HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 59-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Արդեն 59-րդ օրն է՝ Ուկրաինայում շարունակվում են պատերազմական գործողությունները։ Ամփոփ այն մասին, թե ինչ է եղել նախորդ գիշերվա ընթացքում։

Եվ այսպես առավոտյան ամփոփումը սկսենք քաղաքական նորություններից։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կայցելի Կիևի այն բանից հետո, երբ Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնել են ՄԱԿ-ից։

«Ապրիլի 28-ին նա աշխատանքային հանդիպում կունենա Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ, իսկ այնուհետ նրան կընդունի նախագահ Վլադիմիր Զելենսկին»,- նշվում է ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնվել է ապրիլի 26-ին հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Տեղեկությունը հաստատել էր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ՄԱԿ-ի մամուլի քարտուղարի գրասենյակի հայտարարության մեջ նաև նշվում է, որ Գուտերիշը հանդիպում և ընթրիք կունենա Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ավստրիան կաջակցի Ռուսաստանի նկատմամբ բոլոր պատժամիջոցներին, բացառությամբ գազի մատակարարման դեմ էմբարգոյին։

Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Ավստրիայի ֆինանսների նախարար Մագնուս Բրուները։ «Երբ պատժամիջոցները քեզ ավելի ուժեղ են հարվածում, քան նրա նկատմամբ, ում դեմ կիրառվում է, ինձ թվում, որ դրանից օգուտը քիչ է»,- հայտարարել է Բրուները՝ հավելելով, որ Ավստրիան կախված է ռուսական էներգակիրներից և նա «ընտրություն չունի»։

Մարտին ԵՄ անդամ երկրների առաջնորդները հայտարարել էին մինչև տարեվերջ ռուսական գազի սպառման ծավալների 66 %-ով կրճատելու մասին, իսկ մինչև 2027 թվականն ազատվել ռուսական էներգակիրների կախվածությունից։

Նախօրեին հետաքրքիր հայտարարություն էր արել ռուսաստանցի գեներալ Ռուստամ Մինեկաևը։ Ըստ նրա՝ ռուսական «հատուկ գործողության» խնդիրները չեն սահմանափակվում միայն Դոնեցկի և Լուգանսկի մարզերի նկատմամբ վերահսկողության հաստատմամբ, այլ ներառում է նաև Ուկրաինայի ողջ սևծովյան ափի նկատմամբ վերահսկողությունը, ընդհուպ մինչև Մոլդովայի հետ սահման։ 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով ռուսաստանցի գեներալի հայտարարությունը, նշել է, որ «տարածքը, որտեղ Ռուսաստանը պետք է մտածի ռուսախոսների իրավունքների մասին, դա հենց Ռուսաստանն է»։

ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ հայտնել է «Մոսկվա» հածանավի անձնակազմի կորուստների մասին պաշտոնական տվյալները։

Ըստ ռուսական կողմի՝ զոհվել է միայն մեկ նավաստի, ևս 27-ը անհետ կորած են։ ՌԴ ՊՆ պնդմամբ՝ անձնակազմի մնացած 396 անդամները տարհանվել են։ Ուկրաինական կողմի պնդմամբ՝ զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի, եթե ոչ հարյուրի։

Ռազմաճակատի նորություններից։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ ռուսական զորքերը հարձակման են անցել Դոնեցկի ուղղության ողջ ճակատով։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Ուկրաինայում առկա իրավիճակի մասին՝

  • Չնայած աճող ակտիվությանը, ռուսական զորքերը վերջին 24 ժամվա ընթացքում չեն հասել էական հաջողությունների, քանի որ ուկրաինական հակահարձակումները շարունակում են խանգարել նրանց ջանքերին։
  • Ռուսական ռազմաօդային և ծովային ուժերը չեն կարողացել գերակայություն հաստատել օդում և ծովում՝ ուկրաինական պաշտպանական միջոցների արդյունավետության պատճառով։
  • Չնայած Մարիուպոլի գրավման վերաբերյալ հայտարարություններին, այնտեղ շարունակվում են կատաղի մարտերը։ Դա էլ ավելի ուժեղ է դանդաղեցնում Դոնբասում ՌԴ ԶՈւ ցանկալի առաջխաղացումը։

Պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայում զոհվել է 208 երեխա։

Նման տվյալ ներկայացրել է Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը։ Վերջինիս տվյալներով՝ 387 երեխա էլ վիրավորվել է։

Լուգանսկի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտարարել է, որ Պոպասնայայի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 2 մարդ։

Երեկոյան զոհվել է Պոպասնայայի 66-ամյա մի բնակիչ, իսկ նրա կինը վիրավորվել է։ Քաղաքի մեկ այլ արվարձանում էլ ևս մեկ բնակիչ  մահացու վիրավորում է ստացել։

Սերգեյ Գայդայը նաև հայտարարել է, որ Լուգանսկի մարզում առանց ջրի են մնացել Լիսիչանսկի կենտրոնը, Նովոդրուժեսկը և Պրիվոլյեն։ 

«Ազով» գունդը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են Մարիուպոլի «Азовсталь»-ում թաքնվող խաղաղ բնակիչները, այդ թվում կանայք և երեխաներ։

Կադրում երևացող կանանցից մեկն ասում է, որ իրենք արդեն երկու ամիս գտնվում են «Азовсталь»-ում։ Տեսանկարահանման վայրը և ժամը հաստատել հնարավոր չէ։ 

Ուկրաինական իշխանությունները հայտարարում են, որ գործարանի տարածքում գտնվում է մոտ 1000 խաղաղ բնակիչ՝ ռուսական կողմին մեղադրելով այն բանում, որ նրանք թույլ չեն տալիս խաղաղ բնակիչների տարհանում։ ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտարարում է, որ «Азовсталь»-ում գտնվող ուկրաինացի զինվորականները ազատ չեն արձակում խաղաղ բնակիչներին։ 

Ռոսավիացիան մինչև մայիսի 1 երկարաձգել է հարավային և կենտրոնական հատվածի օդանավակայաններ թռիչքների արգելքը։

Սա արդեն նմանատիպ թվով 10-րդ անգամ երկարաձգումն է։ Ժամանակավորապես դադարեցվել է թռիչքների իրականացումը դեպի Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ։ Այդ քաղաքներ ուղևորների փոխադրման համար ռուսական իշխանությունները խորհուրդ են տալիս օգտվել Սոչիի, Վոլգոգրադի, Մինվոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայաններից։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Չեչնիայից Ուկրաինա է մեկնել կամավորների ևս մեկ ջոկատ։ 

Նրանք կմասնակցեն Ուկրաինայում մարտական գործողություններին։ 

Կադիրովի խոսքով՝ ջոկատը վերապատրաստվել է Գուդերմեսի հատուկ ջոկատայինների ռուսական համալսարանում։ 

Լուսանկարը՝Anatolii Stepanov/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter