
Փոխվարչապետը մարզպետների հետ քննարկել է սուբվենցիոն ծրագրերն և գյուղատնտեսական հարցերը
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ղեկավարությամբ և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Հայաստանի մարզպետների ու շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Քննարկվել են 2021 թ․ ավարտված սուբվենցիոն ծրագրերը մշտադիտարկելու հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համայնքների երթևեկության կազմակերպման սխեմայի կազմման անհրաժեշտությանը, միասնական երթուղային ցանցի ներդրման, մարզերի համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման և գյուղատնտեսական սեզոնի մեկնարկի հետ կապված աշխատանքներին։
Միասնական երթուղային ցանցի ներդրման հետ կապված հարցին անդրադառնալիս՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ համայնքների խոշորացման գործընթացն ավարտված մարզերում (Շիրակ, Արագածոտն, Տավուշ և Գեղարքունիք) աշխատանքներ են իրականացվում ցանցը սպասարկող կազմակերպությունների ընտրության մրցույթների կազմակերպման ուղղությամբ։ Մասնավորապես՝ վերանայվում են մարզերի օպտիմալ երթուղիների ուղեգծերն ու չվացուցակները։
Ինչպես ասվում է կառավարության հաղորդագրությունում, անդրադառնալով պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքին՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին, ընդհանուր առմամբ, Հայաստան է ներմուծվել 11 հազար տոննա պարարտանյութ՝ 50 տոկոսը գյուղատնտեսական նշանակության։ Օպերատիվ տվյալների համաձայն՝ այսօրվա դրությամբ 4750 տոննա պարարտանյութն արդեն իսկ մատակարարվել է ՀՀ մարզեր․ գործընթացը շարունակվում է։
Փոխվարչապետ Մաթևոսյանը մարզպետներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել պետության կողմից համայնքներում իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ Կառավարության ծրագրով մեկնարկած «300 դպրոց-500 մանկապարտեզ» կապիտալ բնույթի նախաձեռնությունը, ինչպես նաև ստուգայցերի միջոցով մինչև երաշխիքային ժամկետների լրանալը վեր հանել ավարտված սուբվենցիոն ծրագրերի խնդիրներ/թերությունները և քայլեր ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ։
Մեկնաբանել