HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

2021-ի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործության համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ

Գլխավոր դատախազության առաջնահերթությունը շարունակում է մնալ կոռուպցիայի դեմ պայքարը:

Այս մասին խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով 2021 թվականի տարեկան հաղորդումը:

«Տարվա ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություն կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ՝ նախորդ տարվանից 300-ով ավել: Այդ 1698-ից մոտ 600-ը պաշտոնատար անձինք են, հաջողվել է քննությունն ավարտել ու դատի տալ շուրջ 433 անձի՝ կոռուպցիոն բնույթի հանցագործություն կատարելու համար»,-ասաց Դավթյանը:

Գլխավոր դատախազի խոսքով՝ 2021-ի ավարտին կոռուպցիոն բնույթի բացահայտված քրգործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 443 միլիարդ դրամ:

«Միայն 2021-ի ընթացքում փաստացի քննության փուլում վերականգնվել է 7 միլիարդ դրամի վնաս: Կցանկանամ հետևյալն ասել՝ քրեական գործերի մեծամասնությունը բավական երկար ժամանակ քննվող գործեր են: Ակնհայտ է, որ պետությանը պատճառված վնասի հաշվարկը, պարզումը, դրա պատշաճ ապացուցողական բազայով հիմնավորումը ժամանակատար գործընթաց է, դրա համար մեկ տարի, տարիուկես առաջ հարուցված քրգործերով արդյունքները տեսնում ենք շատ ավելի ուշ»,- ասաց նա:

Գլխավոր դատախազի ներկայացմամբ՝ միայն 2022-ի առաջին եռամսյակում վերականգնվել է 19 միլիարդ դրամի պետությանը պատճառված դրամական վնաս:

Արթուր Դավթյանի խոսքով՝ 2021-ի ընթացքում Հայաստանի բոլոր նախաքննական մարմինների վարույթում քննվել է 44751 քրգործ՝ նախորդ տարվանց 10 հազարով ավելի: Տարվա ընթացքում կայացվել է 9000 դատախազական ակտ: Դավթյանն անդրադարձավ նաև դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով նորաստեղծ վարչության աշխատանքին:

«Տարվա կտրվածքով վարչության վարույթում գտնվել է 279 անձի վերաբերյալ ուսումնասիրություն, տարվա ավարտին ավարտված է եղել 14 անձի վերաբերյալ ուսումնասիրություն, որոնցով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ գույք, 23 շարժական գույք, 23 ընկերությունում մասնակցություն և 23 միլիարդ դրամ գումար: Այս պահի դրությամբ արդեն իսկ դատարան է ներկայացվել վեց հայց, որոնցով այս ամբողջ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը դրամական արժեքի վերածելու պարագայում, կարող եմ ասել, որ հայցագինը կազմում է շուրջ 40 միլիարդ դրամ»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter