
Սերժ Սարգսյանն ընդունել է Քուվեյթի շեյխուհուն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության շեյխուհի Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին, ով աշխարհում հայտնի է իր բարեգործական գործունեությամբ և Քուվեյթի «Օրինակելի մայր» բարձրագույն կոմիտեի նախագահն է:
Սերժ Սարգսյանը ողջունել է շեյխուհուն և նշել, որ ուրախ է մեր երկրում հյուրընկալելու այնպիսի հասարակական գործչի, ինչպիսին շեյխուհի Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահն է, ով աստվածահաճո գործ է կատարում՝ թեթևացնելով մարդկանց հոգսերը:
Երկուստեք ընդգծվել է, որ հայ-քուվեյթական միջպետական հարաբերությունները հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների խորը հարգանքի և փոխվստահության վրա:
Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ շեյխուհու այցը Հայաստան նոր էջ կբացի հաստատուն կերպով զարգացող երկկողմ հարաբերություններում:
Նշելով, որ հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի՝ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Քուվեյթի իշխանություններին և շեյխուհի Ֆարիհային՝ Քուվեյթի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության, բարյացակամ վերաբերմունքի համար: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Մեկնաբանել