
Քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության համար նոր օրենսդրական կարգավորում է ներկայացվել
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Անդրանիկ Քոչարյանն ու Արմեն Խաչատրյանը փոփոխություններ են առաջարկում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում՝ նոր կանոններ սահմանելով քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության համար:
Ըստ նախագծի՝ քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 21 տարին լրացած քաղաքացին՝ ոստիկանությունից ստացած համապատասխան թույլտվության պարագայում:
Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել, գրանցել և հաշվառել ոչ ավելի, քան 10 միավոր քաղաքացիական զենք, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ դրանք ցուցադրելու համար՝ անսահմանափակ թվով հրազեն և մարտական սառը զենք: Ձեռք բերված զենքը ձեռքբերման օրվանից հաշված 10 աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է գրանցման և հաշվառման ոստիկանությունում: Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար քաղաքացին պարտավոր է ոստիկանություն ներկայացնել վերջինիս կողմից սահմանված դիմում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր:
Առաջին անգամ քաղաքացիական զենք ձեռք բերող քաղաքացին պարտավոր է Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված հաստատություններից մեկում անցնել զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), ինչպես նաև զենքի հավաքածու կազմելու և դրանք ցուցադրելու անվտանգության կանոնների կարճաժամկետ պարապմունքներ և քննություն հանձնելուց հետո ստանալ համապատասխան հավաստագիր, որի առկայության դեպքում է միայն ոստիկանությունը քաղաքացուն տրամադրում զենք ձեռք բերելու թույլտվություն:
Զենք կրելու թույլտվություն չի տրվում բժշկական կազմակերպություններում որպես հոգեկան խանգարում ունեցող, ալկոհոլամոլ կամ թմրամոլ հաշվառման մեջ գտնվող անձանց, ինչպես նաև այլ հիվանդություններ ունեցող անձանց (հիվանդությունների ցանկը սահմանում է Կառավարությունը).
- դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց, ում դատվածությունն oրենքով uահմանված կարգով հանված կամ մարված չէ,
- հանցագործություն կատարելու համար պատիժ կրող անձանց,
- այն անձանց, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում (մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը անմեղության հիմքով կամ արդարացման դատավճռի կայացումը),
- դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց,
- զենքի շրջանառության կանոնները խախտած անձանց՝ մինչև վարչական տույժի ժամկետի լրանալը,
- մեկ տարվա ընթացքում կրկնակի հասարակական կամ կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտում կատարած անձանց,
- Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում չհաշվառված անձանց,
- կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտում թույլ տալու կամ ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հիմքերով հաշվառման մեջ գտնվող անձանց:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օրինական հիմքով իրենց մոտ գտնվող զենքը կարող են գործադրել իր և (կամ) այլոց կյանքի, առողջության և սեփականության պաշտպանության համար միայն անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Զենքի գործադրմանը պետք է նախորդի այդ մասին այն անձին պարզորոշ նախազգուշացնելը, ում նկատմամբ գործադրվում է զենքը, բացառությամբ այն դեպքերի, երբ գործադրման ձգձգումը կարող է անմիջական վտանգի տակ դնել մարդկանց կյանքը, առողջությունը և (կամ) սեփականությունը: Անհրաժեշտ պաշտպանության դեպքում զենք գործադրելը չպետք է վնաս պատճառի կողմնակի այլ անձանց:
Որպես քաղաքացիական զենք է բնորոշվում այն զենքը, որը նախատեսված է քաղաքացիների ինքնապաշտպանության, սիրողական հրաձգության, որսորդության, սպորտային ու մշակութային միջոցառումների, ինչպես նաև ռազմամարզության ընթացքում օգտագործելու համար: Քաղաքացիական զենք համարվող հրազենը պետք է իր կառուցվածքով բացառի կրակահերթով կրակելու հնարավորությունը:
Նախագծի համահեղինակ Վիլեն Գաբրիելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ շուրջ 4-5 ամիս է՝ քննակվում է նման նախագիծ ներկայացնելը, իսկ նպատակը՝ զենքի շրջանառության ոլորտում հարաբերությունները կարգավորելն է:
Պատգամավորը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է նման նախագիծ շրջանառության մեջ դնելու մասին՝ կոչ անելով քաղաքացիներին հայտնել իրենց դիրքորոշումը: Քաղաքացիներն ինչպես ողջունել են, այնպես էլ մտահոգություն հայտնել, որ այս կերպ իշխանությունները փորձում են սահմանների պաշտպանության հարցը թողնել քաղաքացիների պատասխանատվության ներքո:
«Նման հարցադրումներն անհիմն եմ համարում ու ընդհանրապես էմոցիոնալ դաշտի հարցադրումները չեմ ցանկանա մեկնաբանել: Ես բաց եմ քննարկման համար նրանց հետ, ովքեր ուսումնասիրել են նախագիծը և բովանդակային, այլ ոչ թե էմոցիոնալ դաշտում են փաստարկներ ներկայացնում»,- արձագանքեց պատգամավորը:
Գաբրիելյանը հիշեցրեց, որ գործող օրենքով 18 տարեկան ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, դառնալով Որսորդ միության անդամ, ձեռք է բերում ողորկափող հրազեն, և միայն հինգ տարի անց կարող է ձեռք բերել ակոսափող հրազեն: Իսկ առաջարկվող նախագծով՝ այլևս պարտադիր չէ լինել Որսորդ միության անդամ զենք ունենալու թույլտվություն ստանալու համար:
«Սահմանվում է քննական կարգ ու բուժզննում. մոտավորապես վարորդական իրավունք ստանալու նման գործընթաց՝ և՛ տեսական, և՛ գործնական:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ զենք ձեռք բերելը ֆինանսապես ոչ բոլորի համար է հասանելի լինելու, ինչպես է պատգամավորը պատկերացնում խնդրի լուծումը, Վիլեն Գաբրիելյանն ասաց.
«Գործող օրենքը զենքի ներմուծման և վաճառքի պարագայում որոշակի սահմանափակումներ է դնում, իսկ նոր նախագծով այդ սահմանափակումները դուրս են մնում: Դաշտը որոշակի առումով կազատականացվի, ինչը կբերի քաղաքացիական զենք-զինամթերքի գների իջեցման»:
Վիլեն Գաբրիելյանի խոսքով՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը, որն ընդունվել է 1998 թվականին, մինչ օրս որևէ բովանդակային փոփոխության չի ենթարկվել և չի արտացոլում եղած հանրային հարաբերությունները և վերաբերմունքը զենքի նկատմամբ, որը կա հանրության մեջ: Պատգամավորն ասում է՝
նախագիծը չի կարող ենթադրել բանակի դերը գերազանցող գործառույթ, քանի որ զինված ուժերն են զբաղվում սահմանների պաշտպանությամբ, նման նախագիծ հեղինակելու նպատակը բխում է քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքից:
Մեկնաբանել