HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 55-րդ օրը (երեկոյան ամփոփում)

Արդեն 55-րդ օրն է՝ Ուկրաինայում շարունակվում են պատերազմական գործողությունները։ Ամփոփ՝ այն մասին, թե ինչ է եղել ապրիլի 19-ի ընթացքում։

Իրավիճակը շարունակում է թեժ մնալ Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում, որը շրջափակված է ռուսական զորքերի կողմից։

«Ազով» գնդի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամիրը հայտարարել է, որ «Азовсталь» գործարանը ռմբակոծվել է և գրեթե ամբողջությամբ ոչնչացվել։

«Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությունում Պալամիրը նշել է, որ գործարանի ուղղությամբ նետվում են «գերհզոր ռումբեր», իսկ փլատակների տակ գտնվում են «մեծ թվով մարդիկ»։

Գործարար Սերգեյ Տարուտան էլ հայտարարել է, որ ռուսաստանցիները հզոր ռումբ են նետել «Азовсталь»-ի շրջանում գտնվող հիվանդանոցի վրա։

«Իմ տեղեկություններով, փլատակների տակ է մոտ 300 մարդ, որոնց թվում կան երեխաներ։ Հիվանդանոցի պահպանված հատվածում վիրավորվել են պաշտպանները, և թաքնվել էին իրենց երեխաների հետ մարիուպոլցիները»,- գրել է Տարուտան։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը ցանկանում է իր ժողովրդին, որպես հաղթանակ, «վաճառել» Դոնեցկի և Լուգանսկի վարչական սահմաններ ելքը։

Նրա խոսքով՝ ռուսական զորքերը փորձում են առաջ շարժվել Իզյումից և շրջափակել Ռուբեժնոյեն, Սևերոդոնեցկը և Պոպասնայան։

Արեստովիչը հիշեցրել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը, որ ուկրաինացի զինվորականների սպանությունը, որոնք մնացել են Մարիուպոլում, «վերջակետ կդնի բոլոր բանակցություններում»։ Ընդ որում, Արեստովիչն ընդգծել է, որ «ռուսական զորքերը չեն կարողանում գրավել Մարիուպոլը»։

Կանադան պատժամիջոցներ է սահմանել ևս 14 ռուսաստանցու նկատմամբ։

Նրանց թվում են Վլադիմիր Պուտինի ենթադրյալ դուստրերը՝ Կատերինա Տիխոնովան և Մարիա Վորոնցովան, ինչպես նաև Սերգեյ Լավրովի կինը՝ Մարիա Լավրովան և դուստրը՝ Եկատերինա Վինոկուրովան։

Պատժամիջոցների ցանկում հայտնվել են նաև Պյոտր Ավենը, Օլեգ Բոյկոն, Միխայիլ Ֆրիդմանը, Միխայիլ Գուցերիևը, Իգոր Մակարովը, Էլվիրա Նաբիուլինան, Սերգեյ Ռոլդուգինը, Ալեքսանդր Տորշինը, Գերման Խանը և Ալեքսանդր Պոնոմարենկոն։

Փոխարենը Ռուսաստանը պատրաստվում է դատական հայցեր ներկայացնել արտասահմանում իր միջազգային ռեզերվների սառեցման համար։

Ավելի վաղ, ՌԴ-ն պատժամիջոցների պատճառով զրկվել էր իր ռեզերվների մոտ կեսից (300 միլիարդից մինչև 640 միլիարդ դոլար)։

Իր հերթին Եվրամիությունն էլ հայտարարել է, որ պատրաստ է դատական գործընթացի մեջ մտնել Ռուսաստանի դեմ։

Ռուսաստանը նաև սկսել է օտարերկրյա դիվանագետների հայելային արտաքսման գործընթացը։

Այսպես, ТАСС գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանն արտաքսում է Ավստրիայի դեսպանության չորս աշխատակցի։ Այդպիսի որոշումը կայացվել է ի պատասխան Ավստրիայում ռուսաստանցի դիվանագետներին պերսոնա նոն գրատա հայտարարելուն։

Մոսկվան հայտարարել է նաև ՌԴ-ում Բելգիայի դեսպանության մի քանի աշխատակիցներին արտաքսելու մասին։ Նրանք ստիպված կլինեն Ռուսաստանը լքել մինչև մայիսի 3-ը։

Բացի այդ, Ռուսաստանը կարտաքսի նաև հոլանդացի 15 դիվանագետի։ Ինչպես ընդգծելեն ՌԴ ԱԳՆ-ում, դա իրականացվում է ի պատասխան Նիդերլանդներում ռուսաստանցի 18 դիվանագետի արտաքսման։

Զուգահեռաբար, Նիդերլանդները համաձայնել է զրահատեխնիկա ուղարկել Ուկրաինա:

Այդ մասին հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Կիևի մարզում շարունակվում է սպանված քաղաքացիական բնակչության դիակների ճանաչման գործընթացը։

Կիևի մարզի ոստիկանության ղեկավարի խոսքով՝ միայն Բուչայում հայտնաբերվել է 420 խաղաղ բնակչի դիակ։

Украинская правда-ի փոխանցմամբ էլ՝ մարզային ոստիկանության ղեկավար Անդրեյ Նեբիտովը նշել է, որ Կիևի մարզի այն տարածքներում, որոնք նախորդ ամիս եղել են ռուսական զորքերի վերահսկողության տակ, զոհվել է ավելի քան 1000 խաղաղ բնակիչ։

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը հայտարարել է գերիների փոխանակման 5-րդ փուլի մասին։

Ուկրաինա է վերադարձել 60 զինծառայող, այդ թվում՝ 10 սպա և 16 քաղաքացիական անձ։

Թե որքան գերիներ են վերադարձել Ռուսաստան, Վերեշուկը չի նշել։ Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել գերիների փոխանակումը։

Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ուղարկել ռազմական դրության երկարաձգման մասին օրենսդրական նախագիծը։

Ռազմական դրության գործող ռեժիմն ավարտվում է ապրիլի 25-ին։

Շարունակվում է նաև Ռուսաստանից արտասահմանյան ընկերությունների դուրս գալու գործընթացը։ Այսօր նման մտադրության մասին հայտարարել է Henkel-ը։

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Henkel-ը կաշխատի ռուսական թիմի հետ միասին, որպեսզի նախապատրաստի գործընթացի դետալները։ ՌԴ-ում 2,5 հազար աշխատակից կշարունակի աշխատել և աշխատավարձ ստանալ։

Henkel-ի ամենահայտնի ապրանքանիշների ցանկում են Schwarzkopf-ը, Syoss-ը, Perwoll-ը, Losk-ը, Ceresit-ը, Vernel-ը, Fa-ն, Persil-ը, Bref-ը, Pril-ը, Moment սոսինձը։ 

Henkel-ը Ռուսաստանում գործում էր 1992 թվականից։

Լիտվան արգելել է գեորգևյան ժապավենի, V և Z նշանների հանրային օգտագործումը։

Այդ խորհրդանիշների հանրային օգտագործման համար ֆիզիկական անձինք կտուգանվեն 300-700 եվրոյի չափով։

Եվրամիությունը կծածկի Ուկրաինայի հետպատերազմական վերականգնման ծախսերի մեծ մասը։

Ինչպես գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, այդ նպատակով կստեղծվի համերաշխության հիմնադրամ։ Այդ հիմնադրամը, Ուկրաինայի կառավարության հետ համաձայնեցնելով, կֆինանսավորի ներդրումներն ու բարեփոխումները։

Հիմնադրամի գումարային ծավալը դեռևս հայտնի չէ, քանի որ պատերազմը դեռևս չի ավարտվել, սակայն մոտավորապես խոսքը գնում է հարյուրավոր միլիարդ եվրոների մասին։

Իր հերթին Ֆրանսիան մտադիր է ԵՄ գործընկերներին համոզել տնտեսական պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի մատակարարումների վրա։

Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը Europe-1 ռադիոկայանի եթերում։

«Այն ֆոնին, թե ինչ է հիմա կատարվում Դոնբասում, անհրաժեշտ է, ինչպես երբեք դադարեցնել Ռուսաստանից նավթի մատակարարումը։ Դա այն է, ինչ մենք պատրաստում ենք։ Ֆրանսիայի նախագահը հստակ հայտարարել է այդ մասին, որ մենք փորձում ենք մեր եվրոպացի գործընկերներին համոզել, որ դադարեցվի ռուսական նավթի մատակարարումը։ Որովհետև նավթի մատակարարման դադարեցումը կհարվածի Ուկրաինայում պատերազմի ֆինանսավորմանը»,- հայտարարել է Լե Մերը։

Ըստ նրա՝ դա առաջիկա շաբաթների խնդիրն է։ 

«Ես վստահ եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում մենք մեր եվրոպացի գործընկերներին կհամոզենք դադարեցնել ռուսական նավթի ներկրումը»,- եզրափակել է ֆրանսիացի նախարարը։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter