
Ուկրաինայում պատերազմի 62-րդ օրը (առավոտյան ամփոփում)
Առավոտյան ամփոփումը սկսենք Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ բրիտանական ռազմական հետախուզության առավոտյան ամփոփագրով։
- Ռուսական ուժերը երկրի արևելքում, հավանաբար, փորձում են շրջափակել ուկրաինական լավ ամրացված դիրքերը։
- Ենթադրաբար, Կրեմեննայա քաղաքն ընկել է։ Հաղորդվում է Իզյումից հարավ ծանր մարտերի մասին, որտեղ ռուսական զորքերը փորձում են առաջ շարժվել դեպի Սլավյանս և Կրամատորսկ քաղաքներ, որոնք գտնվում են, համապատասխանաբար, դեպի հյուսիս և արևելք։
- Ուկրաինական ուժերը պատրաստվում են հարավից Զապորոժյեի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակմանը:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան ամփոփագիրը։
- Արևելյան ռազմաճակատում փոփոխություններ չկան։
- Ռուսական զորքերը հրթիռահրետակոծում են ուկրաինական դիրքերը՝ երբեմն փորձելով հարձակվել։ Նրանք չեն թողնում Պոպասնայան և Զավոդին գրավելու փորձերը։
- Շարունակվում է «Азовсталь»-ի հրթիռակոծումը, որտեղ թաքնվում են ուկրաինացի զինվորականները և մոտ հազար քաղաքացիական անձ։
- Բռնազավթված Խերսոնում ոնչնացվել է զինամթերքի պահեստ և սպանվել ավելի քան 70 ռուսաստանցի զինվորական։
Վյաչեսլավ Վոլոդինը Ուկրաինային անվանել է «ահաբեկչական պետություն»։
ՌԴ Պետդումայի խոսնակը նման հայտարարություն արել է լրագրող Վլադիմիր Սոլովյովի վրա ենթադրյալ հարձակման փորձը մեկնաբանելիս։
«Պատերազմ հրահրելով սեփական ժողովրդի դեմ՝ Կիևն անցել է այլ երկրների խաղաղ բնակչության դեմ ահաբեկչություններին։ Ահա թե ինչու է հանգեցնում նեոնացիստական գաղափարախոսությանն աջակցելը։ Անհրաժեշտ է ընդունել. Ուկրաինան ահաբեկչական պետություն է։ Զելենսկին պետք է պատասխանատվության ենթարկվի»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Վոլոդինը։
Զապորոժյեի մարզը ենթարկվել է հրթիռակոծման։
«Առավոտյան 06:50-ին գրանցվել են «ժամանումներ»։ Հանգամանքները պարզվում են»,- հայտնել է Զապորոժյեի մարզային զինվորական վարչակազմը։
Պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայում զոհվել է 217 երեխա։
Նման տվյալներ է հրապարակել Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը։ Եվս ավելի քան 391-ը վիրավորվել է։ Ամենամեծ թվով երեխաները տուժել են Դոնեցկի (127), Կիևի (114) և Խարկովի (93) մարզերում։
Ապրիլի 25-ին ռուսական զորքերի կողմից Դոնեցկի մարզի Լիման քաղաքի բնակելի շենքերի հրթիռակոծման հետևանքով մահացու վիրավորում էին ստացել 9 և 13 տարեկան երկու երեխա։
Volvo-ն և Land Rover Jaguar-ը կրճատում են Ռուսաստանում աշխատակիցների հիմնական մասը։
Այդ մասին գրում է «Коммерсант»-ը։ Մեկ շաբաթ առաջ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանից վերջնական հեռանում է առաջին օտարերկյա ավտոկոնցեռնը՝ General Motors-ը (GM)։ Պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանում դադարեցրել կամ իրենց աշխատանքը կրճատել են արդեն 750 արտասահմանյան ընկերություն։
Ուկրաինայի օդային ուժերի հրամանատարությունը հայտարարել է մեկ օրվա ընթացքում օդային 9 թիրախի խոցման մասին։
Խոսքը 3 ինքնաթիռի, 4 անօդաչուի և 3 թևավոր հրթիռի մասին է։
Խոցված ինքնաթիռների թվում են՝ Су-34, Су-35 և Су-30։
Լուսանկարը՝ The New York Times-ի
Մեկնաբանել