը։ Մենք ուշադրությամբ ուսումնասիրում ենք օրենքը։ <...> Եթե դա օրենսդրորեն հնարավոր լինի, մենք կընդունենք այն, եթե դա լինի արդյունավետ և տեղին»։

Էմանուել Մակրոնը բացատրել է, թե ինչու շուտվանից Պուտինի հետ հեռախոսազրույց չի ունեցել

«Զանգվածային սպանություններից հետո, որոնք մենք հայտնաբերել ենք Բուչայում և մյուս քաղաքներում, պատերազմն ընդունել է այլ շրջադարձ, այդ իսկ պատճառով ես այլևս ուղի չեմ խոսել, բայց չեմ բացառում, որ դա ապագայում կանեմ»,- France 5 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Պատերազմի առաջին օրերին Մակրոնը պարբերաբար հեռախոսազրույց էր ունենում Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ Նա ասում էր, որ այդպես փորձում է կանգնեցնել պատերազմը։

«Մենք միշտ պետք է պատրաստվենք վաղվա օրվան, խաղաղությանը, և դա անհնարին է անել առանց մյուս կողմի հետ քննարկման։ Մենք կոչված ենք լինելու այդ վաղվա օրվա երաշխավորների թվում»,- հավելել էր Մակրոնը։

Մակրոնը նաև ընդգծել էր, որ Ռուսաստանը Եվրոպայում է և «պետք է անել ամեն ինչ, որ վերջ դրվի այս պատերազմին, առանց պատերազմ սանձազերծելու, այլ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելով»։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter