HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վարդանի զարթոնքը» բանակցում է ընդերքօգտագործման իրավունքը հաշտությամբ վերականգնելու համար

«Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Կարո Միքայելյանն այսօր Վարչական դատարանում հայտարարեց, որ ընկերությունը բանակցություններ է վարում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ հաշտություն կնքելու համար:

Հիշեցնենք, որ «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ն դատարանում վիճարկում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ Վայոց ձորի մարզի Սոֆի-բինայի ոսկի բազմամետաղների հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հրամանը։ Դրա շրջանակներում «Վարդանի զարթոնք»-ին հաջողվել է միջնորդությամբ կասեցնել նախախարի հրամանի կատարումը մինչև բուն գործով ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։

«Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ն, հիշեցնենք, ԱԺ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի որդուն և մերձավորներին է պատկանում։ Այվազյանի որդին՝ Սուրեն Այվազյանը, այնտեղ 40 տոկոս բաժնեմաս ունի։

Ինչու էր կասեցվել ընդերքօգտագործման իրավունքը

Ընկերության ընդերքօգտագործման իրավունքը դադարեցրել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Սուրեն Պապիկյանը՝ 2020թ օգոստոսի 7-ի հրամանով, որովհետև Սոֆի-բինայի ոսկի բազմամետաղների հանքավայրում 2012թ․-ին ընդերքօգտագործման իրավունքը ստանալուց ի վեր արդյունահանման աշխատանքներ չէին իրականացվել։

Հիշեցնենք, որ մինչ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումը զգուշացումներ էին ուղարկվել «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ին, ընկերության նկատմամբ վարչական վարույթ էր հարուցվել և դրա արդյունքում կայացվել էր ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հրամանը։

Վարչական վարույթով արձանագրվել էր, որ խախտվել են «Ընդերքի մասին» օրենսգրքի պահանջները և ընդերքօգտագործման պայմանագրի պայմանները։

«Վարդանի զարթոնք» ընկերության ներկայացուցիչը ևս հիմնավորումներ է ներկայացրել։ Մասնավորապես, գրությամբ նշել է, որ 2013 և 2014թթ դիմել է Զառիթափ համայնքի ղեկավարին լեռնահատկացման ակտում ներառված 76,6 հա հողամասն ընկերության օգտագործման իրավունքով տրամադրելու համար։ Սակայն համայնքի ղեկավարը հայտնել է, որ տվյալ հողատարածքը 25 տարի ժամկետով տրված է վարձակալության։ Ընկերությունը խնդրի լուծման համար 2014թ-ին դիմել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարին։ Բացի դրանից, «Վարդանի զարթոնք»-ի դիրքորոշմամբ, լիազոր մարմինն ընդերքօգտագործման պայմանագրով պարտավորվել է երաշխավորել, որ հողատարածքը ծանրաբեռնված չէ այլ անձանց իրավունքներով։ Գրությամբ ընկերությունը նաև հայտնել է, որ հողամասի վարձակալի հետ 2020թ հունվարի 22-ին կնքել է ենթավարձակալության պայմանագիր, և կատարվել են որոշակի աշխատանքներ, կատարել է բոլոր հնարավոր գործողությունները և չի խախտել «Ընդերքի մասին» օրենսգրքի պահանջներն ու պայմանագրի կետերը։

Սակայն Զառիթափի համայնքապետը 2020թ հունիսի 15-ին գրությամբ հայտնել է, որ հողատարածքից 66 հա-ն 2005թ-ից 25 տարի ժամկետով վարձակալության է տրամադրված քաղաքացի Լևոն Վարդանյանին, իսկ 25 հա-ն՝ 2007թ-ից 25 տարի ժամկետով՝ «Աբռուպտուս» ՍՊԸ-ին՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար։ Գրությամբ համայնքապետը հայտնել է, որ հողատարածքը հանքարդյունահանման նպատակով տրամադրելու վերաբերյալ ընկերության հետ պայմանավորվածություն չկա, ինչպես նաև վարձակալների հետ ընկերության կողմից ենթավարձակալության պայմանագիր կնքված չէ։

Մինչդեռ «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ն ներկայացրել է նաև 2020թ հունվարի 22-ին «Աբռուպտուս» ՍՊԸ-ի և ընկերության միջև կնքված ենթավարձակալության պայմանագիրը։

Այդուհանդերձ, վարչական վարույթը հօգուտ ընդերքօգտագործողի չէր։

Ինչու է կասեցվել ընդերքօգտագործման հրամանի կատարումը

2020թհոկտեմբերին «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման նախարարի հրամանը։

Դատական քննության փուլում ընկերության ներկայացուցիչ Կարո Միքայելյանը դատարան է ներկայացրել վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն, որը, սակայն, դատարանը չի բավարարել։ Դատարանը եզրակացրել է, որ հայցվորի կողմից չեն ներկայացվել բավարար ապացույցներ, ինչպես նաև հայցվորի կողմից որոշման կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդության հիմքում դրված հանգամանքները բավարար չեն եզրահանգելու, որ ներկայացված հայցապահանջի շրջանակներում առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

Նշենք, որ այս ընթացքում գործը քննել է դատավոր Էդվարդ Նահապետյանը։ Այնուհետև Վարչական դատարանի նախագահի կողմից գործերի վերաբաշխման արդյունքում գործը տեղափոխվել է այլ դատավորի՝  Սամվել Հովակիմյանի վարույթ։

Միջանկյալ դատական ակտի դեմ հայցվորի ներկայացուցիչ Կարո Միքայելյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք և նշել, որ վարչական ակտի գործողությունը չկասեցնելու արդյունքում կամ դրա պատճառով ընկերությունը, մինչև ընդերքօգտագործման պայմանագրի գործողության ավարտը, անընդհատ և պարբերաբար չի կատարելու պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, քանի որ պայմանագրով ամրագրված և հայցվորի կողմից ստանձնած պարտավորությունները կրում են շղթայական բնույթ, այսինքն, միմյանց հետ գտնվում են պատճառահետևանքային կապի մեջ, այն է՝ որևէ ժամանակահատվածի համար սահմանված պարտավորությունների չկատարումը հանգեցնում է հետագայում ստանձնած պարտավորությունների չկատարմանը, օրինակ` խախտվելու է յուրաքանչյուր տարվա, եռամսյակի համար սահմանված հանքաքարի մարման, մակաբացման աշխատանքների ծավալները։ Ինչի արդյունքում, համաձայն Ընդերքի մասին օրենսգրքի, հայցվորին կարող են զրկել ընդերքօգտագործման իրավունքից։ Դա հայցվորի համար անհնարին կդարձնի իր իրավունքների պաշտպանությունը:

«Ընկերությունը հանքավայրը չշահագործելու արդյունքում կկրի մեծ նյութական վնասներ շահույթ չստանալու պատճառով, ինչը կարտացոլվի նաև պետական բյուջեի վրա հարկեր չվճարելու պատճառով, աշխատակիցների վրա՝ շահույթ չստանալու արդյունքում հայցվորը ստիպված կլինի ազատելու աշխատակիցներին աշխատանքից, համայնքի վրա՝ չաշխատելու և շահույթ չստանալու արդյունքում հայցվորը ստիպված կդադարեցնի համայնքին տրամադրվող սոցիալական օգնությունները, աջակցությունը։ Հաշվի առնելով նաև երկրի ներկայիս իրավիճակը, կարծում եմ անթույլատրելի է նման հետևանքների ստեղծումը»,- նշել է հայցվորի ներկայացուցիչ Կարո Միքայելյանը։

Հիմնավորելով դիրքորոշումը՝ հայցվորը մանրամասնել է, որ Սոֆի-բինայի հանքավայրում 1 տոննա ոսկու հանքաքարում պարունակվում է 4.5 գրամ ոսկի, և հայցվորին տվյալ հանքավայրը տրված է տարեկան 10.000 տոննա օգտակար հանածո` ոսկու հանքաքար արդյունահանելու համար, որի մեջ պարունակվում է 45000 գրամ ոսկի, այսինքն, հրամանը չկասեցնելու արդյունքում հայցվորը զրկվում է 10.000 տոննա հանքաքար արդյունահանելուց։ Հայցվորը պայմանագրով և նախագծով ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնք ենթակա են պարբերաբար կատարման, և մեկը հաջորդում է մյուսին, և նրանք գտնվում են միմյանց հետ շղթայական կապի մեջ, և այդ շղթայում որևէ պարտավորության խախտում բերում է ամբողջ շղթայական պարտավորության խախտմանը:

Բացի դրանից, նախարարի հրամանը չկասեցնելու արդյունքում, պետությունը, ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մինչև դատական գործի ավարտը կարող է այլ իրավաբանական անձի տրամադրել տվյալ հանքավայրի շահագործման իրավունքը:  Հետագայում, երբ դատական վեճն ավարտվի հօգուտ հայցվորի, վերջինս չի կարողանա շահագործել տվյալ հանքավայրը, քանի որ արդեն այլ անձ շահագործած կլինի ամբողջությամբ կամ մասամբ ինչը կբերի հայցվորի իրավունքները հետագայում պաշտպանելու անհնարինության:

Վերաքննիչ վարչական դատարանը, դատավոր Ա. Թովմասյանի նախագահությամբ, ընդունելով հայցվորի հիմնավորումները, որոշել է «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարել՝  կայացնելով նոր դատական ակտ և բավարարելով ընկերության միջնորդությունը։ Այդպիսով, կասեցվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հրամանի կատարումը մինչև այս գործով ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Չնայած ՏԿԵՆ-ն բողոքարկել է այս որոշումը Վճռաբեկում, վերջինը ՏԿԵՆ-ի բերած բողոքը թողել է առանց քննության։

Ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման գործը Սամվել Հովակիմյանի վարույթում պիտի քննվեր: Սակայն «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ի ներկայացուցիչը միջնորդել է հետաձգել նիստը` հաշտության համաձայնություն կնքելու շուրջ բանակցություններ վարելու համար: Այսօրվա նիստին դատավորը հետաքրքրվեց, թե արդյոք հաշտության եզրեր գտել են վեճը արտադատական կարգով լուծելու համար, Կարո Միքայելյանը հավաստիացրեց, որ ակտիվ բանակցություններ են ընթանում դրա շոււրջ, ինչի համար դեռևս ժամանակ է հարկավոր, քանի որ վերջնական համաձայնությունը չեն կնքել:

Դատավոր Հովակիմյանը հետաձգեց նիստը մինչև օգոստոս և հորդորեց կողմին կամ հայցից հրաժարվելու, կամ հաշտություն կնքելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել մինչ հաջորդ նիստը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter