HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կառավարությունը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ավելացնելու ոչինչ չունի

Ապրիլի 13-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը մեծ իրարանցում էր առաջացրել Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Դրան հաջորդեցին բողոքի ակցիաներ, խորհրդարանական ընդդիմության մաս կազմող «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը նստացույց հայտարարեց Ազատության հրապարակում՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։ 

Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանում ոչ միանշանակ ընդունվելուն զուգահեռ ողջունվեց արտասահմանյան գործընկերների և նույնիսկ հարևան՝ Ադրբեջանի նախագահի կողմից։ Փաշինյանի ելույթին սատարող հայտարարություններ տարածեցին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Շառլ Միշելը, ԱՄՆ պետքարտուղարությունը, ԵԱՀԿ գործող նախագահությունը։ Մոսկվան էլ իր աջակցությունն էր հայտնել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի գործընթացի մեկնարկի առնչությամբ։

Նիկոլ Փաշինյանի ելույթի առանձին մտքերը պարզելու և հստակեցնելու համար «Հետք»-ը հարցում էր ուղարկել Կառավարություն։ 

Մասնավորապես, Ազգային ժողովում Կառավարության 2021 թվականի ծրագրի կատարման զեկույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ «միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում ասում է` խնդրում եմ մեզ վրա հույս չդնեք»։ Հետաքրքրվել էինք, թե միջազգային հանրություն ասելով՝ ում նկատի ունի ՀՀ վարչապետը։ Արդյոք խոսքը վերաբերում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին։ Բացի այդ, հետաքրքիր էր նաև իմանալ, թե, ըստ ՀՀ վարչապետի, ինչ է նշանակում միջազգային հանրության կողմից արտահայտած «մեզ վրա հույս չդնեք» եզրույթը։

Բացի այդ, շատ կարևոր էր Փաշինյանից հստակեցնելը, թե այսպես կոչված միջազգային հանրությունը ինչ նկատի ուներ, երբ նրան ասում էր՝ «իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը»։ Մեզ համար կարևոր էր պարզել, թե այդ պարագայում իրավական ինչ կարգավիճակի մասին է խոսքը։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարել էր, որ «մեղավոր եմ, որ հստակ և աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար և միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի»: Վարչապետից հարցրել էինք, թե խոսքը որ առաջարկների մասին է։

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նման միտք էր արտահայտել. «Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է. լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի hամար»։ Վարչապետին հարց էինք ուղղել, թե արդյոք նման ազդակներ մեզ փոխանցել է նաև ռուսական կողմը, և արդյոք սա նշանակում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչման պարագայում ՀԱՊԿ-ը հրաժարվում է Հայաստանի նկատմամբ իր պարտավորություններից։

Նիկոլ Փաշինյանը նաև նշել էր, որ ապրիլի 6-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ այս ամսվա վերջ սահմանազատման հարցերով զբաղվող երկկողմ հանձնաժողովների ձեւավորման վերաբերյալ։ Այդուհանդերձ, դեռ նախորդ տարվա նոյեմբերի 26-ին Սոչիում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մինչեւ 2021 թվականի ավարտ պետք է ձեւավորվեին այդ հանձնաժողովները։ Հանրապետության վարչապետից հետաքրքիր էր ճշտելը, թե ինչու մինչև 2021 թվականի տարեվերջ այդ հանձնաժողովները չստեղծվեցին, ինչպես պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռեւս Սոչիում։

Եվ վերջապես Նիկոլ Փաշինյանը սահմանազատման հարցով հանձնաժողովների մասին ասել էր. «Տեղեկացնեմ նաև, որ հիմա աշխատում ենք հանձնաժողովի ձեւաչափի եւ անհատական կազմի վրա եւ ամենաուշը ապրիլի 30-ին պետք է փորձենք անհատական կազմը հստակեցնել: Այս ընթացքում մեր համապատասխան պաշտոնյաները պետք է աշխատեն ադրբեջանական կողմի հետ եւ ընդհանուր հայտարարի հասնեն կազմակերպչական այս հարցում»։ Վարչապետից հետաքրքրվել էինք՝ այս համատեքստում ադրբեջանական կողմի հետ շփումները (աշխատանքները) ուղիղ են, թե միջնորդավորված։

Կառավարությունը մեր բովանդակալից հարցմանը պատասխանել է միայն մեկ նախադասությամբ. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչեցված հայտարարություններին ավելացնելու ոչինչ չունենք»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter