HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեբեդում գտնված երեխան փրկվել է, մայրը՝ ձերբակալվել

Ոստիկանությունը հայտնում է, որ ապրիլի 25-ին՝ ժամը 17.45-ին, Թումանյանի բաժին ստացվել է հաղորդում, որ Ալավերդի քաղաքում երեխա է ընկել Դեբեդ գետը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է երկու տարեկան աղջնակի ինքնությունը։

«Նրա 31-ամյա մոր հայտարարության համաձայն՝ իր անզգուշության հետևանքով առանց հսկողության մնացած երեխան Ալավերդու Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ գտնվող և Դեբեդ գետի երկայնքով ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է գետը:

Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության որոնողափրկարարական միջոցառումներին միացել են ոստիկանության աշխատակիցներ, նաև՝ տեղի բնակիչներ։ Ժամը 18.30-ի սահմաններում, մոր նշած վայրից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա, Դեբեդ գետում որոնողական աշխատանքներին մասնակցող քաղաքացին հայտնաբերել է անգիտակից աղջնակին։

Նա տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն, ապա՝ Վանաձորի հիվանդանոց, որտեղից էլ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վանաձորի ճանապարհին երեխան ուշքի է եկել, և ըստ նախնական տվյալների՝ նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում։

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 21.30-ին, սպանության փորձ կատարելու կասկածանքով, Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից բաժին բերման է ենթարկվել երեխայի մայրը։ Նա հաղորդում է տվել, որ ժամը 17.10-ի սահմաններում, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, ինքն է իր մանկահասակ դստերը 3-4 մետր բարձրությունից գցել գետը:

Այնուհետև նրան են մոտեցել պատահական անցորդներ, որոնց նա հայտնել է, թե երեխան ընկել է գետը։ Այդ անձինք էլ ահազանգել են 911։ Դեպքի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով։ Մայրը ձերբակալվել է և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր:

Քրեական գործը ոստիկանությունից փոխանցվել է տարածքային քննչական մարմնին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter