Իշխան Սաղաթելյան. «Ապրիլի 25-ից ամբողջ Հայաստանով սկսում ենք անդադար բողոքի ակցիաներ»
ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել է բողոքի անժամկետ ակցիաների մեկնարկի մասին: Պատգամավորն այս մասին հայտնել է տեսաուղերձով, որը տեղադրված է իր ֆեյսբուքյան էջում:
«Մեր երկիրը հասել է մի այնպիսի նոր հանգրվանի, որ հաջորդ փուլը, այսպես շարունակելու դեպքում, Հայաստանի և Արցախի համար լինելու է կործանարար։ Մենք կանգնած ենք ոչ միայն հայրենիքից նոր զիջումների, այլև, առհասարակ, պետականության կորստի իրական վտանգի առջև։ Սա պարզապես խոսքեր չեն, սա դառը իրականություն է։ Ես եկել եմ այստեղից հայտարարելու, որ մենք՝ մեր թիմով, մեր ամբողջ ռեսուրսով, մեր հազարավոր հայրենակիցներով և աջակիցներով, դուրս ենք գալիս փողոցային պայքարի»,-հայտարարում է ԱԺ փոխխոսնակը:
Դաշնակցական գործիչը հայտարարեց` սա պայքար չէ հանուն իշխանության, սա պայքար է հանուն հայկական Արցախի, հանուն պետականության:
Ըստ նրան` սա համաժողովրդական պայքար է, որը պետք է վերածվի համազգային դիմադրության։
«Սիրելի՛ հայրենակից, դու չես պայքարում մեզանից որևէ մեկին իշխանության բերելու համար, դու պայքարում ես ինքդ քեզ համար, քո զավակների համար, քո ծնողների համար, քո քույրերի և եղբայրների համար։ Դու պայքարում ես հայ մարդու արժանապատիվ ապագայի համար, մեր բարեկեցիկ, ազատ, անկախ ապրելու իրավունքի համար։ Այդ պայքարը գոյութենական և սրբազան պայքար է, հետևաբար՝ այլընտրանք չկա, նահանջ չկա, այլ ճանապարհ չկա։ Ես և իմ ընկերները գնալու ենք մինչև վերջ, մենք ունենք ներուժ՝ դա մեր ժողովուրդն է, մենք ունենք կամք և վճռականություն»,- տեսաուղերձով դիմելով մարդկանց ասաց նա:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Սաղաթելյանը հիշեցրեց, որ ապրիլի 23-ի երեկոյան տեղի է ունենալու ավանդական ջահերով երթը։
«Մենք այդ օրը ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք և ապացուցենք՝ մենք տեր ենք Արցախին, մենք տեր ենք մեր պետականությանը և տեր ենք հայ ժողովրդի ապագային, որի համար պատրաստ ենք պայքարել: Իսկ ապրիլի 25-ից ամբողջ Հայաստանով սկսում ենք անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ։ Ապրիլի 25-ից սկսած, Հայաստանի մարզերից՝ չորս խորհրդանշական վայրերից, քայլերթով կշարժվեն դեպի մայրաքաղաք Երևան։ Այդ ընթացքում, ապրիլի 25-ից սկսած, յուրաքանչյուր օր Երևանում տեղի կունենան տարբեր ակցիաներ, քայլեր, գործողություններ և երթեր»,- ասաց նա` հավելելով, որ յուրաքանչյուր օրվա ակցիայի մասին նախապես կհայտնեն:
Սաղաթելյանն ընդգծեց` պայքարը հանուն Արցախի և Հայաստանի է, հետևաբար՝ նահանջի տեղ չկա, այլընտրանք չկա, «գնում ենք մինչև վերջ և հաղթանակում»։
«Հենց հիմա այս խորհրդանշական վայրից հայտարարում եմ՝ սկսում ենք»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ արդեն վեցերորդ օրն է ինչ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում նստացույց է անում:
Մեկնաբանել