HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հորդանանի Սենատի պատվիրակությանը

Ապրիլի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հորդանանի Հաշիմյան թագավորության Սենատի Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահ Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԱԺ Հայաստան-Հորդանան բարեկամական խմբի ղեկավար Արթուր Դավթյանի։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնը։

«Հանդիպմանը Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հույս հայտնեց, որ այն առավել կզորացնի երկու խորհրդարանների հարաբերությունները՝ մեծապես նպաստելով երկրների միջև հետագա սերտ գործակցությանը:

Վեհափառ Հայրապետը, վերհիշելով իր այցը Հորդանան, ինչպես նաև հանդիպումները Հորդանանի թագավորի հետ Հորդանանում և Սուրբ Էջմիածնում, գոհունակությամբ հաստատեց հայ համայնքի նկատմամբ Հորդանանի իշխանությունների կողմից ցուցաբերվող հոգատար վերաբերմունքը՝ որպես ձևավորված դարավոր բարեկամական հարաբերությունների լավագույն դրսևորում: Հայոց Հովվապետը արձանագրեց նաև, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր ժողովրդի զավակները կարողացել են ապաստան գտնել Հորդանանում և կազմակերպել իրենց ազգային-հոգևոր կյանքը՝ օգտակար ներդրում բերելով երկրի առաջընթացին:

Իր հերթին պարոն Խալդուն Հինան Վեհափառ Հայրապետին փոխանցեց Հորդանանի ժողովրդի և հորդանանահայության ողջույնները։ 

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև արցախյան 44-օրյա պատերազմին և դեռևս չհաղթահարված հետևանքներին, Արցախի ժողովրդի խաղաղ ու անկախ կյանքի դեմ շարունակվող ոտնձգություններին։ Խոսելով  Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրների, սրբավայրերի, խաչքարերի, շիրմաքարերի պղծման և ոչնչացման դեպքերի մասին՝ Նորին Սրբությունը նկատեց, որ Ադրբեջանի որդեգրած այս քաղաքականությունը հարիր չէ իսլամի ոգուն, և հույս հայտնեց, որ այն իսլամական աշխարհի կողմից կարժանանա խիստ դատապարտության։

Հորդանանի Հաշիմյան թագավորության Սենատի Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահը վերահաստատեց, որ Հորդանանը կարևորում է հակամատությունների խաղաղ կարգավորումը և ողջունում դրան ուղղված ջանքերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter