Երևանում ընթանում են կանաչապատման ու ծաղկապատման, շենքերի լվացման աշխատանքներ
Երևանի քաղաքապետարանի 2012թ. ծրագրով նախատեսված 140 շենքից արդեն լվացվել և վերանորոգվել են 35 շենքի ճակատային հատվածները: Երևանի զարգացման ընթացիկ տարվա ծրագրով արդեն գիշերային լուսավորությամբ ապահովվել է 168 փողոց ու բակ, 14 այգի:
Այսօրվա աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով բակային տարածքների բարեկարգման աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանի ծրագրերով, ինչպես նաև մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում ավելի քան 300 բակային տարածք է բարեկարգվել:
Մայրաքաղաքում արդեն ավարտվել են նաև 437 նստարանի և 295 աղբամանի տեղադրման աշխատանքները: Տարոն Մարգարյանը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում ավելացնել դրանց քանակը, նաև գույքագրել Կենտրոն վարչական շրջանում տեղադրված հին նստարաններն ու աղբամանները և դրանք նույնպես փոխարինել նորերով: Առաջիկայում նոր նստարաններով և աղբամաններով կկահավորվեն նաև մայրաքաղաքի մյուս վարչական շրջանները:
Մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում 2012 թ. ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն:
«Բոլոր այն տեղերում, որտեղ ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման և ճաքալցման աշխատանքներն անորակ և թերի են կատարվել, պարտադրել կապալառու կազմակերպություններին իրենց միջոցներով վերացնելու թերությունները»,- ասել է Տարոն Մարգարյանը:
Լայն թափով շարունակվում են նաև քաղաքապետարանի 2012թ. ծրագրերով նախատեսված կանաչապատման և ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքները:
Նոր սիզամարգերի ստեղծման մասով արդեն ավարտվել են Դավիթ Բեկ փողոցի, Երևան-Եղվարդ խճուղու, Դավթաշենի կամրջի, Աթենքի փողոցի կամրջի հարակից հատվածների կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները: Քաղաքապետը բոլոր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել կանաչ տարածքների խնամքին և հնարավորին սեղմ ժամկետներում ավարտին հասցնել Երևանի մուտքերին հարող տարածքների կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել