HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Եթե անվտանգային ռիսկեր լինեն, օդանավակայան մտնողները զննում են անցնելու

Օդանավակայանների ուղեւորային համալիր՝ մեկնման կամ ժամանման սրահ մտնող քաղաքացիները կարող են զննման ենթարկվել։ Կառավարությունն առաջարկում է նման դրույթ մտցնել «Ավիացիայի մասին» օրենքում։ Նկատենք, որ մինչ օրս Հայաստանի օդանավակայանների մեկնման կամ ժամանման սրահ մտնող քաղաքացիները նման ստուգում չեն անցնում։ Սակայն այդպիսի պրակտիկա կա աշխարհի բազմաթիվ օդանավակայաններում, ինչի նպատակը ավիացիոն անվտանգության պատշաճ ապահովումն է։

Գործադիրն այսօր հավանություն է տվել «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին, որն օրենքի ուժ կստանա ԱԺ-ի կողմից ընդունվելուց հետո։

Կառավարությունը, մասնավորապես, առաջարկում է խմբագրել ավիացիոն անվտանգության մասին դրույթները։ Հիմնավորումն այն է, որ օրենքում վերջին փոփոխությունը կատարվել է 2018 թ․, բայց դրանից հետո Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը՝ ICAO-ն, իր փաստաթղթերում կատարել է փոփոխություններ, որոնք կազմակերպության անդամ երկրների կողմից ենթակա են պարտադիր կիրառման: Այդ փոփոխություներով ավիացիոն անվտանգության բնագավառում սահմանվել են նոր չափորոշիչներ, եւ ՀՀ օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի դրանց։

Այսպիսով՝ կառավարության հաստատած նախագծի դրույթներից մեկը սահմանում է, որ Հայաստանի օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով ներդրվում են զննման տեխնիկական սարքավորումներ, մուտքերի հսկողության ծրագրային համակարգեր, տեսահսկման եւ պահպանության ազդանշանային համակարգեր։ Ներդրվող այս սարքավորումներն ընտրելու են օդանավակայանները շահագործող կազմակերպությունները՝ համաձայնեցնելով քաղավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) հետ:

Շարքային քաղաքացիներին անմիջականորեն առնչվող դրույթ է այն, որ օդանավակայանների ուղեւորային համալիրների մուտքերում կարող են տեղադրվել սարքավորումներ, որոնցով կարող է իրականացվել ուղեւորային համալիրների հասարակական գոտիներ մուտք գործող անձանց զննում։ Ընդ որում՝ զննում կատարել-չկատարելը որոշվելու է՝ հաշվի առնելով քաղավիացիայի դեմ ուղղված ռիսկերի գնահատումը ԱԱԾ-ի կողմից։ Այսինքն՝ եթե ազգային անվտանգության ծառայությունը ինչ-որ պահի գա այն եզրակացության, որ քաղավիացիայի դեմ առկա են ռիսկեր, ապա օդանավակայաններում կներդրվի անձանց զննման ընթացակարգը, որը մինչ այս պահը չկա։

Օրենքի նախագծում նշվում է նաեւ, որ տեխնիկական սարքավորումների տեղադրման եւ զննման գործընթացը սահմանվելու են ՀՀ քաղավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով: 2003-ին կառավարության կողմից ընդունված այս ծրագրում 2018-ին կատարվել է նման լրացում․ «Անհրաժեշտության դեպքում հատուկ տեխնիկական միջոցներ կարող են տեղադրվել օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում, ուղեւորային համալիրների մուտքերում, ավտոկանգառներում։ Ընդհանուր օգտագործման տարածքներում կարող են տեղադրվել տեսահսկման սարքավորումներ, իսկ ուղեւորային համալիրների մուտքերում՝ այդ տարածքներ մուտք գործող անձանց եւ նրանց ուղեբեռների զննման համար զննման սարքավորումներ»։ Հիմա այս ամենը ամրագրվելու է նաեւ օրենքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter