HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Պատերազմից հետո «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի պարտավորությունները տասնապատկվել են

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ստեղծումից՝ 2017 թվականից ի վեր, հավաքագրվել է 72.3 մլրդ դրամ, հատուցվել՝ 59.1 մլրդ դրամ։ 

2022 թվականի առաջին եռամսյակում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի կողմից 70 հատուցում է նշանակվել և 675 մլն դրամ տրամադրվել է միանվագ գումարի տեսքով։ Մեծամասնությունը անհայտ բացակայող զինծառայողների դեպքերն են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Յաղջյանը։

2020 թվականին Արցախում տեղի ունեցած պատերազմից առաջ գրանցվել է ընդամենը 417 դեպք, որոնք ներառում էին 2008 թվականից մինչև 2020 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածը։ Պատերազմից հետո հիմնադրամի պարտավորությունները տասնապատկվել են։

Այս պահին հիմնադրամն ունի 4760 շահառու, այսինքն՝ այդքան դեպքով տրամադրվում են կայուն և երկարաժամկետ հատուցումներ։ Նրանցից 3998-ը զոհերի շահառուներն են, 152-ը՝ անհայտ բացակայող զինծառայողների, և 610-ը հաշմանդամություն ունեցող ծառայողներն են։

Հատուցում ստացող շահառուները որևէ պարտավորություն կամ սահմանափակում չունեն գումարները տնօրինելու հարցում։

«Ապահովագրական մոդելն է դրված հատուցումների հիմքում՝ եթե դու սահմանին զոհում ես կյանք կամ առողջություն, ապա հիմնադրամը և հայ ազգը, որը վճարում է հիմնադրամին, պարտավոր է քո ընտանիքին տրամադել այս հատուցումը, որպեսզի վերջինս կարողանա երկաժամկետում իր կարիքները հոգալ։ Սա օգնություն չէ, սա ապահովագրական վճար է, հատուցում, և հիմնադրամը թե՛ օրենքով, թե՛ մտադրությամբ միտված չէ ընտանիքին ուղղորդել՝ ինչպես ծախսել այդ գումարը»,- ասում է Տաթևիկ Յաղջյանը։

Սակայն, հիմնադրամի փորձագետները պատերազմից հետո նկատել են, որ որոշ դեպքերում հատուցվող գումարները «նպատակային չեն ծախսվում»։

«Դրանից հետո մենք նախաձեռնեցինք կրթական ծրագրերը հիմնադրամում և այս պահին մշակում ենք ձեռնարկ, որի միջոցով ոչ թե ուղղորդելու ենք ընտանիքին՝ ստիպելով այդ գումարը ծախսել որևէ նպատակով, այլ փորձելու ենք ֆինանսական գիտելիքների միջոցով ընտանիքին տալ մեխանիզմներ ու գործիքներ այդ գումարը ավելի նպատակային օգտագործելու համար։ Ունենք լավ օրինակներ, երբ ընտանիքները այդ գումարները ավանդ են դրել, որի դիմաց տոկոս են ստանում, ընտանիքներ, որոնք հիփոթեքային վարկ են վերցրել։ Մեր նպատակն է, որ լավ օրինակները դառնան համատարած։ Յուրաքանչյուր ընտանիքի համար, ով կորցրել է իր զինծառայողին, առաջնային նպատակները տարբեր են»,- նկատում  է հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Հիմնադրամի ստեղծումից՝ 2017 թվականից ի վեր, ընդհանուր առմամբ, հատուցումները կազմել են 59.1 մլրդ դրամ։ Նույն ընթացքում պարտադիր դրոշմանիշային վճարներից ու նվիրատվություններից հավաքագրվել է 72.3 մլրդ դրամ։ Այսինքն՝ հավաքագրված միջոցների մեծ մասով արդեն հատուցումներ են կատարվել։ 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ցուցանիշները 2022 թվականի ապրիլի 22-ի դրությամբ

Ինչպես երևում է, հիմնադրամ հոսող գումարների մեծամասնությունը գոյանում է աշխատող քաղաքացիների պարտադիր վճարներից։ Ըստ օրենքի՝ որքան բարձր է աշխատողի «կեղտոտ» աշխատավարձը, այնքան բարձր է դրոշմանիշային այս վճարը։ Այդ գումարը տատանվում է 1500-15 000 դրամի շրջանակներում։

Նվիրաբերությունների մեծ մասը կրկին Արցախից և Հայաստանից են՝ շուրջ 80%։

«Նվիրաբերություններ են լինում ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ինչպես նաև Գերմանիայից և Ֆրանսիայից։ Նվիրաբերությունները երկարաժամկետ են։ Մարդիկ, սովորաբար, նվիրաբերում են ոչ թե մեկ անգամ և այլևս հիմնադրամի հետ կապ չեն ունենում։ Այլ՝ կցում են իրենց բանկային քարտը հիմնադրամի կայքին և ամեն ամիս, ինչպես Հայաստանի հարկատուն, այդպես էլ վերջիններիս իրենց միջոցներից, ինչը մեր հիմնական նպատակներից մեկն է»,- ասում է Տաթևիկ Յաղջյանը։

Զինծառայողի՝ փաստացի ամուսնության մեջ գտնվող կինը ևս կարող է շահառու դառնալ

Հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքում զոհված և անհայտ բացակայող զինծառայողների շահառուների շրջանակներում այս տարի փոփոխություններ են կատարվել։

Մինչև փոփոխությունները առաջնային շահառուներ էին համարվում զինծառայողների ընտանիքի անդամները՝ ծնողները, կինը, ամուսինը և երեխաները։ Այժմ զինծառայողի շահառու կարող է կարող զինծառայողի հետ չգրանցված ամուսնության մեջ գտնվում այն անձը, որը ունի համատեղ զավակ։

«Այսինքն՝ զինծառայողը փաստացի ամուսնացած է եղել, սակայն ամուսնությունը գրանցված չի եղել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում, ունեցել են համատեղ զավակ, և զինծառայողը ճանաչել է հայրությունը։ Մնացած շահառուներին հավասար այս դեպքում ևս կինը կդառնա շահառու և կստանա հավասար ֆինանսական աջակցություն»,- ասում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Օրենքի փոփոխությունից հետո քույրերը և եղբայրները ևս կարող են դառնալ հիմնադրամի շահառու, երբ զինծառայողը չունի ծնողներ, ամուսնացած չի եղել, չի ունեցել զավակներ։

Այս փոփոխություններից հետո հիմնադրամը ուժային մարմիններից արդեն իսկ ստացել են այսպիսի 10 գործ, որտեղ քույրերը և եղբայրներն են հանդիսացել շահառուներ։

Հնարավոր են դեպքեր, երբ տարբեր նախաձեռնությունների կողմից հավաքագրված միջոցները չհասնեն նպատակին

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Յաղջյանը ասում է, որ իրականացնում են ամենօրյա մոնիթորինգ՝ հասկանալու ինչ հասարակական կազմակերպություններ և նախաձեռնություններ կան, որոնք քաղաքացիներից գումար են հավաքագրում՝ նշելով, որ դրանք փոխանցվելու են «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»։

«Շատ դեպքերում այդ նախաձեռնությունները շատ գովելի են և ճիշտ ուղղությամբ են գնում, բայց հնարավոր է՝ լինեն նաև դեպքեր, երբ հավաքագրված գումարները նպատակային չօգտագործվեն։ Մենք մեր տեսնակյունից կարող ենք միայն ապահովել այն թափանցիկությունը, որը մինչև այս պահը ապահովել ենք, քանի որ ցանկացած գումար, որը մտնում է հիմնադրամ, շատ թափանցիկ ներկայացված է մեր կայքում»,- նշում է Տաթևիկ Յաղջյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter