HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հելսինկյան կոմիտեն կոչ է անում ՀՀ իրավապահ մարմիններին հավաքների վարչարարության ընթացքում դրսևորել առավելագույն զսպվածություն

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կոչ է անում ՀՀ իրավապահ մարմիններին՝ հավաքների վարչարարության ընթացքում դրսևորել առավելագույն զսպվածություն և արհեստավարժություն։ Կոմիտեի տարածած հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Նախորդ շաբաթ մի շարք ընդդիմադիր ուժեր հայտարարեցին գալիք ժամանակահատվածում մշտական բողոքի ցույցերի անցկացման մասին։ Հավաքների ընթացքում մասնակիցները հաճախ իրականացնում են քաղաքացիական անհնազանդության գործողություններ, ներառյալ փողոցների երթևեկելի հատվածների ժամանակավոր արգելափակումներ։ Հաշվի առնելով երկրում առկա խիստ լարված քաղաքական մթնոլորտը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կոչ է անում ՀՀ իրավապահ մարմիններին՝ հավաքների վարչարարության ընթացքում դրսևորել առավելագույն զսպվածություն և արհեստավարժություն։

Կոմիտեի կողմից իրականացվող մշտադիտարկումը ցույց է տալիս, որ մի շարք դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից իրականացվող միջամտությունները անհամաչափ են և անհարկի, դիտարկվել են բռնության գործադրման դեպքեր։ Օրինակ՝ ապրիլի 25-ին Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի, ինչպես նաև ապրիլի  26-ին՝ Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկներում անցկացված բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանության զորքերի և ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների կողմից մասնակիցների նկատմամբ կիրառվել է ակնհայտ անհամաչափ, բռնի ուժ։ Համացանցում տարածված տեսանյութերից մեկում ակնհայտ երևում է, թե ինչպես է նույն գումարտակի ծառայողը բռունցքով հարվածներ հասցնում ոստիկանական մեքենայում գտնվող ցուցարարին[1]։ Բացի այդ, ապրիլի 25-ին տեղի ունեցած հավաքի ընթացքում ոստիկանության ծառայողները թույլ չեն տվել մասնակիցներին մոտենալ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի շենքին, մինչդեռ նման սահմանափակում նախատեսված չէ օրենքով։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կրկին կոչ է անում ՀՀ իրավապահ մարմիններին՝ ձեռնպահ մնալ հավաքների ազատության իրավունքի խախտումներից և անհամաչափ սահմանափակումներից, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել լիազորություններն անցած և կոպիտ խախտումներ թույլ տված բոլոր ոստիկանության ծառայողներին»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter