
«Երաշտ» ռիսկից հացահատիկային մշակաբույսերի ապահովագրական պայմանագրերի վաճառքը տեղի կունենա մինչև մայիսի 31-ը
Գյուղապահովագրության համակարգի ներդրման պիլոտային ծրագիրը շարունակում է ընդլայնվել։ Այսուհետ ցանկացողները հնարավորություն կունենան հացահատիկային մշակաբույսերը (ցորեն, գարի, վարսակ) ապահովագրել նաև «երաշտ» ռիսկից։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Ապահովագրական այս պրոդուկտը հասանելի կլինի Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի տնտեսավարողների համար։ Պայմանագրերի վաճառքն արդեն մեկնարկել է և կշարունակվի մինչև մայիսի 31-ը, իսկ ապահովագրական գործակալությունների հետ կնքված պայմանագրերը ուժի մեջ կմտնեն հունիսի 1-ից։
Ըստ նախարարության հաղորդագրության՝ ծրագրում նոր ապահովագրական պրոդուկտի ներառումը հնարավոր է դարձել Ապահովագրությամբ դիմակայման ներդրումային հիմնադրամի և «Սպայկա» ՍՊԸ-ի հետ համագործակցության շնորհիվ։
Ապրիլի 25-ին Էկոնոմիկայի նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ նախարարության և «Սպայկա» ընկերության միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և «Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը։
Հուշագրի հիմնական նպատակն է նվազեցնել հայ ֆերմերների խոցելիությունը՝ պայմանավորված արտադրական ռիսկերով և երաշտի վտանգի հետևանքով առաջացող կորուստներով։
Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը: «Երաշտ» ռիսկի դեպքում սուբսիդավորվում է ապահովագրավճարի 60 տոկոսը։
Ծրագրից օգտվելու համար գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողները պետք է դիմեն ստորև նշված ապահովագրական ընկերություններից որևէ մեկին՝ «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ:
Մեկնաբանել