
Ապագան՝ անցյալ ժամանակով
«Ամեն անգամ, երբ ջարդերի լուրը հասնում է մեզ, մեր առաջնորդող դասակարգն իրեն պարտքը կատարած է լինում, երբ խմբագիրը լրագիրներում ջարդերի մանրամասնություններն է նկարագրում, գրագետը մի երկու լալկան հոդվածներ է շարադրում, եկեղեցականները հոգեհանգիստ են կատարում, վաճառականները փեշերը բռնած՝ անվերջանալի մուրացկանության են դիմում՝ հօգուտ ջարդերից կենդանի մնացածների, երազների աշխարհում ապրող տաք գլուխ պոլիտիկոսներն էլ նոր-նոր ծրագրեր են կազմում «ավելի ուժեղ կերպով առաջ տանելու ազատագրության գործը, երբեք չվհատվել, կռվել բռնակալության դեմ ավելի մեծ թափով»:
Եվ այս բոլորը շարունակվում է մինչև նոր, ավելի սոսկալի ջարդի լուրը ստանալը: Եվ դարձյալ կրկնվում է հին երգը՝ լրագիրներում ջարդերի մանրամասնություն, գրագետների լալկան հոդվածներ, միտինգներում պաթոսով արտասանված ճառեր, ժողովարարություն և նոր ազատագրական ծրագրերի ավելի մեծ չափով» («Հովիւ» շաբաթաթերթ, N 14, 1909 թ.):
«Բոլոր «սիստեմներն» էլ փորձել ենք, և բոլորն էլ՝ անհաջող, բոլորն էլ անպետք են ներկայացել: Եվրոպական միջամտությունը պլատոնական դարձավ, ռուսական գրավումը՝ անգործադրելի, անգլիական նավերը՝ «լեռների վրա մագլցելու անկարող», հայկական հրոսախմբերը աղետաբեր, ցույցերը՝ վնասակար, ռումբերը՝ միայն մեզ համար սոսկալի: Այսուհետև որքան կրկնենք այդ փորձերը, նույն արդյունքը պիտի ստանանք:
…Ո՞րն է փրկության միջոցը:
Մեր առաջնորդող դասակարգը այդ բանի համար չի մտածում» («Գրականութիւն եւ կեանք», N1, 1909 թ.):
Հոդվածներում, որպես կանոն, քննադատության թիրախում «առաջնորդող դասակարգն» է՝ էլիտան ՝ մտավոր, քաղաքական, տնտեսական: Եվ լուծում գտնելու ակնկալիքներն էլ հենց այդ էլիտայից են:
Մտածող, լուծումներ առաջարկող, գեներացնող էլիտա՝ որպես խավ, Հայաստանում այսօր չկա: Նախորդ դարի սկզբի համար, երբ գրվել են այս հոդվածները, նման պնդում, ամեն դեպքում, չէինք անի: Հովհաննես Թումանյանն իր «Անկեղծ չենք» հոդվածը գրել էր 1907-ին:
«Մեծ ցավը»՝ 1909-ին:
Թումանյանի օրինակը հիմնավոր է այնքանով, որ նա իր խոսքի արժեքը երաշխավորել է իր անձնական պատասխանատվությամբ. Անձամբ այնտեղ էր, որտեղ կար իր կարիքը: Միայնակ կատարել է պետական կառույցների մասշատբի աշխատանք:
ԱՆՁՆԱԿԱՆ պատասխանատվություն. սա այն է, ինչ Հայաստանի քաղաքական վերնախավը չունեցավ անկախության ողջ շրջանում:
Չունենք հոգևոր, քաղաքական առաջնորդություն, չկան վարքագծային լիդերներ, որոնց հետևից հասարակությունը պատրաստ է գնալ:
Փաստացի՝ պատմական նույն շրջանում ենք, ինչ նախորդ դարասկզբին: Ու քաղաքական, տնտեսական, մտավոր վերնախավի կամ, այլ կերպ ասած, «առաջնորդող դասակարգի» վարքն էլ լրիվ նույնն է:
Հայաստանը՝ որպես ինքնիշխան սուբյեկտ, ավելի շուտ չկա, քան կա: Ու քաղաքական այս ավերակի վրա ծանոթ պատմությունն է՝ պայքար ավերակներին թագավորելու, ոչ թե ավերակները վերականգնելու համար:
Իշխանությունն ու փողոց ելած ընդդիմությունը նույն որակի են կամ, եթե կուզեք, նույնչափ անորակ:
Երկուսն էլ խուսափում են քաղաքական պատասխանատվությունից: Երկուսի դեպքում էլ գործողությունների ծրագիր չունենալը բարդվում է կամ բաշխվում է ժողովրդի վրա: Մեկի գոյությունը մյուսի լինելիության երաշխիքն է: Չլիներ այս ընդդիմությունը, չէինք ունենա այս իշխանությունը և հակառակը:
Իշխանությունը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, հասարակությանը համախմբող ու հասարակությանը զարգացման մղող լուծումներ չի առաջարկում, քանի որ չունի: «Ամեն ինչ կտանք, միայն թե մեզ հանգիստ թողնեն»: Սա է առաջարկվող փիլիսոփայությունը: Ոչ մի աշխատանք՝ ոտքի կանգնելու:
Ընդդիմությունը, չունենալով Հայաստանի անվտանգության ու զարգացման ծրագիր, կառչում է Փաշինյանի մտքերից, այդ մտքերի ժխտումը դարձնում քաղաքական օրակարգ ու մարդկանց առաջարակում դուրս գալ փողոց: Կրկնօրինակելով 2018-ի սցենարը՝ գործողությունների ողջ զինանոցում մեկ մարդու դեմ պայքարն է, նրան հեռացնելու օրակարգը:
Պատերազմից հետո բոլոր առումներով հյուծված հասարակության հուսահատության հետ խաղալը, օբյեկտիվորեն զայրացած, հոգնած, նյարդային մարդկանց փողոց հանելը՝ քաղաքացիական բախումներն աչքի առաջ ունենալով, վտանգավոր ու անպատասխանատու է : Հատկապես՝ առանց քաղաքական օրակարգի: Պայքարի գեներացիան Փաշինյանի անձի հանդեպ ատելությունն է:
Ու՝ միայն անձի: Ընդ որում, իշխանության քաղաքականության մասին քննադատությունն էլ բացառապես «ավելի լավ է լինել առողջ ու հարուստ, քան աղքատ ու հիվանդ» փիլիսոփայության շրջանակում է:
Կորուստները՝ մարդկային, տարածքային, ինքնիշխանության՝ անչափելի են: Բայց առաջարկվող լուծումն էլ մեկն է՝ հեռացնենք Փաշինյանին, մնացածը հետո կերևա: Մնացածը բանասիրական ոճի հայտարարություններ են:
Քաղաքական ներկայության տասնամյակների փորձ ունենալ ու առաջարկած օրակարգը լինի մեկ քայլանո՞ց՝ Փաշինյանի հեռացու՞մը, իսկ իշխանափոխության գործողությունների քարտեզը՝ Փաշինյանի քայլելու պատմության պլագիա՞տը:
Փողոց դուրս գալը, իշխանությունների հրաժարական պահանջելը լեգիտիմ օրակարգ է: Սակայն քաղաքական հավակնություն ունեցող ուժը պետք է նաև հաջորդ քայլերը ներկայացնի:
ԱԺ ամբիոնը ամենահարմար քաղաքական հարթակն է՝ Փաշինյանին ուղիղ, կոնկրետ, ցավեցնող հարցեր տալու ու նրա պատասխաններից հասարակական բողոքի, անհամաձայնության կարծիք ձևավորելու: Աշխատում են ԱԺ-ում վարչապետի հետ փաստարկված առճակատման դուրս չգան, խուսափում են ուղիղ հարցադրումներից: Պարզունակ «կապիտուլյանտ», «դավաճան» մեղադրանքները արժանանում են Փաշինյանի կողմից հակադարձ մեղադրանքների: Ու ամեն ինչ փակվում է «Բա ձեր ժամանակ» հարցադրումով:
Երեսուն տարի գեներացվել է պետության ինքնիշխանության կորուստը: Սա պետք է արձանագրվի, ինչպես արձանագրվում է Փաշինյանի իշխանության ձախողումն ու պետականություն ունենալու հնարավորության ոչնչացումը:
Խուսափել քաղաքական անցյալից՝ հավակնելով քաղաքական ապագայի, հնարավոր չէ:
Այս իշխանությունը ձախողել է կառավարումն ու պետք է հեռանա: Սա չափազանց ակնհայտ է: Բայց փողոցում հայտնված ընդդիմությունը երաշխավորն է Փաշինյանի իշխանության: Ախր դա այնքան պարզ է: Եթե հասկանում եք, ուրեմն խնդիրն անձնական դաշտում է. անձնապես վրեժխնդիր լինել Փաշինյանից: Այդ դեպքում՝ ինչու՞ եք ձեր այդ ցանկությանը խառնում քաղաքացիներին:
Անձնական պատասխանատվություն կրելուց խուսափելու ամենատարածված միջոցը քո անձնական պատասխանատվությունը բոլորի վրա բաշխելն է:
Դա նույնն է, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը՝ միայնակ որոշումներ է ընդունում և իր որոշումները ներկայացնում որպես իրեն վստահած քաղաքացիների որոշում:
Քաղաքացիների աջակցությունը պետք է ձեռք բերել պրոֆեսիոնալ, տքնաջան ու ազնիվ աշխատանքով: Այդպիսի օրինակ ունենք, երբ կոնկրետ մարդը ստանձնում է կոնկրետ պատասխանատվություն ու իր գործն է անում: Գործի արդյունքը նրա շուրջ է համախմբում քաղաքացիներին: Ինչպես պատերազմի ժամանակ ու դրանից հետո Արցախի ու Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանները՝ Արտակ Բեգլարյանն ու Արման Թաթոյանը:
Պարտված պատերազմից հետո ակնկալել գործողությունների նույն ծրագիր, ինչ 2018-ին էր, նշանակում է քաղաքական մանկամտություն:
2018-ին մեկ քայլանոց գործողության գինը չէինք պատկերացնում, ու դա չափազանց թանկ նստեց Հայաստանի վրա: Այսօր լրիվ այլ դրություն է: Անդառնալի կորուստները չհասունացրեցին ո՜չ իշխանությանը, ո՜չ ընդդիմությանը: Հայաստանի պետականության համար հակացուցված են գործող իշխանություններն ու փողոց դուրս եկած ընդդիմությունը: Սեղանին պետության, պետականության լինել-չլինելու հարցն է:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռացնելը հավաքական ցանկություն կդառնա, եթե օրակարգում լինեն հաջորդող առաջին, երկրորդ, երրորդ քայլերը՝ ճանապարհային քարտեզով:
Քաղաքական միտքը «Զարթի՜ր, լաո»-ի տիրույթում է: 1909 թ.-ի վերոնշյալ հոդվածը շարունակում է օրախնդիր մնալ:
Մեկնաբանել