HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 56-րդ օրը (երեկոյան ամփոփում)

Արդեն 56-րդ օրն է՝ Ուկրաինայում շարունակվում են պատերազմական գործողությունները։ Ամփոփ՝ այն մասին, թե ինչ է եղել ապրիլի 20-ի ընթացքում։

Եվ այսպես արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ ռուսաստանցի և բելառուսցի թենիսիստները հեռացվել են Ուիմբլդոնից։

Մրցաշարի կազմակերպիչները հայտարարությամբ են հանդես եկել՝ հաստատելով այն տեղեկատվությունը, որն ավելի վաղ տարածել էին լրատվամիջոցները։ 

«Նման չարդարացված և աննախադեպ ռազմական ագրեսիայի պայմաններում անընդունելի կլիներ թույլ տալ ռուսական ռեժիմին որևէ օգուտ քաղել առաջնությունում ռուսաստանցի և բելառուսցի խաղացողների մասնակցությունից։ Խորը ափսոսանքով մտադիր ենք մերժել նրանց հայտերը 2022 թվականի մրցաշարի համար»,- նշվում է հայտարարության մեջ։

Ընդ որում, Թենիսի և կրոկետի համաանգլիական ակումբի նախագահ Յան Հյուիթը հայտարարել է, որ եթե հունիսին աշխարհաքաղաքական իրավիճակը փոփոխվի, կազմակերպիչները պատրաստ կլինեն վերանայել իրենց որոշումը։ 

Այսպիսով, Ուիմբլդոնը դարձել է առաջին խոշոր թենիսային առաջնությունը, որտեղ Ուկրաինայում պատերազմի պատճառով չեն թույլատրում ռուսաստանցի և բելառուսցի մարզիկներին, որոնք անհատապես են հանդես գալիս։ Նրանց թվում է նաև աշխարհի երկրորդ ռակետ Դանիլ Մեդվեդևը։

Ինչպես առավոտյան հայտնել էինք, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր այցելել էր Կիև։ 

Նա եղել է Բորոդյանկա գյուղում, որը, ինչպես Բուչան, մի քանի շաբաթ շարունակ եղել է ռուսաստանցի զինվորականների վերահսկողության ներքո։ Միշելը նաև հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ 

Այցի ընթացքում Միշելը ազդարարել է ԵՄ-ի կողմից Ուկրաինային 1,5 միլիարդ եվրո հավելյալ ռազմական օգնության մասին։ Իր հերթին Զելենսկին շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահին՝ «բովանդակալից հանդիպման համար», որի ընթացքում, Ուկրաինային օգնությունից զատ, քննարկվել է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

Ուկրաինան ստացել է Ռուսաստանի առաջարկը և սկսել դրա ուսումնասիրումը։

Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Ուկրաինան դեռևս ստամբուլյան բանակցությունների շրջանակներում ռուսական կողմին փոխանցել էր իր առաջարկները։ Դրանց թվում էր նաև Ուկրաինայի անվտանգության երաշխավոր պետությունների հարցը։ Ռուսական կողմն ուսումնասիրել է այդ առաջարկները և ներկայացրել իր դիրքորոշումը։ «Հիմա մեր հերթն է ուսումնասիրելու, համեմատելու և եզրակացություններ անելու, այդ թվում քաղաքական-իրավական համատեքստում»,- հայտարարել է Պոդոլյակը։

Պոդոլյակի հայտարարությունից մի քանի ժամ առաջ Կրեմլից հայտնել էին, որ բանակցությունների ընթացքում Մոսկվան Կիևին է փոխանցել «հստակ, մշակված ձևակերպումներով» համաձայնագրի նախագիծը և սպասում է ուկրաինական կողմի պատասխանին։

Վլադիմիր Պուտինը դարձյալ խոսել է «հատուկ գործողության» մասին։

«Հենց ողբերգությունը, որը տեղի էր ունենում Դոնբասում, պարտադրեց, ուղղակի ստիպեց Ռուսաստանին սկսել այդ ռազմական օպերացիան, որի մասին այսօր բոլորը լավ գիտեն։ Մենք հետևողականորեն կգործենք։ Մենք կհասնենք այն վիճակին, որի ժամանակ Դոնբասում կյանքն աստիճանաբար կկարգավորվի, այն դեպի լավը կփոխվի»,- ասել է Պուտինը։

Oryx: Ռուսաստանը 3,5 անգամ ավելի շատ ռազմական տեխնիկա է կորցրել, քան Ուկրաինան

Oryx վերլուծական նախագծի հաշվարկների համաձայն՝ պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանը կորցրել է 2998 միավոր տեխնիկա (1558-ը ոչնչացվել է, 46-ը վնասվել, 244-ը լքվել, 1120-ը գրավվել ուկրաինացիների կողմից)։ 

Ուկրաինան կորցրել է 848 միավոր տեխնիկա (389-ը ոչնչացվել է, 22-ը վնասվել, 36-ը լքվել, 401-ը գրավվել ռուսական կողմից)։

Oryx-ի հետազոտողները նշում են, որ տվյալները հավաքում են բաց աղբյուրներից, այդ իսկ պատճառով իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խնդրել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ հանդիպում։

Այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով կազմակերպության ներկայացուցիչներին։

Անտոնիու Գուտերիշը Պուտինին խնդրել է իրեն ընդունել Մոսկվայում, իսկ Զելենսկուն՝ Կիևում։ Հանդիպման նպատակը Ուկրաինայում խաղաղության հաստատման հրատապ միջոցների կիրառումն է, ինչպես նաև բազմակողմ հարաբերությունների ապագան։

Բացի այդ, ՄԱԿ-ը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր այդ երկիրը լքել է ավելի քան 5 միլիոն մարդ։

Մոսկվայի Տագանսկի դատարանը մերժել է «Эхо Москвы» ռադիոկայանի՝ իր ռեսուրսների արգելափակումն անօրինական ճանաչելու հայցը։

Ռադիոկայանի նախկին գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հայտնել է, որ որոշումը կվիճարկվի։ 

Ռուսական խոշորագույն բանկերը, որոնք գտնվում են արևմտյան երկրների պատժամիջոցների տակ, չեն կարողանում թողարկել UnionPay-ի քարտեր։

Ըստ РБК-ի՝ վճարային համակարգը վախենում է համագործակցել ռուսական բանկերի հետ՝ երկրորդային պատժամիջոցների ռիսկի պատճառով։ 

UnionPay-ի քարտերը չեն կարողանում թողարկել «Сбербанк»-ը, Альфа-банк-ը, «Открытие»-ն, ВТБ-ն, Совкомбанк-ը։ 

Ռուսաստանից Visa-ի և Mastercard-ի հեռանալուց հետո՝ չինական UnionPay-ը մնում է միջազգային վճարման այն քիչ համակարգերից մեկը, որը շարունակում է գործել այդ երկրում։

Օսվենցիմի թանգարանը հայտնել է Մարիուպոլում 91-ամյա Վանդա Օբյեդկովայի մահվան մասին, որը կարողացել էր փրկվել նացիստական բռնազավթման ժամանակ։

«10 տարեկան հասակում Վանդա Սեմյոնովնա Օբյեդկովան հաղթահարել է գերմանական բռնազավթումը՝ թաքնվելով Մարիուպոլի նկուղներից մեկում։ 81 տարի անց նա մահացել է նույն քաղաքի նկուղներից մեկում՝ թաքնվելով ռուսական զորքերից»,- նշվում է թանգարանի թվիթերյան միկրոբլոգում։

Լուսանկարը՝ Alexey Furman/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter