HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ճապոնիան 19 տարվա մեջ առաջին անգամ Կուրիլյան կղզիներն անվանել է ապօրինաբար բռնազավթված

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունն իր «Դիվանագիտության կապույտ գրքում» 2003 թվականից ի վեր առաջին անգամ Կուրիլյան կղզիներն անվանել է «ապօրինաբար բռնազավթված» տարածք։ Այդ մասին հայտնում են Kyodo-ն և NHK-ն՝ հղում անելով փաստաթղթին, որը ապրիլի 22-ին ներկայացվել է այդ երկրի նախարարների կաբինետի նիստին։

Գրքի թարմացված տարբերակում նաև ներառվել է ձևակերպում այն մասին, որ Կուրիլյան կղզիները «Ճապոնիայի անբաժան մասն են»։ Ինչպես նշում է Kyodo-ն, այդպիսի նկարագրությունը բացակայում էր փաստաթղթում 2011 թվականից ի վեր։

Բացի այդ, ճապոնական ԱԳՆ-ն դատապարտել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը՝ այն անվանելով «միջազգային աշխարհակարգի հիմքերը խարխլող բռնություն ոչ միայն Եվրոպայում, այլև Ասիայում»։ Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայում պատերազմի ֆոնին Տոկիոն ի վիճակի չէ գնահատել կղզիների և խաղաղության պայմանագրի շուրջ Մոսկվայի հետ բանակցությունների հեռանկարները։

Խորհրդային Միությունը Հարավկուրիլյան կղզիներն իր կազմին միացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1956 թվականին ԽՍՀՄ-ն Ճապոնիայի հետ կնքել է խաղաղության հռչակագիր՝ խոստանալով դաշնագրի ստորագրումից հետո վերադարձնել Շիկոտան և Հաբոմայի կղզիները։

Հաջորդող տարիներին ճապոնական իշխանությունները պնդում էին, որ պետք է վերադարձվեն բոլոր կղզիները, այդ իսկ պատճառով դաշնագիրն այդպես էլ չի ստորագրվել։ ՌԴ իշխանությունները հայտարարել են 1956 թվականի հռչակագրի հիման վրա խաղաղության դաշնագիր կնքելու բանակցությունների պատրաստակամության մասին, սակայն ընդգծել, որ Հարավային Կուրիլների վրա Ռուսաստանի ինքնիշխանությունը չի կարող լինել քննարկման թեմա։

Այն բանից հետո, երբ Ճապոնիան միացավ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, որոնք պայմանավորված էին այդ երկրի Ուկրաինա ներխուժման հետ, Մոսկվան հրաժարվեց Տոկիոյի հետ խաղաղության դաշնագրի բանակցություններից։ Բացի այդ, Ռուսաստանը չեղարկել է ճապոնացիների համար Կուրիլներ առանց վիզայի այցելության ռեժիմը և դուրս եկել կղզիներում տնտեսական գործունեության երկխոսությունից՝ Ճապոնիային էլ ներառելով «ոչ բարեկամական երկրների» ցանկում։

Լուսանկարը՝ Regnum գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter