«ՍԱՍ»-ի Արտակը՝ «Պանդորայի փաստաթղթերում». նախկին պատգամավորը չի հայտարարագրել արտերկրում գրանցված ընկերությունները
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանն իր հայաստանյան բիզնեսին աջակցելու նպատակով ընկերություններ է հիմնել արտերկրում: Սրանց հետ իր կապը քողարկելու համար նախկին պաշտոնյան օգտագործել է օֆշորում գրանցված ձեւական ընկերություններ, իսկ մի պարագայում էլ որպես վերջնական շահառու (բենեֆիցիար) սեփականատեր գրանցվել է նրա զոքանչը:
Սարգսյանի հայտարարագրերում այս ընկերությունների մասին ոչինչ չկա, այնինչ 2017-ի հուլիսից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ տվյալ թաքցնելը քրեորեն պատժելի արարք է: Առավելագույն պատիժը կարող է լինել 4 տարի ազատազրկումը:
Սարգսյանի արտասահմանյան ընկերությունների մասին տվյալները եւ դրանց ներկայացուցիչների նամակագրությունները հայտնվել են «Pandora Papers» թղթապանակում, որի մասին հետաքննող լրագրողները հայտարարեցին նախորդ տարվա հոկտեմբերին:
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումն (International Consortium of Investigative Journalists, ICIJ) ու դրա հետ համագործակցող լրատվամիջոցները, այդ թվում՝ «Հետքը», մինչ օրս ուսումնասիրում են տարբեր օֆշորային գոտիներից արտահոսած փաստաթղթեր, որոնք լրագրողներն անվանել են «Pandora Papers»: Այս փաթեթում առկա ավելի քան 27 հազ. հատ ընկերություններն ու դրանց սեփականատերերը (շուրջ 30 հազ. մարդ) կապ ունեն աշխարհի ավելի քան 200 երկրի եւ տարածքային միավորի հետ, ինչը խոսում է արտահոսած փաստաթղթերի աշխարհագրական շատ մեծ մասշտաբի մասին: 2,94 տերաբայթ ծավալով թղթապանակում, որը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից երբեւէ հրապարակված ամենածավալուն փաթեթն է, կան նաեւ ընկերությունների շահառու սեփականատեր հանդիսացող հայեր, այդ թվում՝ պաշտոնյաներ ու գործարարներ, նրանց փոխկապակցված անձինք:
Փաստաթղթերն արտահոսել են օֆշորային գոտիներում ծառայություններ մատուցող 14 ընկերություններից: Սրանք միջնորդ կամ գործակալ կազմակերպություններ են, որոնք օգնում են հարկային դրախտ հանդիսացող օֆշորային գոտիներում ձեւական ընկերություններ հիմնել ամենատարբեր նպատակներով: Այդ 14-ից մեկը կիպրական «Demetrios A. Demetriades» իրավաբանական ընկերությունն է, որն այլ կերպ հայտնի է իբրեւ «DADLAW»: Սրա հաճախորդներից են եղել Արտակ Սարգսյանն ու նրա մտերիմները:
Արտակ Սարգսյանը, որն առավել հայտնի է որպես «ՍԱՍ»-ի Արտակ, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի հիմնադիրն է: 2004-2007 եւ 2012-2019 թթ. նա Ազգային ժողովի պատգամավոր էր: Մինչեւ 2006 թ. Սարգսյանը «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր, իսկ 2006-2018 թթ.՝ ՀՀԿ-ի:
Սարգսյանների գլխավոր ընկերությունը՝ «ՍԱՍ-Գրուպ» ՍՊԸ-ն, հիմնադրվել է 1998-ի փետրվարին Արտակ Սարգսյանի ավագ եղբոր՝ Արամի կողմից: 2006-ի մայիսին՝ պատգամավորության շրջանում, նրան է միացել Արտակը: Մինչ օրս եղբայրները 50-50 համամասնությամբ տնօրինում են ընկերությունը:
Արտակ Սարգսյանը չի հայտարարագրել օֆշորային ընկերությունում իր բաժնեմասը
2011-ի մարտին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի այն հասցեում, որտեղ գրանցված է «DADLAW»-ն, նոր ընկերություն է ծնվել՝ «SDA Trade Chain Group Limited»-ը: Ինչպես որ «ՍԱՍ»-ն է կրում իր հիմնադիրների անունը՝ Սարգսյան Արամ/Արտակ Սամվելի, այնպես էլ «SDA Trade Chain Group Limited»-ն է անվանակոչվել Արտակ Սարգսյանի ավագ որդու՝ Դավիթի անունով (ՍԴԱ - Սարգսյան Դավիթ Արտակի): Կիպրական նորաստեղծ ընկերության կանոնադրական կապիտալը եղել է 2000 եվրո, որը 50-50 համամասնությամբ կիսել են Արտակ եւ Արամ Սարգսյանները։ Սակայն նրանց բաժնեմասերը հավատարմագրային կառավարման են հանձնվել «DADLAW»-ի երկու ածանցյալներին՝ «DADLAW Nominees Limited»-ին ու «DADLAW Secretarial Limited»-ին:
«SDA Trade Chain Group Limited»-ի համար բանկային հաշիվ բացելու փաստաթղթերից մեկում նշվել է, թե ընկերությունը Հայաստանում սուպերմարկետների ամենամեծ մանրածախ ցանցը («ՍԱՍ» սուպերմարկետներ) ներկայացնող հոլդինգի անդամ է լինելու եւ կիրառվելու է՝ ներդրումներ կատարելու, շահույթ ստանալու եւ փոխանցելու համար: Բանկային հաշվի վրա ակնկալվող գումարի չափը նշվել է 5 մլն դոլար։ «SDA»-ի գործունեության վայր են ներկայացվել Հայաստանն ու Վրաստանը:
Հիմնադրումից մեկ ամիս անց՝ 2011-ի ապրիլին, «SDA»-ում փոփոխություն է եղել: Արտակ եւ Արամ Սարգսյանների բաժնեմասերը փոխանցվել են օֆշորային Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (ԲՎԿ) գրանցված «SADA Holding and Investment Inc.»-ին, որն էլ դարձել է կիպրական ընկերության միակ տերը: Բայց «SADA»-ի ներկայությունը, ըստ էության, Սարգսյանների մասնակցությունը քողարկելու համար էր, որովհետեւ հենց եղբայրներն էին «SADA Holding and Investment Inc.»-ի իրական տերերը (50-50 համամասնությամբ), իսկ ձեւական սեփականատեր էր գրանցվել Ջոն Պատրիկ Մյուրեյը (John Patrick Murray):
Այդուհանդերձ, կիպրական ռեգիստրի համաձայն՝ 2018-ի մայիսին «SDA Trade Chain Group Limited»-ը լուծարվել է: Բայց անկախ դրանից՝ նախկին պաշտոնյա Արտակ Սարգսյանը 2012 եւ 2017 թթ., երբ ընտրվել է պատգամավոր, ինչպես նաեւ 2019 թ., երբ հանձնել է մանդատը, չի հայտարարագրել օֆշորային «SADA Holding and Investment Inc.»-ում իր 50 տոկոս բաժնեմասը:
2017-ի հուլիսից հետո հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը պատժվում է 2.000.000-3.000.000 դրամ տուգանքով կամ 2-3 տարի ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից մինչեւ 3 տարի զրկելով կամ առանց դրա: Իսկ եթե չի հայտարարագրվել առանձնապես խոշոր չափերով գույք կամ եկամուտ, ապա անձը կարող է պատժվել 2-4 տարի ազատազրկմամբ՝ մինչեւ 3 տարի զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կամ առանց դրա:
Ու՞մ է պատկանում «Baldi» ապրանքանիշը
«ՍԱՍ-Գրուպ» ՍՊԸ-ն, որը շահագործում է «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցը, Հայաստան է ներկրում մի շարք հայտնի ապրանքանիշեր ոչ միայն սննդի ոլորտում, այլեւ հագուստի։ Սարգսյանների ընկերությունն է բրիտանական «Next» եւ «Debenhams» (վերջինս այլեւս չի գործում), ինչպես նաեւ կանադական «Aldo» բրենդների ներկրողը Հայաստանում։
Սարգսյանները Հայաստանում ներկայացնում են նաեւ կոշիկի, հագուստի եւ աքսեսուարների «Baldi» ապրանքանիշը։
Վերջինիս կայքում ասվում է, որ «Baldi»-ի պատմությունը սկսվել է Անտոնիո Բալդի անունով իտալացի մի կոշկագործից, որի թոռները 2005-ին կոշիկ արտադրող ընկերություն են հիմնել։ «Համագործակցելով լոնդոնյան ներդրումային կազմակերպություններից մեկի հետ՝ «Baldi»-ն իր առաջին քայլերն արեց դեպի նոր շուկա եւ դեպի աշխարհով մեկ տարածվելուն»,- ասվում է կայքում, որի համաձայն՝ «Baldi» խանութներ կան Հայաստանում (Երեւան), Վրաստանում (Թբիլիսի), Ղազախստանում (Նուր Սուլթան, Ալմաթի), Ուկրաինայում (Դնեպր), ԱՄԷ-ում (Դուբայ), Քաթարում (Դոհա), իսկ օնլայն խանութներ՝ Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում։
Այդուհանդերձ, ոչ միայն Հայաստանում, այլեւ Վրաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում «Baldi»-ն ներկայացնող բոլոր ընկերություններն էլ կապ ունեն Սարգսյանների հետ, ինչից կարելի է հետեւություն անել, որ այս ապրանքանիշի տերը նախկին պատգամավորի ընտանիքն է։
Ներկայացված ինֆոգրաֆիկայում «Baldi»-ի ցանցի ընկերություններից ամենահինը 2011-ի սեպտեմբերին Լոնդոնում գրանցված «Baldi Retail Ltd»-ն է, որի գործունեության ոլորտը մասնագիտացված խանութներում կոշիկի մանրածախ վաճառքն է։ Ըստ էության, սա հենց այն «լոնդոնյան ներդրումային կազմակերպությունն է», որը, «Baldi»-ի պաշտոնական կայքի համաձայն, համագործակցելով իտալացի կոշկագործ Անտոնիո Բալդիի թոռների հետ, հիմք է դրել նոր ապրանքանիշին։
Լոնդոնյան ընկերության տնօրենը հիմնադրումից ի վեր Ռուսաստանի քաղաքացի, Ուլյանովսկ քաղաքի բնակչուհի, ազգությամբ հայ Եվգենիա Թումասովան է, ով Արտակ Սարգսյանի զոքանչն է, իսկ «Baldi Retail Ltd»-ի սեփականատերը դրա ստեղծումից մինչեւ 2020 թ․ դեկտեմբեր եղել է Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված «Baldi Retail Limited»-ը: Վերջինիս ձեւական սեփականատերն իր հերթին «Palmwood Management Limited»-ն էր, բայց իրական տերը հենց Թումասովան էր։ 2020-ի տարեվերջին «Baldi Retail Limited»-ն արանքից դուրս է եկել, եւ Ա․ Սարգսյանի զոքանչը դարձել է լոնդոնյան «Baldi Retail Ltd»-ի անմիջական սեփականատեր։ Այդուհանդերձ, կարելի է պնդել, որ այս ամենը փաստացի Սարգսյանների բիզնեսն է, իսկ 68-ամյա Թումասովան, որը Բաքվից է, կրթությամբ ինժեներ եւ ավարտել է Ադրբեջանի նավթի ու քիմիայի ինստիտուտը, ընդամենը քողարկող գործոն է։
Ըստ «Baldi Retail Ltd»-ի ֆինանսական փաստաթղթերի՝ 2020 թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ այն ունեցել է ընդամենը մեկ աշխատող, որը եղել է տնօրենը՝ Եվգենիա Թումասովան։ Կանոնադրական կապիտալը եղել է 206.000 ֆունտ ստեռլինգ, հիմնական (ոչ դրամային) միջոցների արժեքը՝ շուրջ 950.000 ֆունտ ստեռլինգ։ Այս ունեցվածքը ներառում է Սարգսյանների լոնդոնյան կազմակերպության դուստր ընկերությունները։ 2020-ի տարեվերջի դրությամբ «Baldi Retail Ltd»-ի երկարաժամկետ պարտավորությունների ծավալը կազմել է մոտ 770.000 ֆունտ ստեռլինգ, որից 617.000-ը փոխառություն է «ASA Investments»-ից (չնայած վերջինիս մասին տվյալներ չկան, ենթադրելի է, որ խոսքը բրազիլական ներդրումային ընկերության մասին է)։
Եվգենիա Թումասովան միայն Լոնդոնում չէ, որ «Baldi» ցանցի ընկերություն է գրանցել։ Կրկին 2011-ի սեպտեմբերին՝ «Baldi Retail Ltd»-ի հիմնադրումից օրեր անց, Թբիլիսիում ստեղծվել է «Բալդոսի» ՍՊԸ-ն։ Մինչեւ 2012-ի դեկտեմբեր Արտակ Սարգսյանի զոքանչն էր վրացական ընկերության 100 տոկոսի տերը, ինչից հետո իր բաժնեմասը փոխանցել է կիպրական «Baldi Cyprus Holding Limited»-ին, իսկ սա էլ 2021-ի հոկտեմբերին իր ամբողջ փայը հանձնել է երեւանցի Տիգրան Զաքարյանին, որը Սարգսյանների վստահելի մարդկանցից է։
Արտակ Սարգսյանի վրացական բիզնեսի մասին «Հետքը» գրել է 2016-ին։ Անդրադարձել էինք Թբիլիսիում գործող «Next», «Aldo» եւ «Debenhams» խանութները ներկայացնող վրացական ընկերություններին, որոնք պատկանում են Սարգսյաններին, բայց տարբեր տարիների դրանց սեփականատեր են գրանցվել վիրջինյան, հոլանդական, բրիտանական կազմակերպություններ։
2011-ի սեպտեմբերին Թումասովայի անունով հիմնվել է եւս մի ընկերություն՝ «Բելինի» ՍՊԸ-ն, այս անգամ՝ Երեւանի Մաշտոցի 16 հասցեում, որի հարեւանությամբ՝ Մաշտոցի 18-ում, 1997-ից գործում է առաջին «ՍԱՍ» սուպերմարկետը։ «Բելինիի» տնօրենը Տիգրան Զաքարյանի ավագ եղբայրն էր՝ Վարդան Զաքարյանը, միակ սեփականատերը՝ Եվգենիա Թումասովան։ Այսպիսով՝ 2011-ի սեպտեմբերին գործարար Արտակ Սարգսյանի զոքանչի անունով Մեծ Բրիտանիայում, Վրաստանում եւ Հայաստանում «Baldi» ցանցի մաս կազմող ընկերություններ էին գրանցվել։ Մի փոքր առաջ անցնելով՝ նկատենք, որ երեւանյան «Բելինի» ՍՊԸ-ն մեկ տարի անց՝ 2012-ի դեկտեմբերին, վերակազմավորվեց ու դարձավ ՓԲԸ, սակայն սեփականատերն էլի Ե․ Թումասովան էր, իսկ տնօրենը՝ Վ․ Զաքարյանը, գործունեությունն էլ՝ մասնագիտացված խանութներում կոշիկի մանրածախ առեւտուրը։
2012-ի հուլիսին կիպրական միջնորդ «DADLAW»-ն Նիկոսիայի իր գրասենյակի հասցեում Սարգսյանների համար նոր ընկերություն հիմնեց՝ «Baldi Cyprus Holding Limited»-ը։ Շուտով սա դարձավ «Baldi» ցանցի կենտրոնական ընկերությունը։ Սրա սկզբնական ֆիկտիվ սեփականատերը «DADLAW Nominees Limited»-ն էր, բայց հաշված օրեր անց ամբողջ բաժնեմասը հանձնվեց Թումասովայի լոնդոնյան «Baldi Retail Ltd»-ին։ Այդուհանդերձ, ինչպես «SDA Trade Chain Group Limited»-ի պարագայում էր, այս դեպքում էլ կիպրական ընկերության կառավարմամբ զբաղվել է «DADLAW»-ն։ Ընկերության կանոնադրական կապիտալը 5000 եվրո է։ Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի համաձայն՝ «Baldi Cyprus Holding Limited»-ը տարբեր տարիների բանկային հաշիվներ է բացել կիպրական «Bank of Cyprus», մալթայական «Bank of Valletta», հայկական «Արդշինբանկ» բանկերում։
2018 թ․ «Bank of Cyprus»-ին ներկայացրած մի հարցաթերթի մեջ Սարգսյանների կիպրական ընկերությունը նշել է, որ զբաղվում է կոշիկի եւ աքսեսուարների մանրածախ վաճառքով, իսկ տարեկան եկամտի չափը 500.000 եվրո է։ Բանկային փոխանցումներով գումար ուղարկելու հասցեակետ եւ ստանալու աղբյուր են նշվել Արաբական Միացյալ Էմիրությունները, Հայաստանը, Ավստրիան, Բրազիլիան, Չինաստանը, Կիպրոսը, Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Հոնգ Կոնգը, Հնդկաստանը, Իտալիան, Ղազախստանը, Լատվիան, Նիդերլանդները, Ֆիլիպինները, Պորտուգալիան, Ռումինիան, ԱՄՆ-ն։ Որպես գործընկերներ, որոնց գումար է ուղարկվել, նշվել են ռուսական «Ամբերալ» (բիժուտերիա արտադրող ընկերություն է, որը գործել է 2013-2018 թթ․), վրացական «Բալդոսի», ամերիկյան «Baldi USA Inc․» եւ հայկական «ՍԱՍ-Գրուպ» ընկերությունները։
«Baldi Cyprus Holding Limited»-ին առնչվող փաստաթղթերը ցույց են տալիս, որ ընկերությունը տարբեր տարիների կոշկեղեն է ձեռք բերել Հնդկաստանից, Չինաստանից, Իսպանիայից, Պորտուգալիայից։ Ապրանքը մատակարարվել է Հայաստան եւ Իտալիա։ Կիպրական ընկերությունը Եվգենիա Թումասովային պատկանող երեւանյան «Բելինի» ՍՊԸ-ի հետ պայմանագիր էր կնքել ապրանքներ մատակարարելու մասին։ Այլ կերպ ասած՝ սկզբնական փուլում հենց «Բելինիի» միջոցով է Հայաստանում ներկայացվել «Baldi» ապրանքանիշը։
Նմանատիպ պայմանագիր էր կնքվել նաեւ ղազախական «Բալինա» ՍՊԸ-ի հետ, որը հիմնադրվել է 2012-ի սեպտեմբերին Աստանայում (Նուր Սուլթան), իսկ ավելի ուշ տեղափոխվել է Ալմաթի։ Դրա առաջին սեփականատերը Հայկ Հարությունյանն էր, որը 2013-ի մարտին իր ամբողջ բաժնեմասը փոխանցել է Ե. Թումասովայի լոնդոնյան «Baldi Retail Ltd»-ին: 2018-ի մայիսին բրիտանական ընկերությունը «Բալինա» ՍՊԸ-ն օտարել է ղազախ Տալգատ Կայշիբաեւին: «Բալինայի» գործունեությունը մեծածախ առեւտուրն է:
Սարգսյանների գործերը, թերեւս, հաջող զարգանում էին, ինչի արդյունքում էլ 2012-ի սեպտեմբերին Կիեւում հիմնադրվել է նոր ընկերություն՝ «Բելդիանա» ՍՊԸ-ն, որը եւս զբաղվում էր մասնագիտացված խանութներում կոշիկի ու կաշվե իրերի մանրածախ առեւտրով։ «Բելդիանայի» 100 տոկոսի տերը «Baldi Cyprus Holding Limited»-ն է։
2012-ի տարեվերջին Սարգսյանների կիպրական ընկերությունը լիազորագիր էր տվել ՌԴ քաղաքացի Հովհաննես Նազլոյանին՝ Ռուսաստանում «Baldi Russia» անունով ՍՊԸ հիմնելու համար։ Այդ նոր ընկերությունը գրանցվեց 2013-ի փետրվարին Մոսկվայում, 99 տոկոսը պատկանում էր «Baldi Cyprus Holding Limited»-ին, իսկ մնացած 1 տոկոսը՝ գլխավոր տնօրեն Գալինա Նազլոյանին (հավանաբար Հ․ Նազլոյանի քույրն է)։ Այդուհանդերձ, 2016-ի փետրվարին ռուսական ընկերությունը ապագրանցվեց իրավաբանական անձանց ռեեստրից։
2013-ի մարտին Ե․ Թումասովան երեւանյան «Բելինի» ՓԲԸ-ում ունեցած իր բաժնետոմսերն ամբողջությամբ փոխանցել է «Baldi Cyprus Holding Limited»-ին, սակայն ավելի ուշ ՓԲԸ-ի գործունեությունը դադարեցվել է։ Փոխարենը 2013-ի ապրիլին Արտակ Սարգսյանի զոքանչը կրկին Մաշտոցի 16-ում հիմնել է «Բալդի» ՓԲԸ-ն, որի միակ բաժնետերն ինքն էր, իսկ տնօրենը՝ նույն Վարդան Զաքարյանը։ Այլ կերպ ասած՝ Հայաստանում «Baldi»-ն սկսել է ներկայանալ այս նոր ընկերությամբ՝ «Բալդի» ՓԲԸ-ով։ Ստեղծումից ամիսներ անց Թումասովան ընկերությունը հանձնել է «Baldi Cyprus Holding Limited»-ին, սա էլ իր հերթին՝ Արտակ Սարգսյանի ավագ եղբորը՝ Արամին։ 2015 թ․ աշնանը վերջինս ՓԲԸ-ն օտարել է Արմավիրի Նալբանդյան գյուղի մի բնակչուհու, ինչով, թերեւս, Սարգսյանները հրաժարվել են այս ընկերությունից։ 2018-ին «Բալդի» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել, իսկ մեկ տարի անց՝ լուծարվել։ Մենք պարզել ենք, որ Հայաստանում «Baldi» խանութների ցանցը ներկայում շահագործում է «ՍԱՍ-Գրուպը»։
2014-ին «Baldi» ցանցի հերթական ընկերությունը հիմնադրվել է ԱՄՆ-ում։ Մայիսին Արամ Սարգսյանը հայաշատ Գլենդելում գրանցել է «Baldi USA Inc․»-ը, որն ավելի ուշ տեղափոխվել է Լոս Անջելեսի Վան Նայս թաղամաս։ Ըստ ամերիկյան փաստաթղթերի՝ ընկերության տնօրենը, գործադիր ղեկավարն ու քարտուղարը եղել է հենց Արամ Սարգսյանը։
Այդուհանդերձ, 2021-ի մարտին Կալիֆոռնիա նահանգի պետքարտուղարը (նահանգային պաշտոնյա, որը, ի թիվս այլ պարտականությունների, պահում է ընկերությունների վերաբերյալ փաստաթղթերը) կասեցրել է «Baldi USA Inc․»-ի գործունեությունը, քանի որ ընկերությունը չի ներկայացրել իր մասին տեղեկատվություն (Statement of Information), ինչն օրենքի պահանջ է: 2022-ի հունվարին արդեն հարկային մարմինն է դիմել նույն քայլին, քանի որ «Baldi USA Inc․»-ը չի կատարել հարկ վճարողի իր պարտավորությունները:
Նախկին պատգամավորը չի հայտարարագրել նաեւ «SAS USA» ընկերությունը
«Baldi USA Inc․»-ը Սարգսյանների ամերիկյան միակ ընկերությունը չի եղել: 2009-ի հուլիսին հիմնադրվել է «SAS USA LLC»-ն, որն այսօր էլ գործող ընկերություն է, գրանցված է Գլենդելում: Ընդ որում՝ 2012 թ. ԱԺ ընտրություններից առաջ պատգամավորության թեկնածու Արտակ Սարգսյանը ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում նշել էր, որ ամերիկյան ընկերությունում 50 % բաժնեմաս ունի, բայց մանդատը վերցնելուց հետո ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին (ներկայում՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) տրամադրած հայտարարագրում «SAS USA LLC»-ն բացակայում է, որովհետեւ հայտարարագրված ընկերությունների բաժնեմասերը դրամով են եւ ոչ թե դոլարով, այսինքն՝ Սարգսյանը նշել է միայն հայկական կազմակերպությունները: Ամերիկյան ընկերության բաժնեմասը չի նշվել նաեւ 2017 եւ 2019 թթ. հայտարարագրերում: «SAS USA LLC»-ի մնացած 50 %-ը Արամ Սարգսյանինն է: Նկատենք, որ 2018-ին Կալիֆոռնիա նահանգի պետքարտուղարը կասեցրել էր «SAS USA LLC»-ի գործունեությունը, սակայն 2019-ին Սարգսյանները վերականգնել են այն:
«Հետքի» հարցմանն ի պատասխան՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հաստատել է, որ 2012-2019 թթ․ իր բոլոր հայտարարագրերում Արտակ Սարգսյանը ներկայացրել է միայն հայկական կազմակերպությունները։ Հանձնաժողովը հայտնել է նաեւ, որ Սարգսյանի հայտարարագրերի վերլուծություններ «դեռեւս չեն իրականացվել»։
Արտակ Սարգսյանը չի արձագանքել
Մենք Ա․ Սարգսյանի անունով նամակ էինք ուղարկել «ՍԱՍ-Գրուպ» ՍՊԸ-ի էլեկտրոնային փոստին եւ ֆեյսբուքյան էջին, զանգահարել ենք նաեւ գրասենյակ։ Նախկին պաշտոնյայից հետաքրքրվել էինք, թե ինչու է եղբոր հետ որոշել բիզնես վարել օֆշորային «SADA Holding and Investment Inc.»-ի միջոցով, եւ որն է դրա առավելությունը։ Հարցրել էինք նաեւ, թե արդյոք «Baldi» ապրանքանիշը պատկանում է իր ընտանիքին, եւ ինչու են որոշել այդ բիզնեսը գրանցել զոքանչի՝ Եվգենիա Թումասովայի անունով։ Թե՛ նամակները, թե՛ զանգերը մնացել են անարձագանք։
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի, Գագիկ Շամշյանի
Գլխավորը նկարը՝ Տիրայր Մուրադյանի
Մեկնաբանել