HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային արխիվն ու կինոկենտրոնը կմիավորեն ջանքերը՝ վերականգնելու հայկական հին կինոնկարները

Այսօր՝ ապրիլի  26-ին, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանն ու «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով երկու կազմակերպության միջև լայն փոխգործակցություն է սահմանվում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող ֆիլմերի պահպանման, թվայնացման և հանրահռչակման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը:

«Խոսքն ինչպես խաղարկային (գեղարվեստական), այնպես էլ վավերագրական, անիմացիոն և խրոնիկալ կինոնկարների մասին է:

Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային արխիվում՝ Կինոֆոտոֆոնո մասնաճյուղում, պահվում են տասնյակ հազարավոր ֆոտո և տեսաժապավեններ, որոնք այսուհետ կվերականգնվեն և կգործարկվեն համատեղ ջանքերով:

Համաձայն հուշագրի՝ Ազգային արխիվը կինոկենտրոնին է տրամադրում հայկական կինոնկարների ելանյութային ժապավենները՝ թվային վերականգնման և կոմերցիոն ու ոչ կոմերցիոն նպատակներով օգտագործման համար: Պետական հոբելյանական միջոցառումների, միջազգային փառատոնների ներկայացվածության հարցն այսուհետ կորոշվի երկու կողմերի համատեղ գնահատմամբ: Ժապավենների սկանավորումից և վերականգնումից հետո Ազգային արխիվին կվերադարձվեն բնօրինակ և ձայնագրված երկու նոր օրինակներ։ Ազգային արխիվն իր տրամադրած նյութերի հանդեպ սահմանում է պայմանագրային վերահսկողություն՝ միաժամանակ շատ չմիջամտելով ազգային կինոկենտրոնի գործողություններին:

Այսպիսով՝ հուշագրով նոր շունչ է հաղորդվելու տասնամյակներ շարունակ Ազգային արխիվի պահոցներում գտնվող հայկական տեսալսողական ֆիլմերին, հին ժապավեններին և լուսանկարներին: Դրանք հանձնվելու են պրոֆեսիոնալ մշակման՝ դյուրացնելով հայկական կինոնկարների հետագա ներկայացվածությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter