HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 61-րդ օրը (ցերեկային ամփոփում)

Ուկրաինայում պատերազմի առավոտյան ամփոփումը սկսենք Կիև ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների այցից։

Երեկ ուշ երեկոյան Կիև են ժամանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ 

УНИАН-ի փոխանցմամբ՝ նրանք գիշերը հանդիպել են նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների այցն Ուկրաինա։ Ընդ որում, պետքարտուղարությունն այն հաստատել է միայն այն ժամանակ, երբ երկու պաշտոնյաներն արդեն իսկ լքել էին Ուկրաինան։ 

Պատերազմի մեկնարկից հետո սա ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների առաջին այցն է Ուկրաինա։ Ուկրաինային խոստացել են 713 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն։

«Ուզում ենք ունենալ ծանր հզոր սպառազինություն»,- մինչ հանդիպումը հայտարարել էր Զելենսկին՝ հավելելով, որ վերջին շաբաթվա ընթացքում զենքի մատակարարումների հետ կապված իրավիճակը բարելավվել է։

Բլինքենի խոսքով՝ այսօր Բայդենը կնշանակի Ուկրաինայում ԱՄՆ նոր դեսպանին։ Նախորդ դեսպանը՝ Մարի Յովանովիչը, որը եղել էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը, Կիևում իր աշխատանքն ավարտել էր վաղաժամկետ՝ 2019 թվականին։

Ինչպես ակնկալվում է նոր դեսպան կդառնա Բրիջիտ Բրինկը՝ Սլովակիայում ԱՄՆ-ի գործող դեսպանը։ 

ԱՄՆ պետքարտուղարը նաև խոստացել է, որ այս շաբաթվանից Կիև աստիճանաբար կվերադառնան ավելի վաղ հեռացած ամերիկացի դիվանագետները։ 

Կիևից հետո Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը մեկնել է Գերմանիա, որտեղ Ռամշթայն ամերիկյան բազայում հանդիպում կունենա 20 երկրների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ուկրաինայում առկա իրավիճակը։

Ավելի ուշ, Վլադիմիր Զելենսկին լուսանկարներ է հրապարակել հանդիպումից։ «Քննարկել ենք պաշտպանական օգնությունը, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականության խստացումը, Ուկրաինային ֆինանսական օգնությունն ու անվտանգության երաշխիքները։ Շնորհակալ եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներին աննախադեպ օգնության համար»,- գրել է Զելենսկին։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը տարածել է իր առավոտյան տեղեկագիրը: Հիմնական մտքերը.

  • Ռուսական զորքերը շարունակում են հարձակումը արևելյան ռազմաճակատում՝ նպատակ ունենալով բռնազավթել Դոնեցկի և Լուգանսկի մարզերն ու ցամաքային ճանապարհ բացել դեպի Ղրիմ։
  • Շարունակվում են Խարկովի և Մարիուպոլում «Азовсталь»-ի հրթիռակոծությունները։
  • Ուկրաինացիները հետ են մղել Իզյումից դեպի Բարվենկովո և Սլավյանսկ հարձակումների փորձերը։ Պոպասնայայի գրոհը շարունակվում է։
  • Ռուսական կողմը կորցրել է տանկեր, հրետանի, ավտոմեքենաներ և անօդաչուներ։

Կրիվոյ Ռոգի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը հայտարարել է, որ ռուսական զորքերը պատրաստվում են հարձակվել Կրիվոյ Ռոգի վրա։

Ըստ նրա՝ դա կարող է լինել առաջիկա օրերին։

Ուկրաինայի գլխավոր դատախազություն. պատերազմի ժամանակ զոհվել է 215 երեխա

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ պատերազմի 60 օրվա ընթացքում զոհվել է 215 երեխա։ 391 երեխա էլ վիրավորվել է։ Դեռ ապրիլի 18-ին իր տեղեկագրում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակը հայտնել էր, որ իրենց հայտնի է 169 երեխայի մահվան մասին։

ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ներառում է «նավթային էմբարգոյի որոշակի ձև»

Այդ մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։ Նրա խոսքով՝ փաթեթի մանրամասները չեն համաձայնեցվել։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն Ուկրաինայում առկա իրավիճակի մասին

  • Ռուսաստանն աննշան հաջողությունների է հասել որոշ մարզերում այն պահից, երբ իր ուշադրությունը կենտրոնացրել է Դոնբասի նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու վրա։ Բավարար նյութատեխնիկական ապահովման և մարտական աջակցության բացակայության պայմաններում Ռուսաստանին չի հաջողվել հասնել էական առաջընթացի։
  • Ռուսաստանի որոշումը պաշարել, այլ ոչ հարձակվել «Азовсталь»-ի վրա նշանակում է, որ ռուսական բազմաթիվ ստորաբաժանումներ նախկինի պես գործում են քաղաքում և չեն կարող վերախմբավորվել։ Մարիուպոլը պաշտպանող ուկրաինական ուժերը նվազեցրել են ռուսական ստորաբաժանումների մարտունակությունը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր կառույցների միջոցով, այլ ոչ քաղաքացիականների, առաջարկել է փոխհատուցումներ վճարել զոհված զինծառայողների ընտանիքներին։ Հավանաբար, դա նպատակ ունի թաքցնել կորուստների իրական մասշտաբները։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter