
Դեբեդ գետն ընկած երեխայի վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում
Դեբեդ գետում հայտնաբերված փոքրիկ աղջկա մոտ նկատվում է դրական դինամիկա։ Վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։
«Արդեն մտերմացել է անձնակազմի հետ ու արևի պես ժպտում է բոլորին։ Փոքրիկի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, բայց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն անում են հնարավորը»,- նշել է ԲԿ-ի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ նույն օրը՝ ժամը 17:36-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։ Ժամը 18։32-ին երեխան (Ա․ Խ․ ծնված 2020 թ․) տեղի ուժերով գտնվել և տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Ապրիլի 26-ին էլ ոստիկանությունը հաղորդեց, որ բերման է ենթարկվել մանկահասակ երեխայի մայրը։ Նա հաղորդում է տվել, որ ապրիլի 25-ին ժամը 17։10-ի սահմաններում, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, ինքն է իր մանկահասակ դստերը 3-4 մետր բարձրությունից գցել գետը:
Մեկնաբանել