
Ֆինլանդիան առաջիկա շաբաթներին ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ կներկայացնի
Ֆինլանդիան առաջիկա շաբաթներին ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ կներկայացնի։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ֆինլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախկին նախարար Էրկի Տուոմիոյան։
Ապրիլի 21-ին ֆինն քաղաքական գործիչները հանդիպել էին շվեդական խորհրդարանի խոսնակ Անդրեաս Նորլենի, արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովների ներկայացուցիչների, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ան Լինդեի և պաշտպանության նախարար Պետեր Հուլտկվիստի հետ։
«Ես ասացի, որ Ֆինլանդիան ունի ուժեղ մեծամասնություն և՛ հանրային կարծիքում, և՛ խորհրդարանում, իսկ դա նշանակում է, որ Ֆինլանդիան առաջիկա շաբաթներին՝ գարնանը ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ կուղարկի։ Ես դա ասել եմ անկախ այն բանից, թե արդյոք ես այն լավ կամ վատ գործ եմ համարում»,- Տումիոյային մեջբերել է ֆիննական Helsingin Sanomat թերթը։
Նրա խոսքով՝ պարզ է այն, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ կներկայացնի և կարևոր է համարում այդ մասին շվեդներին հայտնելը։
Ֆինլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Յուսի Հալա-ահոյի խոսքով՝ շվեդները գոհ են եղել, որ Ֆինլանդիան տվել է հստակ ազդակ այն մասին, որ ցանկանում է միասնական լինել հարևանների հետ։ Նաև պարզ է դարձել, որ Ֆինլանդիան կարող է ընդունել սեփական որոշումները, անկախ այն բանից, թե ինչ է անում Շվեդիան։
Նախօրեին ֆինն քաղաքական գործիչները բազմաթիվ հարցազրույցներ էին տվել շվեդական լրատվամիջոցներին։ Ինչպես գրում է շվեդական Aftonbladet թերթը, Ֆինլանդիայի խորհրդարանի անդամների ճնշող մեծամասնությունը կողմ կքվեարկի ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ Թերթի տվյալներով՝ 200 անդամից 180-ը կողմ կքվեարկի։
Helsingin Sanomat-ի հարցումների համաձայն էլ՝ ներկայում 112 պատգամավոր աջակցում է Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի անդամակցությանը։
Ֆինլանդիան պատրաստվում է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնել հատուկ գործընթացի միջոցով՝ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության նախարարների կոմիտեների միացյալ նիստի արդյունքում և այնուհետ արտաքին քաղաքականության զեկույցի տեսքով խորհրդարանին փոխանցել իր դիրքորոշումը, որտեղ կխոսվի այն մասին, որ երկրի ղեկավարությունը որոշել է անդամակցել ՆԱՏՕ-ին՝ հաշվի առնելով խորհրդարանական մեծամասնությանը։ Այնուհետ այդ տեղեկատվությունը կփոխանցվի Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանին։
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության քննարկումը նոր թափ է հավաքում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով, իսկ ֆինների թիվը, որոնք ցանկանում են, որ իրենց երկիրը անդամակցի դաշինքին, սոցոլոգիական հարցումների տվյալներով, նոր ռեկորդներ է սահմանում։
Ռուսաստանում բացասական են գնահատում ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր անդամակցության հեռանկարը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին անվանել է Ռուսաստանի համար գոյաբանական սպառնալիք։ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի կարծիքով էլ՝ Մոսկվան պետք է պատրաստ լինի ՆԱՏՕ-ի կողմից ագրեսիվ գործողություններին, որը փորձում է ընդլայնել իր ներկայությունը ռուսական սահմանին։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել