HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հայաստանում անասնաբույժների կարիք կա. պետական մարմինները բարեփոխումների պլան են մշակել

Ապրիլի 29-ին Հայաստանում նշվելու է անասնաբույժի օրը։ Օրվան ընդառաջ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը խոսել են անասնաբուժական ոլորտում եղած բացթողումների, արտահանման խնդիրների, նախատեսված բարեփոխումների և ծրագրերի մասին։

 

ԵԱՏՄ-ում կենդանական ծագման մթերքը համարվում է բարձր ռիսկային, և այդ պատճառով արտադրողները ԵԱՏՄ երկրներ կամ երրորդ երկրներ արտահանելու համար պետք է պարտադիր ներառվեն միասնական ռեեստրում։

Հայաստանից միս և մսամթերք հիմնականում արտահանվում է Քաթար և Քուվեյթ, նաև՝ Հորդանան, Լիբանան, Իրաք և արաբական պետություններ։ Նախորդ տարի Հայաստանից արտահանվել է մոտ 105 հազար մանր եղջերավոր և մոտ 38 հազար խոշոր եղջերավոր կենդանի։

Արտահանումն իրականացվել է մեծ մասամբ Իրանի ցամաքային ճանապարհով.

«Մենք Իրանի կողմի հետ շատ ծանր աշխատանք տարանք՝ տարի ու կես մոտավորապես, որ կարողացանք այդ հնարավորությունը ստանալ՝ բացել ճանապարհը դեպի արաբական երկրներ և՛ խոշոր եղջերավոր կենդանիների, և՛ մանր եղջերավորների կենդանիների արտահանման հարցում»,- ասում է ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանը։

Հայաստանում անասնաբույժների լուրջ կարիք կա։ ՍԱՏՄ պետ Գերոգի Ավետիսյանն ասում է, որ շատերը չեն ընտրում անասնաբուժությունը՝ որպես մասնագիտություն, իսկ ընտրելու դեպքում էլ «շների և կատուների հետ են ցանկանում աշխատել», ինչի պատճառով գյուղատնտեսական ոլորտը մնում է բաց։

Նա ասում է, որ ՍԱՏՄ պետ դառնալիս քաղաքականություն է որդեգրել հանրայնացնել ոչ միայն անասնաբույժի, այլև ագրոնոմի մասնագիտության կարևորությունը, իսկ անասնաբույժի օրն առանձնահատուկ նշելը, Գ. Ավետիսյանի խոսքով, այդ քայլերից մեկն է։

Էկոնոմիկայի փոխնախարար Տ. Գաբրիելյանը նշում է, որ մասնագետի բացակայության պատճառը խորհրդային տարիների և ներկայում եղած անասնապահության վարման տարբեր համակարգն էր.

«Այն ժամանակ կային կոլխոզներ, սովխոզներ, և անասնագլխաքանակը հավաքված էր մի տեղում, շատ հեշտ էր այդ սիստեմով վարել անասնաբուժությունը, բայց այսօր մենք ունենք փոքր ֆերմերային տնտեսություններ, որտեղ փոքր գլխաքանակ կուտակված է շատ տեղերում, դրա համար մենք ունեցանք խնդիր»,- ասում է Տ. Գաբրիելյանը։

Էկոնոմիկայի նախարարությունն այժմ փոփոխություններ է իրականացնում «Անասնաբուժության մասին» օրենքում, որով նախատեսվում է լիցենզավորել մասնավոր, կամ արդեն իսկ աշխատող անասնաբույժներին։ Նախկինում լիցենզիան պարտադիր չէր։

«Հիմա օրենքի նախագիծն արդեն պատրաստ է, շահագրգիռ գերատեսչություններով շրջանառված է և, կարծում եմ, մոտ ժամանակներս արդեն կմտնի Կառավարություն, այնուհետև՝ Ազգային ժողով»,- ասում է Տ. Գաբրիելյանը։

Անասնաբույժների մասնագիտական որակները բարելավելու համար Էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ մշակել է անասնաբույժների մասնագիտական վերապատրաստման ծրագիր, իսկ ՍԱՏՄ-ն հատուկ լաբորատոր սենյակ է կահավորել, որտեղ Ագրարային համալսարանի ուսանողները կկարողանան արդեն պրակտիկ գործունեություն իրականացնել։

ՍԱՏՄ պետ Գ. Ավետիսյանի խոսքով՝ լիզենցավորումն ու մասնագիտական որակները բարելավելու նման քաղաքականությունը խթան կհանդիսանա նաև սննդամթերքի անվտանգության ոլորտում առաջընթացի համար.

«Անասնաբույժները, որոնք կենդանիներին վաճառելու, կամ կենդանիներից ստացված մթերքը վաճառելու համար տալիս են անասնաբուժական վկայական, արդեն վստահ կլինեն, որ իրենց տված անասնաբուժական վկայականը կլինի իրականություն, նաև վերահսկող մարմինը կհասկանա, որ այդ վկայականին կարելի է վստահել»,- ասում է Գ. Ավետիսյանը՝ նշելով սակայն, որ միայն լիցենզավորումը դրա համար քիչ է. աշնանը Էկոնոմիկայի նախարարությունը կենդանիների համարակալում և հաշվառում կսկսի, որը, ըստ Ավետիսյանի, վերահսկողության ամենամեծ գործիքը կլինի, քանի որ հնարավոր կլինի հետևել կենդանիների շարժին, ինչպես նաև՝ պահպանել անասնահամաճարակային ավելի կայուն վիճակ ու ապահովել կենդանական ծագման սննդամթերքի անվտանգությունը։ Բացի այդ, կենդանական ծագման մթերք Եվրոպա արտահանելու նախապայմանը կենդանիների համարակալում և հաշվառում ունենալն է։

Կենդանիներին պատշաճ պատվաստելու հարցը Էկոնոմիկայի նախարարությունը որոշել է լուծել հավելվածի շնորհիվ. Տ. Գաբրիելյանն ասում է, որ մշակվել է հեռախոսային հավելված, որով փորձելու են թվայնացնել պատվաստման գործընթացը։

Թե այս ծրագրերից հետո կոնկրետ երբ ոլորտում կնկատվեն դրական փոփոխություններ, Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով, առնվազն 3-4 տարի է պետք, քանի որ նույնիսկ ինտենսիվ աշխատանքի դեպքում արդյունքն արագ չի երևա։

Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter