Աշոտ Զաքարյանը դադարեցնում է իր քաղաքական գործունեությունը ՀԱԿ-ում
Աշոտ Զաքարյանի մամուլի ասուլիսից
Նախ, ուզում եմ ողջունել բոլորիդ և իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզ՝ իմ հրավերը հարգելու և այսօր այստեղ ներկա գտնվելու համար: Լրատվամիջոցներից ներողամտություն եմ հայցում, քանի որ գիտեմ՝ վերջին շրջանում ինձ ուղղված հարցերին բավարար պատասխաններ չեմ տվել: Չնայած խոստացել էի ինձ ուղղված բոլոր հարցերին անդրադառնալ ՀՀ ԱԺ ընտրություններից անմիջապես հետո:
Ինչպես գիտեք, վերջին երկու ամիսների ընթացքում ՀԱԿ-ի վարած քաղաքականության և ԱԺ ընտրությունների հետ կապված հարցերի շուրջ փորձել եմ պահպանել լռություն: Ունենալով որոշ տարաձայնություններ՝ այնուամենայնիվ, լռությունս հետապնդել է մեկ նպատակ՝ ԱԺ նախըտրական շրջանում Հայ ազգային կոնգրեսում միասնականությունը չխաթարել, միևնույն ժամանակ այս ողջ ընթացքում իմ գործունեությամբ հնարավորինս աջակցել եմ ՀԱԿ-ին ԱԺ ընտրություններում առավելագույն քվեներ ստանալու համար:
Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ նշել, որ դա միայն պայմանավորված է եղել ՀԱԿ-ում միասնականությունը չխաթարելու նպատակով, ինչը նաև հասարակական պահանջ է եղել: Եվ քանի որ ԱԺ ընտրություններն արդեն կայացած իրողություն են, խոստմանս համաձայն, այսօր հանդես եմ գալիս քաղաքական հայտարարությամբ, միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնում պատասխանելու ձեր կողմից տրվող բոլոր հարցերին:
Վերջին շրջանում Հայ ազգային կոնգրեսի կողմից իրականացվող ներքաղաքական կուրսը ոչ միայն լրջագույն խնդիրներ ստեղծեց ՀԱԿ-ի ներսում, այլև իմ խորին համոզմամբ, կասկածի տակ դրեց ՀԱԿ վարկանիշն ու հասարակության ունեցած վստահությունը, ինչն իր արտացոլումը գտավ 2012թ.-ի մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներում: Երբեմնի հզոր կազմակերպված ընդդիմադիր ուժը, որն, իմ խորին համոզմամբ, վայելում էր հասարակության բացարձակ մեծամասնության վստահությունը, այժմ կարողացավ հաղթահարել ընդամենը ՀՀ ԱԺ մտնելու մինիմալ շեմը:
Ամենակարևոր խնդիրը, ինչին կուզենայի անդրադառնալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցություն սկսելու անհաջող փորձերն էին, ինչը, ցավոք սրտի, շարունակվում է մինչ օրս: Նախ, պետք է արձանագրել, որ ԲՀԿ-ն իշխանական կոալիցիայի մաս է կազմել, ներկայումս կա, և ենթադրում եմ, որ դեռ կլինի իշխանական կոալիցիայում:
Կարծում եմ՝ երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակի, թե ներքին և թե արտաքին քաղաքականության ձախողումների, համատարած կոռուպցիայի, մշտապես կեղծվող բոլոր մակարդակների ընտրությունների, ազգային աղետի հասնող արտագաղթի, ինչպես նաև մնացած բոլոր ոլորտներում տիրող աղետալի վիճակի համար ԲՀԿ-ն հավասարապես պատասխանատվություն է կրում:
Ավելին, գաղտնիք չէ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համարվել և համարվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը: Եվ նպաստելով այս կուսակցության վարկանիշի բարձրացմանը, որում մենք համոզվեցինք ԱԺ ընտրությունների ժամանակ՝ հնարավորություն է ստեղծվում ճանապարհ հարթելու Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադարձին:
Բացի նրանից, որ մեր պետության հիմնական դժբախտությունների պատճառը հենց նույն Ռոբերտ Քոչարյանն է (այս մարդու իշխանության տարիներին են տեղի ունեցել մեր նորօրյա պատմության ծանրագույն հանցագործությունները՝ հոկտեմբերկ 27-ը և մարտի 1-ը)՝ այս մարդու իշխանության տարիներին է, որ հիմք է դրվել քրեաօլիգարխիկ իշխանական համակարգին, որն առաջին նախագահը իրավացիորեն բնութագրեց որպես վերից վար կոռումպացված, ավազակապետական համակարգ:
Այս ամենով հանդերձ, նպաստել Քոչարյան Ռոբերտի վերադարձին, կներեք, ես այս գործընթացին մասնակից դառնալու որևէ ցանկություն չունեմ:
Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ հայտարարում եմ իմ կողմից ՀԱԿ Գյումրու տարածքային գրասենյակի համակարգողի պարտականությունները, ինչպես նաև ՀԱԿ-ում քաղաքական գործունեությունս դադարեցնելու մասին:
Հույս եմ հայտնում, որ մեր հետագա հարաբերությունների հեռանկարը տեղավորվի միմիայն փոխադարձ հարգանքի, կոռեկտության և մարդկային նորմալ փոխհարաբերությունների տրամաբանության մեջ, և ՀԱԿ-ի նոմենկլատուրան այս հարցում կունենա կարևոր դերակատարում:
Այդուհանդերձ, շնորհակալություն եմ հայտնում ՀԱԿ բոլոր համակիրներին 4 տարիների համատեղ պայքարի համար և հայցում վերջիններիս ներողամտությունը, եթե ունեցել եմ թերացումներ կամ բացթողումներ:
Հայ ազգային կոնգրեսին ցանկանում եմ արդյունավետ աշխատանք ՀՀ Ազգային ժողովում:
Աշոտ Զաքարյան
Գյումրի, 14 մայիսի 2012թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել