
Ուկրաինայում պատերազմի 60-րդ օրը (ցերեկային ամփոփում)
Եվ այսպես, ամփոփումը սկսենք ժամի գլխավոր քաղաքական լուրով։
Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը դեմ է հանդես եկել Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությանը։
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ պետք է լինեն «այլ ճանապարհներ» Կիևի հետ կապերի ամրապնդման համար, բացի Եվրոպական տնտեսական գոտուն միանալուց կամ ԵՄ-ի հետ գործող ասոցացման համաձայնագրի պահպանումից։ Շալենբերգը կոչ է արել այդ հարցում «մեծ ճկունություն» ցուցաբերել։
Ուկրաինան և Եվրամիությունն ասոցացման համաձայնագիրը ստորագրել են 2014 թվականին։ Պատերազմի մեկնարկից հետո Կիևը լրացրել է ԵՄ-ին անդամակցության դիմումը, իսկ Բրյուսելը խոստացել է որքան հնարավոր է արագ դիտարկել այն։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը «Медуза»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը կարող է կայանալ արդեն 2024 թվականի հունվարի 1-ից։
Նախօրեին Մելիտոպոլի քաղաքապետը հայտարարել էր, որ քաղաքում առևանգվել է Բուլղարիայի պատվավոր հյուպատոսը։ Այսօր այդ երկրի ԱԳՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։
Գերհարդ Շրյոդերը հանդիպել է Պուտինի հետ, որպեսզի քննարկի Ուկրաինայի հետ պատերազմի դադարեցումը։ Սակայն դա որևէ արդյունքի չի հանգեցրել։
Գերմանիայի նախկին կանցլերը Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո փորձել է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում, սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվել։ Այդ մասին գրել է The New York Times-ը։
Մարտի սկզբին Շրյոդերի հետ կապ են հաստատել Ուկրաինայի իշխանական շրջանակներին մոտ կանգնած ներկայացուցիչները՝ խնդրելով միջնորդել։ Շրյոդերը համաձայնվել է և ժամանել Մոսկվա, որտեղ հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու և գործարար Ռոման Աբրամովիչի հետ, որը ևս մասնակցում է բանակցային գործընթացին։
«Ես կարող եմ ասել, որ Պուտինը հետաքրքրված է պատերազմի դադարեցմամբ։ Բայց դա այդքան էլ հեշտ չէ։ Կան մի քանի պահեր, որոնք պետք է ճշգրտել»,- Շրյոդերի խոսքերը մեջբերել է The New York Times-ը։
Ամերիկյան պարբերականը նաև գրել է, որ ըստ Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկի, Շրյոդերի մասնակցությամբ միջնորդական նախաձեռնությունը «տապալվել է»։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն Ուկրաինայում առկա իրավիճակի մասին։
- Այս շաբաթ Ուկրաինան Դոնբասի հետ շփման գծի ողջ երկայնքով հետ է մղել ռուսական բազմաթիվ հարձակումներ։
- Չնայած նրան, որ Ռուսաստանը հասել է տարածքային որոշ ձեռքբերումների, ուկրաինական դիմադրությունն ուժեղ է եղել բոլոր ուղղություններով և ռուսական ուժերին պատճառել էական վնաս։
- Ռուսաստանցիների ցածր բարոյական ոգին և նախորդ հարձակումներից հետո վերականգնման, վերազինման և վերակազմակերպման համար սահմանափակ ժամանակը, հավանաբար, նվազեցնում է Ռուսաստանի մարտական արդյունավետությունը։
Latest Defence Intelligence update on the situation in Ukraine - 24 April 2022
— Ministry of Defence 🇬🇧 (@DefenceHQ) April 24, 2022
Find out more about the UK government's response: https://t.co/tFb39zzDtn
🇺🇦 #StandWithUkraine 🇺🇦 pic.twitter.com/lZE8s05wuX
«Ազով» գունդն իր տելեգրամյան ալիքում կրկին հրապարակել է փլուզված Մարիուպոլի լուսանկարը։
«Ասում են` Քրիստոս հարյավ, հարություն կառնի Ուկրաինան։ Աստված վերևից տեսնում է Մարիուպոլը։ Բավարար է արդյոք այսպիսի կիրակի նրա հրաշքները»,- նշվում է գրառման մեջ։
Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակ. երկրում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 213 երեխա։
Ավելի քան 389 երեխա վիրավորվել է։ Ամենաշատ թվով երեխաները տուժել են Դոնեցկի (122), Կիևի (114) և Խարկովի (91) մարզերում։
Բացի այդ, գնդակոծությունների և հրթիռակոծությունների հետևանքով վնասվել է 1500 ուսումնական հաստատություն։ Դրանցից 102-ն ամբողջությամբ ավերվել են։
Bloomberg. Բուլղարիան հրաժարվում է Ուկրաինա զենքի մատակարարումից
Բուլղարիայի կառավարությունը դեռևս չի արձագանքել Ուկրաինային զենքով օգնության կոչերին՝ երկրին տրամադրելով միայն մարդասիրական օգնություն, պաշտպանիչ սաղավարտներ և զրահաբաճկոններ։
Զենքի մատակարարման հարցը վեճեր է հրահրել Բուլղարիայի իշխող կոալիցիայում։ Ռուսամետ Բուլղարական սոցիալիստական կուսակցությունը սպառնացել է լքել այն՝ Կիևին զենքի մատակարարման դեպքում։ Իսկ աջ կենտրոնամետ «Ժողովրդավարական Բուլղարիան» հայտարարել է, որ դուրս կգա, եթե մատակարարումներ չլինեն։
Նախօրեին Լուգանսկի մարզի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 2-ը վիրավորվել են։
Այդպիսի տվյալներ է հրապարակել Լուգանսկի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ Մարդիկ զոհվել են Գորսկոյե և Զոլոտոյե բնակավայրերում։ Վնասվել են նաև յոթ տուն և ոստիկանության բաժանմունքը։
Ընդհանուր առմամբ, ապրիլի 23-ին ռուսաստանցի զինվորականները 12 անգամ ռմբակոծել են մարզի խաղաղ բնակիչների տները։ Տուժել են նաև Լիսիչանսկը և Սևերոդոնեցկը։ Երկրորդում վնասվել է 5 տուն, որից 4-ը եղել են իրար մոտ։
Օդեսայի հրթիռակոծության հետևանքով զոհվել է մեկ ընտանիքի երեք սերունդ։
Նախօրեին Օդեսայի հրթիռակոծման հետևանքով, ուկրաինական իշխանությունների տվյալներով, զոհվել է 8 մարդ։ Նրանց թվում է նաև երեք ամսական աղջնակ, նրա մայրն ու տատը։ Երեխայի հայրը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով «Իմ սիրելիներ, աստված ձեր հոգին լուսավորի»։
Իսկ այսօր առավոտյան Վլադիմիր Զելենսկին ուղղափառների Զատկի առթիվ տեսաուղերձ է հրապարակել։
Այն նկարահանվել է Կիևի Սոֆյայի տաճարում։ Այսպես է նա շնորհավորել ուկրաինացիների Զատիկը։
«Զատկին մենք Աստծուց խնդրում ենք մեծ շնորհ, որպեսզի իրականանա մեր մեծ երազանքը՝ ևս մեկ Զատկի օր, օր, երբ Ուկրաինայում մեծ խաղաղություն կտիրի։ Իսկ դրա հետ հավերժ համաձայնություն և բարգավաճում»,- ասել է Զելենսկին։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել