HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 56-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Արդեն 56-րդ օրն է՝ Ուկրաինայում շարունակվում են պատերազմական գործողությունները։ Ամփոփ այն մասին, թե ինչ է եղել նախորդ գիշերվա ընթացքում։

Առավոտյան ամփոփումն սկսենք տնտեսական նորություններից։ 

Ճապոնական Toshiba կորպորացիան դադարեցնում է Ռուսաստան նոր պատվերների ընդունումն ու Ռուսաստանում ներդրումները։

«Մենք շատ մտահոգված ենք Ուկրաինայում տիրող իրավիճակով և մեծ կարեկցանք ենք տածում այդ հակամարտության զոհերի հանդեպ։ Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին և շատ հույս ունենք հակամարտության շուտափույթ դադարեցման»,- նշվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։

Danone-ը դադարեցրել է Ռուսաստան Evian ջրի և Alpro ապրանքների մատակարարումը։

Ֆրանսիական Danone ընկերությունը դադարեցրել է Evian և Alpro ապրանքանիշների արտադրանքի մատակարարումը Ռուսաստան։ Այդ ապրանքանիշների տակ արտադրվում է խմելու ջուր և բուսական կաթ։ 

S7 Airlines-ը և Oneworld ալյանսը ապրիլի 19-ից որոշել են դադարեցնել ավիաընկերության մասնակցությունը ալյանսին։

Այդ մասին РБК-ին հայտնել են ավիաընկերությունից։ Դա պայմանավորված է նրանով, որ բիզնես գործակցությունը կրճատվել է՝ ռուսական ավիաընկերության նկատմամբ առկա սահմանափակումների պատճառով։

Oneworld ալյանսը միավորում է առաջատար մի քանի ավիաընկերությունների և մոտ 30 դուստր փոխադրողների։ S7-ը միացել էր 2010 թվականին։

Netflix-ը հայտարարել է, որ ռուսական շուկայից հեռանալուց հետո զրկվել է 700 000 բաժանորդներից։

Բացի այդ, 2022 թվականի առաջին եռամսյակում ծառայությունը կորցրել է ևս 200 000 բաժանորդի՝ շուկայում գնաճի և մրցակցության պատճառով։ Համաձայն կանխատեսումների՝ երկրորդ եռամսյակում բաժանորդների թվի կրճատումը կհասնի մինչև երկու միլիոնի։

Netflix-ի հաշվետվությունից հետո ընկերության բաժնետոմսերն ընկել են ավելի քան 25 %-ով, իսկ դրա շուկայում կապիտալիզացիան կրճատվել է մոտ 40 միլիարդ դոլարով։

Վերադառնանք ռազմաճակատում առկա իրավիճակին։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ուկրաինական ռազմաճակատում առկա իրավիճակի վերաբերյալ հերթական տեղեկագիրը։

  • Ռուսաստանը շարունակում է մեծացնել ռազմական ներկայությունը Ուկրաինայի արևելյան սահմանին։ Դոնբասում մարտական գործողությունները ուժեղանում են, ռուսական զորքերը փորձում են կոտրել Ուկրաինայի պաշտպանությունը։
  • Ուկրաինայի հյուսիսում ռուսական ավիացիայի ակտիվությունը, հավանաբար, ցածր կլինի՝ Կիևի հյուսիսից հեռանալուց հետո։ Սակայն Ուկրաինայի ողջ տարածքում պահպանվում առաջնային օբյեկտներին բարձր ճշգրտության հարվածների հասցման ռիսկը։
  • Ուկրաինայի ողջ տարածքում քաղաքների ուղղությամբ ռուսական հարձակումները միտված են դեպի երկրի արևելք ուկրաինական ստորաբաժանումների և սպառազինության տեղաշարժի խոչընդոտին։

«Азовсталь»-ում ուկրաինացի հինգ զինծառայող զենքը ցած է դրել և դուրս եկել գործարանի տարածքից։

Այդ մասին պնդում են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ժողովրդական ոստիկանության ներկայացուցիչները։

Ապրիլի 19-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը «լռության ռեժիմ» էր մտցրել գործարանի շուրջ՝ առաջարկելով այնտեղ արգելափակված զինվորականներին հանձնվել։ Այդ առաջարկին որևէ մեկը չէր արձագանքել։ Ռուսաստանի առաջին ալիքը հայտնել էր, որ մարդասիրական միջանցքով «Азовсталь»-ի տարածքից դուրս է եկել 120 քաղաքացիական անձ։ Ուկրաինական կողմն այդ պնդումը կեղծ էին անվանել։

Փոխարենը Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը հայտարարել է, որ Մարիուպոլում մարդասիրական միջանցքի պայմանավորվածություն է ձեռքբերվել կանանց, երեխաների և ծերերի համար։ 

Այն կբացվի ապրիլի 20-ին Կիևի ժամանակով 14:00-ին (Երևանի ժամանակով 16:00-ին)։ Շարասյունը կշարժվի Մարիուպոլ-Մանգուշ-Բերդյանսկ-Տոկմամ-Օրեխով-Զապորոժյե երթուղով։ 

Վերջին երեք օրերին Ուկրաինայում չէին գործում մարդասիրական միջանցքները։ Մարիուպոլից բնակիչներին դուրս գալ չէին թողել ապրիլի 11-ից։

Ռուսաստանցի թենիսիստներին թույլ չեն տա մասնակցել Ուիմբլոդոնին։

Այդ մասին գրում է Sportico պարբերականը։ Բացի այդ, Մեծ սաղավարտի գլխավոր մրցաշարերից մեկին չի կարողանա մասնակցել աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը և ութերորդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը, որոնք դեմ են հանդես եկել Ուկրաինայում պատերազմին։ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշևը հայտարարել է, որ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիան չի կարող ազդել այդ որոշման վրա։

The New York Times-ն էլ գրում է, որ Ուիմբլդոնին թույլ չեն տա մասնակցել նաև Բելառուսի մարզիկներին։ 

Այս ժամի քաղաքական անցուդարձի գլխավոր նորությունները երկուսն են. 

Նախ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը կորցրել է վստահությունը ուկրաինացի բանագնացների նկատմամբ:

«Մի մարդու գրասենյակի կողմից, որն իրեն անվանում է Ուկրաինայի նախագահ և ունի համապատասխան իրավասություններ, բանակցություններ անցկացնելու խնդրանք է հնչել։ Ռուսաստանը չի մերժել այդ խնդրանքը։ Հաջորդիվ Կիևի ռեժիմի կողմից, ինչպես միշտ, սուղղակիորեն և անուղղակիորեն սկսվել է կրկեսը. մեկ գալիս են, մեկ չեն գալիս, մեկ մասնակցում են, մեկ չեն մասնակցում»։

Եվ երկրորդը՝ եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Կիև։

Այդ մասին նա հրապարակում է արել իր թվիթերյան միկրոբլոգում։ 

«Այսօր Կիևում եմ։ Ազատ և ժողովրդավարական Եվրոպայի սրտում»,- գրել է Միշելը։

Այլ նորություններից։ Ջո Բայդենը լրագրողներին հայտարարել է, որ չգիտի, թե արդյոք կմեկնի Ուկրաինա։

«Պատասխանն այսպիսին է. ես չգիտեմ»,- ասել է Բայդենը և հավելել. «Ես բազմիցս եղել եմ Ուկրաինայում, ուղղակի վերջին ժամանակներս այնտեղ չեմ եղել»։

CNN-ը գրում է, որ ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսաքին հայտարարել էր, որ նախագահը Ուկրաինա մեկնելու պլաններ չունի։ Ընդ որում, Փսաքին նշել էր, որ եթե այդպիսի պլաններ լինեին, ապա այցելության նախապատրաստությունը չէր հրապարակվի՝ անվտանգությունից ելնելով։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է Ուկրաինային տրամադրել հրետանային համակարգեր։

BBC News-ի փոխանցմամբ՝ Ջոնսոնն այդ մասին հայտարարել է Համայնքների պալատում, որտեղ հանդես է եկել՝ ԱՄՆ նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իտալիայի, Կանադայի, Ճապոնիայի և Լեհաստանի վարչապետների, ինչպես նաև Եվրամիության ու ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ տեսազանգից հետո։

«Մենք մեծացնում ենք այն տեսակի ռազմական տեխնիկայի մատակարարումը, որի կարիքը հիմա հատկապես ունեն ուկրաինացիները»,- ասել է Ջոնսոնը՝ հավելելով, որ պատերազմը վեր է ածվել «հրետանային հակամարտության»։ «Կենսականորեն կարևոր է, որ մենք թույլ չտանք Պուտինին թափ հավաքել Դոնբասում»,- ընդգծել է Բորիս Ջոնսոնը։

Ուկրաինային հրետանային համակարգեր մատակարարելու մասին հայտարարել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է CNN-ը։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն էլ խոստացել է, որ իր երկիրը Ուկրաինա կուղարկի ծանր հրետանի։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter