HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Ապրենք այնպես, որ էլ երբեք հարկ չլինի մեկ ոսկի ունենալ մեկ հայ փրկելու համար»

Փոքրիկ, խունացած մի գրքույկ է սեղանի վրա՝ դեղնած թերթերով ու տեղ-տեղ լղոզված թանաքի հետքերով: Որոշ բառերում վերջնատառեր են պակասում, որոշ բառեր միացյալ են գրված, սակայն միտքն ամբողջովին վերծանելի է: Հեղինակը պատմությունը սկսում է 1914թ.-ից՝ Արեւմտյան Հայաստանի Խարբերդի վիլայեթի Չմշկածագ քաղաքի Հազարին գյուղի նկարագրությամբ: Ծուռումուռ ձեռագրի, երբեմն ընդհատվող մտքերի տողատակերում մի ողջ ազգի ողբերգություն է ամփոփված:

-Հայրիկիս հուշերն են՝ թուրքերի ջարդերի ու փախեփախի մասին,- 80-ամյա Ֆելիքս պապի ձայնը դողում է,- ինքը շատ է տանջվել, թուրքի ձեռքն է ընկել, հետո փախել է ու էդ օրերի մասին որոշ բաներ ունի գրած: Իրանք եղել են 5 երեխա ու մենակ ինքն է հրաշքով փրկվել:

Եղեռնը վերապրած Ղազարոս Հովնանյանից մնացած այն քիչ հուշերից է փոքրիկ գրքույկը, որ մասունքի պես պահում է որդին՝ Ֆելիքս Հովհաննիսյան-Հովնանյանը: Ֆելիքս պապը գաղթականի զավակ է: Սեղանի սուրբ գիրքը «Չմշկածագը եւ իր գյուղերը» բավական ծավալուն հրատարակություն է, տոհմական ամենակարեւոր մասունքը՝ հորից հիշատակ մնացած փոքրիկ նոթատետրը: Խոստովանում է՝ այնքան է թերթել, ընթերցել ու վերընթերցել, որ անգիր է արել 30 էջում ամփոփված ժլատ տեղեկությունները:

-Շատ բաներ էլ հայրիկիս բանավոր պատմություններից եմ հիշում,- նկատում է զրուցակիցս,- ինքը պատմելու կողմից ժլատ էր, չէր սիրում խոսել էդ օրերի մասին: Որոշ բաներ էլ գրել է, որ իր սերունդները չմոռանան, թե թուրքն ով է ու ինչերի է ընդունակ: 

Ֆելիքս Հովհաննիսյանի հայրը՝ Ղազարոս Հովնանյանը, ծնվել է Դերսիմի նահանգի Հազարի գյուղում: Այնտեղ է ծնվել նաեւ Ֆելիքսի Մանուկ պապը: Հազարի գյուղը գոյություն է ունեցել 17-րդ դարից: Անվան ծագումնաբանության վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան: Գյուղի անունը հիշատակվում է բասենցի Ալեքսանոս աբեղայի ձեռքով 1670թ.-ին գրված հիշատակարանի մեջ: Ըստ հազարիցիների՝ նախկին գյուղի տեղը եղել է «կայծակը խփած տեղ», ունեցել է 1900 տուն եւ «Հազարի» անունն իբրեւ թե առաջացել է հազար եւ ինը թվերի միացյալ արտասանությունից: Գյուղը կառուցված է եղել բավական խորը ձորի մեջ: Հազարինում եղել են մի քանի երկհարկանի եւ անգամ մեկ եռահարկ տուն, որոնք շինված են եղել հասարակ, ոչ կոփածո քարերով եւ հողածածկ տանիքներ են ունեցել:

Չմշկածագի հայաբնակ գյուղերից ամենաբազմամարդն է եղել Հազարինը: Մինչեւ հայաթափումը, գյուղն ունեցել է 80 տուն հայ բնակիչ՝ 340 շնչով եւ մեկ տուն քուրդ՝ չոբան Մախսունի ընտանիքը՝ տանը 6 շունչ: 100 մարդ եղել է պանդխտության մեջ՝ աշխատելու նպատակով, գլխավորապես Ամերիկա՝ 66 տղամարդ: 1915թ.-ին Հազարին ունեցել է 416 բնակիչ:

Ղազարոսն իր հուշատետրում ծննդավայր գյուղը հիշում է, որպես ծաղկուն մի բնակավայր, որտեղ բոլորը զբաղվում էին հողագործությամբ ու այգեգործությամբ: «Եվ ամենալավ թթի տեսակի ծառերը կային պարտեզներում՝ պտուղը շաքարից քաղցր, տանձերի ծառեր կային մի քանի տեսակ, որ քաղում էիր, մե տանձը քաշում էր մեկ կիլոյից ավել, ձմերուկ էին աճեցնում, այնքան մեծ, որ վրան նստում էր երեխան ոտքերը գետին չէր հասնում»,- գրում է Ղազարոսը: Խոսելով հոր մասին՝ Ղազարոսը նշում է, որ Հովնանյանների ընտանիքի գլխավորը եւս Ամերիկա խոպան մեկնողների թվում է եղել: 

«Էն թվերին հայերը խոպան Ամերիկա են գնացել, հիմնականում Բոստոն,-ասում է Ֆելիքս պապը,- գնացել են մի քանի տարի աշխատել, եկել են: Հայրիկս պատմում է, որ միշտ մի քանի ուղտաբեռով է հետ եկել Մանուկ պապս, անգամ իրենց մտերիմ քուրդ ընտանիքի համար է նվերներ բերել: Հազարինը, կարելի է ասել, խոպանչիների գյուղ է եղել, մարդիկ լավ են ապրել: Բայց Մանուկ պապը ցանկություն է ունեցել ընտանիքը տեղափոխելու: Վերջին անգամ որ գնալիս է եղել Ամերիկա, ընտանիքին ասել է, թե այս անգամ երկար է մնալու, էնտեղ տուն առնի, կահավորի, գա կնոջն ու երեխաներին էլ տանի: Բայց էդպես էլ չի կարողացել հետ գալ՝ ջարդերը սկսվել են»:

Ղազարոսը 9 տարեկան է եղել (ծնվել է 1906-ին, հեղ.), երբ սկսվել են հայ ժողովրդի համար դժնդակ օրերը: Տղայի հիշողություններում մնացել են Հազարին գյուղի տարիքով տղամարդկանց երեկոյան հավաքները, քննարկումները՝ գյուղի հայ բնակչության տարհանման, փրկության ուղիների հետ կապված: Զենք փնտրելու պատրվակով թուրքերը մի քանի անգամ ասպատակում են Հազարինը, խուզարկում տները:

«Մինչեւ տեղահանումը, հայրիկիս պատմելով, իրենց տուն է եկել Մանուկ պապի մտերիմը՝ Սեյիդ խանը, որ ազգությամբ զազա էր ու առաջարկել, որ ընտանիքը տեղափոխվի իր տուն: Ասել է. «Ինչ ունիք չունիք, կարեւոր բաները հավաքեք, որովհետեւ զուլում կեղնի շուտով, դուք պատրաստ եղեք, ես գուքամ ձեզի կտանիմ: Մանուկը ըստեղ չէ, ես պարտավոր եմ ձեզի տեր էղնիմ»: Սրբուհին սիրուն կին է եղել՝ սպիտակամորթ, մազերը բաց գույնի, տագրերը մտածել են՝ քուրդը մաքուր մտքով չի եկել օգնելու: Սրբուհին էլ, էդ խոսակցություններից ելնելով, մերժել է քրդի առաջարկը»:

1915թ.-ի հունիսի 13-ին թուրքերը տեղահանում են Հազարինի բնակիչներին: Դատարկված գյուղը թալանում են հարեւան բնակավայրերի թուրքերն ու քրդերը: Ստեղծված խառնակ իրավիճակում Ղազարոսի ընտանիքը կիսվում է: Սրբուհին փոքրահասակ երեխաների հետ հայտնվում է Հալեպի ուղղությամբ քշվող գաղթականների խմբի մեջ: Տատը, վերցնելով մեծ թոռանը, միանում է Դերսիմ գնացող հայ ընտանիքներին, որոնք ձգտում էին ապաստան գտնել քրդական գյուղերում: Նրանց բախտը բերում է, քանի որ հանդիպում են Սեյիդ խանին ու գնում ապրելու վերջինիս տանը: Մեկ տարուց ավելի նրանք ապրում են քրդի տանը՝ Ղազարոսը հոտաղություն է անում, տատն էլ օգնում է կանանց տնային գործերում: Հայերի ջարդերից հետո, երբ թուրքերը խաղաղություն են հայտարարում՝ վստահեցնելով, թե ամեն ոք կարող է վերադառնալ ու ապրել իր տանը, տատը որոշում է թոռի հետ վերադառնալ Հազարին: Սեյիդ խանը չի ընդդիմանում ծեր կնոջ որոշմանը՝ որոշակի քանակությամբ մթերք է տալիս ու սայլով ճանապարհում:

«Հայրիկս պատմում է, երբ վերադարձել են, գյուղը թալանված են տեսել, տների մեծ մասն՝ անբնակիչ, մի քանի ծերեր են եղել: Տատի հետ հաստատվել են իրենց տանը՝ մի կերպ յոլա են գնացել: Հետո մի թուրք է հայտնվել ու տատին առաջարկել, որ Ղազարոսի հետ գան իր տանը ծառայող դառնան, սակայն մերժում է ստացել,- պատմում է Ֆելիքս պապը,- հետո տատը հիվանդացել ու մահացել է, հայրիկս մնացել է մենակ: Թուրքն իմանալով եկել, բռնի կերպով տարել է իր տուն: Հայրիկս պատմում էր, որ թուրքի տանը մի հայ տղա էլ է եղել: Երկուսով անասուններին են արածեցրել»:

Կրկին թերթում եմ Ղազարոս Հովնանյանի հուշատետրը: Թուրքի տանն անցկացրած օրերի մասին շատ մանրամասներ չկան: Մի քանի փորձ է արել փախուստի ու ամեն անգամ բռնվել, անհնազանդության համար խստորեն պատժվել: Ծեծը, որպես պատժամիջոց, կիրառվել է, երբ տղաներն իրար հետ հայերեն են խոսել: Ղազարոսը պատժվել է նաեւ թուրքերեն վատ յուրացնելու համար: Թուրք տանտերն իր սուրբ պարտքն է համարել գյավուրներին ճիշտ հավատքի բերելու, եւ երբ տղաները որոշակիորեն յուրացրել են թուրքերենը, ստիպել է Ղուրանից աղոթքներ սովորել: Թուրքերից շատերն էին առաջնորդվում շարիաթի այն հայտնի դրույթով, որ մահմեդականացնելով այլակրոն երեխաներին՝ կարժանանան Ալլահի ողորմածությանը:

Ղազարոսը վեց ամիս ապրել է թուրքի տանը: Մեկ օր էլ, հերթական դաժան ծեծից հետո, հաստատապես որոշում է կրկին փախչել ու գնալ Հազարին: Ծրագիրն իրագործում է գիշերը, երբ բոլորը քնած են լինում: Տղան շատ լավ էր հիշում ճանապարհը, որով անցել էր հարազատ ծննդավայրից մինչեւ թուրքի գյուղը: Հազարինում շատ քիչ մարդիկ էին մնացել, տները կիսաքանդ էին: Ղազարոսը զգուշանում է մարդկանց հետ շփվելուց, ցերեկները թափառում է այգիներում, սնվում մրգերով, երեկոյան գիշերում կիսաքանդ որեւէ տան մեջ: Թուրքին հաջողվում է գտնել տղային, բռնել եւ հետ տանել՝ սպառնալով, որ մեկ էլ փախչի, գցելու է վառվող թոնիրը: Ղազարոսին թուրքի ձեռքից փրկում են քրդերը, որոնք «Մեկ հայ՝ մեկ ոսկի» որբահավաք առաքելության շրջանակներում հավաքում էին հայ որբերին եւ հանձնում Սեբաստացի Մուրադին ու Կայծակ Առաքելին: 1918թ.-ին, գաղթականների մեծ խմբի հետ, 12-ամյա Ղազարոս Հովնանյանն հասնում է Երզնկա, այնուհետեւ՝ Ալեքսանդրապոլ, որտեղ ջարդերից փրկված երեխաներին տեղավորում էին ամերիկյան որբանոցներում: 

«Հայրս Ալեքսանդրապոլի որբանոցում ապրել է մի քանի տարի, մինչեւ որ Ոսկեհասկում բնակվող բարեկամուհին գտել է նրան ու տարել իր մոտ,-պատմում է Ֆելիքս պապը,- Մանուկ պապս, որ Ամերիկայում էր, 1920թ.-ին երկրորդ անգամ է ամուսնանում Մուշկինազ անունով մի կնոջ հետ, ունենում են մեկ տղա եւ անունը դնում Սուրեն: Մանուկին հայտնած են լինում, որ ընտանիքին կոտորել են, դրանով է պայմանավորված եղել երկրորդ ամուսնությունը: Հետո, որ սկսում են Ամերկոմի որբանոցներից որբեր տանել Ամերիկա, իրեն էլ լուրեր են հասնում, որ Ղազարոսը որբանոցում է: Մարդ է ուղարկում, որ գա Հայաստան, փնտրի, գտնի տղային ու տեղափոխի Ամերիկա: Բայց ուշացած է լինում, քանի որ Ղազարոսն արդեն Ոսկեհասկում էր, ուներ խնամակալ, համարվում էր Սովետական Հայաստանի քաղաքացի ու ոչ մեկ թույլ չէր տա իրեն երկրից դուրս տանել»:

Թուրքի յաթաղանից ու բռնի իսլամացումից փրկված, զրկանքների գնով ինքնությունը պահպանած տղայի կյանքը հետագայում էլ հարթ չի ընթացել: 1929թ.-ին Ղազարոսը ամուսնացել է: Որոշ ժամանակ ապրել է Ոսկեհասկում: Քանի որ ուներ 9-ամյա կրթություն, ընդունում են կոմերիտմիության շարքերը՝ հետագայում Կոմունիստական կուսակցության շարքերն անցնելու ակնկալիքով: Կազմակերպել է Ոսկեհասկի կոլեկտիվացումը 1929-31թթ-ին: Ստիպված է եղել Հովնանյան ազգանունը փոխարինել Հովհաննիսյանով, որպեսզի ԱՄՆ-ում ազգականներ ունենալու մեջ չմեղադրվի: Ստալինյան ռեպրեսիաների ժամանակ ենթարկվել է հալածանքների՝ քահանային տեղեկանք տալու եւ ֆիդայիններին պաշտպանելու համար: Ղազարոսը մահացել է 1970թ.-ին՝ շրջապատված զավակներով ու թոռներով:

«Մենք երեք քույր, մեկ եղբայր ենք: Ես ծնվել եմ 1941թ.-ին՝ հայրիկս այդ ժամանակ ֆրոնտի ճամփին է եղել,- պատմում է Ֆելիքս պապը,- էդ տարիներին Ախուրյանում կապրեինք, հետո տեղափոխվել ենք Գյումրու «Արցախ» թաղամաս: Ներկայիս տունը, կառուցվել է 1954թ.-ին, հայրիկս ուզեցել է հավանաբար «Պոլիգոն» կոչվող թաղամասին ավելի մոտ լինել, որտեղ Ամերկոմի որբանոցներն էին: Արեւմտյան Հայաստանից գաղթածները հիմնականում կհաստատվեին սահմանամերձ գյուղերում ու քաղաքներում, որ հենց հողերը հետ բերեն, շատ արագ վերադառնան իրենց ծննդավայրերը: Անցել է 100 տարուց ավելի ու էդ հույսը չէի ըսե, թե մեռել է, բայց եղած կորուստներին նորերն են ավելցել: Էն, ինչ եղել է, փաստորեն, մեզի դաս չի եղել՝ էլի անմիաբան ենք, էլի մենակ ամեն մեկն իր կաշվի մասին կմտածե, էլի մեծ մասին կթվա, թե էդ դավեն իրանց դուռը չի չոքի: Հարյուր տարի առաջ էլ Ստամբուլի հայը կմտածեր, թե թուրքն իրան ձեռք չի տա՝ կողքի գյուղով կբավարարվի: Հմի էլ նույնն է՝ էլի նույն միամիտն ենք մնացել ու էլի կհավատանք խոստումներին: Ես իմ կյանքս ապրել եմ, բայց կմտածեմ, որ որդիս ու թոռներս հայրենիք չկորցնեն, որ երբեք այլեւս հարկ չլինի մեկ ոսկի ունենալ մեկ հայ փրկելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter