Աշխատանքային հարաբերությունները չգրանցելը երկու կողմին էլ վնասում է
Հայկուհի Մանազյանը 2021-ի ապրիլից աշխատել է Հայաստանի կրթական կենտրոններից մեկում: Ադմինիստրատիվ աշխատակից է եղել, զբաղվել է նաեւ մասնագետների հավաքագրմամբ, վաճառքներով, սոցիալական էջերում հայտարարություններ տեղադրելով: Պատմում է՝ գործատուի հետ շատ դժվարությամբ են աշխատանքի իրավական պայմանագիր կնքել, քանի որ գործատուն առաջարկել է ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել: Խնդիր էր նաեւ այն, որ պայմանագիրը երեք ամսով էր կնքվում, եւ երբ Հայկուհին ֆիզարձակուրդ պետք է գնար, գործատուն հրաժարվել է պայմանագիր կնքել:
«Դեկտեմբերին ֆիզարձակուրդ պետք է գնայի, քանի որ հղի էի, սակայն գործատուն չցանկացավ շարունակել պայմանագիրը: Նոյեմբերին էլ չգնացի աշխատանքի, որովհետև չգրանցված չէի ցանկանում աշխատել»,-ասաց Հայկուհին եւ հավելեց՝ նույնիսկ վերջնահաշվարկ չի ստացել:
Նրա խոսքով՝ կենտրոնում նկատել է, որ գործատուն շատ աշխատողների հետ կնքում է ծառայությունների մատուցման պայմանագիր կամ ընդհանրապես չի գրանցում նրանց:
2022-ի առաջին եռամսյակի դրությամբ աշխատավայրում չգրանցված աշխատողների թիվը Հայաստանում 590 է: Ըստ պետական եկամուտների կոմիտեի՝ ավելի շատ դեպքեր գրանցվել են մշակող արդյունաբերության, մեծածախ եւ մանրածախ առեւտրի, ավտոմեքենաների եւ մոտոցիկլների նորոգման, կացության եւ հանրային սննդի կազմակերպման ոլորտներում: Այս ոլորտներում չգրանցված աշխատողների թիվը նախորդ երեք տարիներին նույնպես բարձր է եղել:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանի խոսքով՝ չգրանցված աշխատողները խնդիրներ են ունենում վերջնահաշվարկի ժամանակ կամ երբ «աշխատանքից» ազատվում են, երբ ցանկանում են բողոքարկել, պարզվում է, որ իրականում գրանցված չեն: Նմանատիպ խնդիրներով չգրանցված աշխատողները կարող են դիմել դատարան իրենց իրավունքների պաշտպանության, մասնավորապես՝ աշխատանքային հարաբերություններում գտնվելու փաստը հաստատելու պահանջով, որից հետո կկարողանան պաշտպանել մյուս աշխատանքային իրավունքները: Ըստ Հակոբյանի՝ Հայաստանում դատական պրակտիկան այս իմաստով այդքան էլ հարուստ չէ, եւ երբ գրավոր ապացույց չկա, դժվար է ապացուցել, որ տվյալ անձը եւ գործատուն աշխատանքային հարաբերություններ են ունեցել:
«Եթե տեսագրություններ լինեն, որ անձը ամեն օր նույն ժամերին մուտք ու ելք է ունեցել աշխատավայր, դա կարող է դիտվել որպես ապացույց, իր հետ աշխատողները վկայություն կարող են տալ, բայց այս ամենը դատարանը ինչքանո՞վ կգնահատի՝ խնդիր է: Ուղղակի դեպք, որով արդեն իսկ գնահատել է կամ չի գնահատել, ես, թերեւս, չեմ հանդիպել: Սրանք զուտ դատողություններ են, եւ եթե նման գործ լինի, շատ դժվար կլինի այդ փաստերը հաստատելը»,-ասաց Հակոբյանը:
Ոչ ֆորմալ աշխատանքը մի քանի բաղադրիչ մաս ունի. մի կողմից չգրանցված աշխատողներն են, մյուս կողմից` ինքնազբաղվածները կամ գյուղատնտեսության ոլորտում աշխատողները, որոնք գործատու-աշխատող փոխհարաբերություններ չունեն, ձեւավորված չեն, կամ ոչ լիարժեք են ձեւավորված: Աշխատանքային իրավունքների մասնագետ Տիրուհի Նազարեթյանի խոսքով՝ խնդիրը գտնելու համար պետք է հասկանալ, թե որ ոլորտներում են չգրանցված աշխատողներն ավելի շատ:
«Կարծում եմ` միայն Հայաստանում չի այդպես, կան ոլորտներ, որտեղ հիմնականում չգրանցված աշխատողների թիվը գերակշռում է մյուսների համեմատությամբ, դրանք են, առաջին հերթին, սպասարկման եւ գյուղատնտեսության ոլորտը: Դա չի բացառում, որ այլ ճյուղերում նույնպես լինեն չգրանցված աշխատողներ, բայց, իհարկե, տոկոսային առումով դա շատ ավելի ցածր թիվ է կազմում»,-ասաց նա:
Նազարեթյանը վերջին տարիներին միտում է նկատում սպասարկման ոլորտում աշխատողների գրանցման, եւ այդ տարիների տվյալներից նկատվում է, որ աճել է ֆորմալ աշխատանքի, օրինական գրանցում ստացած աշխատողների տոկոսը, սակայն սուպերմարկետներում այս խնդիրը դեռ կա, քանի որ այդ ոլորտը կարճաժամկետ աշխատանքային հարաբերությունների հատկություն ունի: Նրա խոսքով՝ աշխատողը սկզբում այդտեղ մտնելով` չի տեսնում ապագա, եւ առաջին հերթին նրա մոտ պահանջ չի ձեւավորվում, թե ինչու իրեն չեն գրանցում, նույնիսկ երեք-չորս ամիս աշխատելուց հետո անձը դա դիտարկում է որպես կարճաժամկետ գումար վաստակելու, առօրյա հոգսեր հոգալու միջոց, եւ շատ անգամ դա փոխադարձ ձեռնտու է լինում:
«Գործազրկության բարձր տոկոսը բերում է նրան, որ մարդիկ աշխատանքը կորցնելու վախից աշխատավայրում չեն ձեւավորում պահանջ՝ իրենց գրանցելու: Պրակտիկայից կարող եմ ասել, որ իրենց իրավունքների պաշտպանությանը հետամուտ չեն նույնիսկ այն աշխատողները, որոնք շատ լավ տիրապետում են իրենց իրավունքներին, գիտակցում են, որ խախտվում է այդ իրավունքը»,-ասաց Նազարեթյանը:
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այս տարի աշխատանքային իրավունքի խախտման 104 վարչական վարույթ է հարուցել, որից 13-ը վերաբերել է աշխատանքային պայմանագրի կնքման կարգը չպահպանելուն: Իսկ 2019-ին աշխատանքային իրավունքի խախտման մասին վարչական վարույթներ չեն հարուցվել:
Ըստ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի՝ 2019-2022 թթ. բողոքների մեծ մասը վերաբերել է մասնավոր ընկերություններին:
Աշխատանքային իրավունքների մասնագետի խոսքով՝ կարճաժամկետ աշխատանքը ձեռնտու է նաեւ գյուղատնտեսական ոլորտին:
Այստեղ գերակշռում է սեզոնային աշխատանքը, եւ բերքահավաքի սեզոնին ոչ մեկ չի կնքում պայմանագիր, թեեւ Աշխատանքային օրենսգրքի 100 եւ 101 հոդվածները ժամանակավոր եւ սեզոնային աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորություն են տալիս, որոնք կարող են կնքվել մինչեւ սեզոնային աշխատանքի ավարտը:
«Շատ անգամ գործատու է հանդիսանում ֆիզիկական անձը, ով ունի մի քանի հեկտար հող: Նա հարկատու չի, եւ մենք այստեղ արդեն գալիս ենք ինքնազբաղվածների դաշտ: Թեպետ եւ՛ աշխատանքային, եւ՛ հարկային օրենսդրությունը թույլ է տալիս ֆիզիկական անձ-գործատու լինել եւ հարկ վճարել, սակայն գործատուն երբ օրենքով դա չի ձեւակերպում, բնականաբար, աշխատողների հետ որեւէ իրավական հարթության վրա գալը հենց սկզբից բացառվում է»,-նշեց Նազարեթյանը:
Ամեն դեպքում, աշխատանքային հարաբերությունները չգրանցելը վնասում է երկու կողմին էլ: Երբ աշխատողը նյութական վնաս է հասցնում գործատուին, սակայն չկան աշխատանքային հարաբերություններ, որեւէ տեսակի պատասխանատվություն կամ կարգապահական տույժ չի կարող կիրառվել աշխատողի նկատմամբ:
«Այստեղ արդեն տեսնում ենք, որ գործատուներին էլ է ձեռնտու գրանցել աշխատողներին, ֆիքսել իրավունքները, պարտականությունները, աշխատաժամանակը, եւ երկու կողմն էլ միայն կշահի դրանից: Աշխատանքային օրենսգիրքը կողմերին տալիս է բոլոր հնարավոր տարբերակները՝ համապատասխան ձեւակերպում ստանալու համար, նույնիսկ շատ կարճաժամկետ աշխատանքային հարաբերությունների դեպքում»,-եզրափակեց Տիրուհի Նազարեթյանը:
Անի Թամրազյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել