
Վահրամ Դումանյանն ու ՌԴ մշակույթի նախարարը համագործակցության ծրագիր են ստորագրել
Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար Ալլա Մանիլովան: Այս մասին հաղորդում է ԿԳՄՍ հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2022 թ. նախատեսվող «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառմանը: Նախարար Օ. Լյուբիմովան առաջարկել է ծրագրի բացումը կազմակերպել 2022 թ. հունիսի 10-ին Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայում: Նա հատկապես կարևորել է միջոցառմանը Կոմիտասի անվան պետական լարային քառյակի մասնակցությունը և նշել, որ երկու կողմերի կազմակերպիչները մշտապես ուղիղ կապի մեջ են միմյանց հետ՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով:
Նախարար Վ. Դումանյանը կարևորել է երկու պետությունների միջև մշակութային համագործակցության ընդլայնումը և դրա նպատակով «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակույթի բնագավառում համագործակցության» ծրագրի ստորագրումը, որը հստակ սահմանում է առաջիկա տարիների առանցքային ուղղությունները: Նա ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունն է հայտնել 2022 թ. ընթացքում Հայաստանում հյուրընկալել «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» միջոցառումը:
Հանդիպման շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակույթի բնագավառում համագործակցության» ծրագիրը:
Մեկնաբանել