HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ընդդիմության բողոքի ակցիաները. օր 1

Ապրիլի 25-ից մեկնարկել են ընդդիմության անժամկետ բողոքի ակցիաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ «Հետք»-ն ամփոփել է ընդդիմության բողոքի ակցիայի առաջին օրը։

Այսօր առավոտյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ երթը սկսում են Իջևանից։

Պատգամավորն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ապրիլի 25-ից Երևանում ամեն օր տեղի կունենան բողոքի ակցիաներ և երթեր։ Ընդդիմադիր գործիչը տեսաուղերձ էր հրապարակել, որում նշել էր, որ Հայաստանի մարզերից՝ 4 խորհրդանշանական վայրերից, քայլերթով կշարժվեն դեպի Երևան։

Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ պայքարը հանուն հայկական Արցախի և հանուն պետականության է։

ՀՅԴ երիտասարդական թեւի անդամները Արաբկիր համայնքում փողոց էին փակել՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով։ 

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն էլ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ իրազեկման խաղաղ ակցիա իրականացնելու համար դաշնակցական 5 անդամներ բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Բողոքի ակցիա են իրականացրել նաև ՀՀԿ երիտասարդները։ Նրանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի առջև են հավաքվել և վանկարկել՝ «Նիկո'լ, դավաճան»։ 

Ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման են ենթարկել։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում է, ուր բերման են ենթարկել ակցիայի մասնակից 11 քաղաքացիների։

«Արդեն հստակ է, որ Փաշինյանը ոստիկանությանը, մասնավորապես՝ կարմիր բերետների տխրահռչակ կառույցին հրահանգ է իջեցրել ամենակոշտ միջոցներով կանխել բողոքի ցանկացած ակցիա»,- գրել է պատգամավորը։

Մինչ այդ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ իր կողմնակիցների հետ իրազեկման ակցիաներ է իրականացրել Երևանում։ 

Ժամը 18։30-ից «Հայաստան» դաշինքը Կոմիտաս պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից սկսել է իրազեկման երթ, որի ժամանակ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ վաղն ընդդիմության կողմնակիցները քայլերթը սկսելու են Տիգրանաշենից։ Այնուհետև քայլերթեր կիրականացվեն Սարդարապատից և Բաշ-Ապարանից, որոնց ընթացքում, ըստ Սաղաթելյանի, ներկայացնելու են երկրին սպառնացող վտանգները և փորձելու են համախմբել քաղաքացիներին։

Պատգամավորը նշեց, որ մայիսի 1-ին մեծ հանրահավաք են կազմակերպելու ու դիմավորելու են մարզերից եկողներին։

Արթուր Վանեցյանի աջակիցները փակել են Բաղրամյան պողոտայի մուտքը Ֆրանսիայի հրապարակից։ Ընդդիմադիր գործիչը կոչ է արել քաղաքացիներին միանալ բողոքի ակցիաներին։

«Սկսվող և ուժգնացող բողոքի ակցիաներն անկասելի են։ Որևէ մեկն իրավունք չունի դուրս գալ ժողովրդի կամքի դեմ, ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ․․․ Մենք մեր պայքարը սկսել ենք այս հրապարակից, և մեր հաղթանակը ևս տոնելու ենք այս հրապարակում»,- հայտարարել է Վանեցյանը։ 

Բաղրամյան պողոտայում ակցիայի մասնակիցներին են միացել նաև «Հայաստան» դաշինքի քայլերթին մասնակցող քաղաքացիները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter