HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինը հրամայել է դադարեցնել «Азовсталь»-ի գրոհը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է դադարեցնել Մարիուպոլի արդյունաբերական գոտու գրոհը, քանի որ այն համարում է ոչ նպատակահարմար: Այդ մասին, Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Պուտինը հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։

«Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք, այսինքն՝ մենք միշտ պետք է մտածենք, բայց այս դեպքում՝ առավել ևս, մեր զինծառայողների և սպաների կյանքի ու առողջության պահպանման մասին։ Չպետք է մտնել այդ կատակոմբները և սողալ այդ արդյունաբերական օբյեկտների գետնի տակով»,- հայտարարել է Պուտինը։

Նա հանձնարարել է արգելափակել այդ արդյունաբերական գոտին այնպես, որ «ճանճը նույնիսկ չանցնի»։

Պուտինի հետ հանդիպման ժամանակ Շոյգուն հայտարարել է, որ ողջ Մարիուպոլը՝ բացի «Азовсталь» գործարանից, ռուսական վերահսկողության ներքո է։ Ըստ նրա՝ «Азовсталь»-ի տարածքում թաքնվել է ոչ ավելի, քան 2000 ուկրաինացի մարտիկ։ Այնտեղ կարող են լինել նաև քաղաքացիականներ։ Նախարարի պնդմամբ՝ գործարանի տարածքն արգելափակված է։

Պատերազմի սկզբից ի վեր ռուսական ուժերը Մարիուպոլից տարհանել են 142 հազար մարդու։ Վերջին մի քանի օրերին Ռուսաստանը հայտարարել էր լռության ռեժիմ գործարանից խաղաղ բնակիչների ելքի համար, սակայն որևէ մեկը դուրս չէր եկել։ «Այլ խաղաղ բնակիչներ՝ ավելի քան 100 մարդ, կարողացել է դուրս գալ»,- հավելել է Շոյգուն։ 

«Եվս մեկ անգամ առաջարկեք բոլորին, որոնք դեռ զենքը ցած չեն դրել, անել դա։ Ռուսական կողմը երաշխավորում է նրանց կյանքը և արժանապատիվ վերաբերմունքը՝ միջազգային իրավական ակտերին համապատասխան։ Բոլոր վիրավորներին կցուցաբերվի պատշաճ բուժօգնություն»,- հայտարարել է Պուտինը։

«Азовсталь»-ում գտնվում են Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի 36-րդ բրիգադի և «Азов» գնդի մարտիկները։ Ուկրաինական իշխանությունների պնդմամբ՝ գործարանում զինվորականների հետ միասին կա մոտ հազար խաղաղ բնակիչ։

Ապրիլի 19-ին Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները հայտարարել էին «Азовсталь»-ի գրոհի մեկնարկի մասին։ Ապրիլի 17-ին, 19-ին և 20-ին ՌԴ ՊՆ հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները, որոնք գտնվում են գործարանի տարածքում, կարող են զենքերը ցած դնել։ «Азов»-ի մարտիկները հայտարարել էին, որ պատրաստ են տարհանվել Մարիուպոլից, բայց զենքերը ցած չեն դնի։

Ապրիլի 21-ի գիշերը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ «Азовсталь»-ը կգրավվի մինչև օրվա վերջ՝ «մինչև ճաշ կամ ճաշից հետո»։

Լուսանկարը՝ РИА Новости /Илья Питалев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter