HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձանց

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Պ. Ե.-ն ու նույն բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը զբաղեցրած Ա. Գ.-ն կազմակերպության օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նախնական համաձայնությամբ ստացել են խոշոր չափերով կաշառք:  

Ինչպես հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Կամօյլ» ՍՊ ընկերության կողմից առանց համապատասխան թույլտվության Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող բենզալցակայանի վերանորոգման, արդիականացման և այլ աշխատանքներ իրականացնելու փաստը չարձանագրելու և դրա վերացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու համար Ա. Գ.-ն, 2021 թվականի հոկտեմբերի 21-ին իր, Պ. Ե.-ի և նշված ընկերության սեփականատեր Կ. Մ.-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նույն օրը «Կամօյլ» ՍՊԸ գրասենյակում Կ. Մ.-ի ուղղորդմամբ հանդիպել է հիշյալ ընկերության աշխատակցին և նրանից ստացել 1000 ԱՄՆ դոլարին համարժեք 476 000 դրամ կաշառք:

Նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու համար Ա. Գ.-ին և Պ. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Պ. Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը հետագայում փոխարինվել է գրավով:

Խոշոր չափերով կաշառք տալու համար Կ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Երեք մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter