HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 63-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Եվ այսպես գիշերը Ուկրաինային սահմանամերձ ռուսական բնակավայրերում անհանգիստ է եղել։

Կուրսկում գիշերն աշխատել է ՀՕՊ համակարգը։

Այդ մասին հայտնել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը։ Նրա խոսքով՝ զոհեր և վիրավորներ չկան։ Պատահարի մանրամասները Ստարովոյտը չի հայտնել՝ խոստանալով ավելի ուշ տեղեկացնել։

«Курский Бомондъ»-ը տեսանյութ է հրապարակել, որը, ենթադրաբար, նկարահանվել է Կուրսկում։ Այնտեղ լսվում են ուժեղ ճայթյունների ձայներ։ Մեկնաբանություններում տեղացիները գրում են, որ արթնացել են ուժեղ պայթյուններից։

 

Վորոնեժի մոտ էլ խոցվել է ուկրաինական անօդաչու։

Այդ մասին էլ հայտարարել է Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։ 

«Այսօր առավոտյան Վորոնեժի երկնքում ՀՕՊ համակարգերը հայտնաբերել են և հաջողությամբ ոչնչացրել փոքր հետախուզական անօդաչու։ Իրավիճակը պահում եմ անձնական վերահսկողության տակ։ Մարզի բնակիչների կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում»,- գրել է Գուսևը։

Տնտեսական գլխավոր լուրն էլ այն է, որ «Газпром»-ն ամբողջությամբ դադարեցրել է բուլղարական «Булгаргаз» և լեհական PGNiG ընկերությանը գազի մատակարարումը։

Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ դա արվել է ռուբլով գազամատակարարման չվճարման համար։

Իր հերթին Լեհաստանի կառավարության ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների հարցերով ներկայացուցիչ Պետր Նաիմսկին հայտարարել է, որ Լեհաստանն այլևս մտադիր չէ գազ գնել Ռուսաստանից։

Փոխարենը Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Ավստրիան ընդունում է ռուսական գազի համար ռուբլով վճարման պայմանը։

VISA-ն 60 միլիոն դոլար է գնահատել Ռուսաստանից ընկերության հեռանալը։

Այդ գումարից 35 միլիոնը ծախսվել է ռուսական դուստր կազմակերպության «ապակոնսոլիդացման» համար, և ևս 25 միլիոնը՝ Ռուսաստանում և Ուկրաինայում անձնակազմին աջակցությանը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը։

Նախօրեին Մոսկվայում կայացել էր Գուտերիշի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։ Հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ սկզբունքորեն դեմ չէ, որ Մարիուպոլի «Азовсталь» գործարանից մարդասիրական միջանցք բացվի խաղաղ բնակիչների ելքի համար։

Մի քանի օրից Գուտերիշը կհանդիպի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էլ հայտարարել է, որ Էրդողանի առաջարկությամբ, առաջիկա օրերին հնարավոր է կայանա Պուտին-Զելենսկի հանդիպում։

Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզությունն Ուկրաինայում առկա իրավիճակի մասին.

  • Ուկրաինան պահպանում է վերահսկողությունն իր օդային տարածքի մեծ մասի վրա։ Ռուսաստանին չի հաջողվել արդյունավետորեն ոչնչացնել ուկրաինական ռազմաօդային ուժերը և ճնշել ուկրաինական ՀՕՊ համակարգը։ Ուկրաինան շարունակում է ռիսկի ենթարկել ռուսական ավիացիոն միջոցներին։
  • Ռուսական ավիացիայի ակտիվ գործողությունները, հիմնականում, կենտրոնացած են Ուկրաինայում հարավում և արևելքում և ցուցաբերում են աջակցություն ռուսական ցամաքային զորքերին։ Ռուսաստանը ունի սահմանափակ հասանելիություն Ուկրաինայի հյուսիսի և արևմուտքի օդային տարածքներ՝ սահմանափակվելով միայն հեռահար զենքից հարվածներով։ Ընդ որում, ռուսական կողմը շարունակում է հարվածներ հասցնել ուկրաինական ռազմական օբյեկտներին և լոգիստիկ ենթակառուցվածքներին։
  • Մարիուպոլի ուղղությամբ ավիահարվածների մեծամասնությունը, հավանաբար, հասցվում է անկառավարելի հրթիռների կիրառմամբ։ Այդ զենքն իջեցնում է ՌԴ-ի ունակությունը արդյունավետ կերպով տարբերելու, թե կոնկրետ որտեղ են հասցվելու հարվածները, ինչը մեծացնում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։

CNN հեռուստաընկերության տրամադրության տակ է հայտնվել Կիևի մարզի Բուչա քաղաքում դրոնից արվել նկարահանումը, որն արվել է այն ժամանակ, երբ քաղաքը գտնվում էր ռուսական զորքերի վերահսկողության տակ։

Հեռուսաընկերությունը հայտնում է, որ իրեն հաջողվել է վավերացնել տեսանյութը և պարզել, որ այն արվել է մարտի 12-13-ը։

Տեսանյութում երևում են սպանված մարդկանց մարմիններ, որոնք ընկած են քաղաքի փողոցներում, ինչպես նաև երևում են ռուսական զինվորականներ և տեխնիկա։ Մասնավորապես, կադրում հայտնվել են մահացածների մարմիններ, որոնք ընկած են այն նույն վայրերում, որոնք երևում են նաև ապրիլի 1-ին արված տեսանյությում։ Տեսանյութի կադրերից մեկում երևում է, որ ռուսաստանցի զինվորականները գտնվում են այն նույն փողոցում, որտեղ ընկած են մարմինները։

Լուսանկարը՝ Associated Press-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter