HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Տարոն Մարգարյան. «Շատ կարճ ժամանակում կհասնենք մեր նպատակին»․ բողոքի ակցիաների 4-րդ օրը

Այսօր ընդդիմադիր քաղաքական ուժերի բողոքի ակցիաների և իրազեկման երթերի 4-րդ օրն է։ «Դիմադրություն» շարժման մասնակիցները դեպի Երևան եկող քայլերթերը մեկնարկել են Ապարանից և Սարդարապատից։

«Մեր շարքերը ամեն օր շատանում են, մեր հայրենակիցները միանում են հանուն հայրենիքի հարատևության մղվող պայքարին․․․ Սարդարապատից մայրաքաղաք է գալիս մեր պայքարի ընկերների չորրորդ խումբը: Ողջ Հայաստանն այսօր կենտրոնացնում է իր ներուժը Երևանում, որտեղ մայիսի 1-ին մեկնարկելու է դավաճան իշխանությունների հեռացման գործողությունների վերջին փուլը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Իշխան Սաղաթելյանը։ 

Իսկ ոստիկանությունը հորդորել է հավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին զերծ մնալ հասարակական կարգի խափանմանն ուղղված գործողություններից։

«Վերջին օրերին Երևան քաղաքում և մարզերում իրականացվող հավաքների և այլ զանգվածային միջոցառումների մշտադիտարկման արդյունքներով` ոստիկանությունում արձանագրվել են հասարակական կարգի խաթարմանը միտված իրավախախտումներ: Ոստիկանությունը հետևողականորեն և վճռական կերպով շարունակելու է մարդու անվտանգության, հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես նաև իրավախախտումների նախականխման ու կանխման՝ իր օրենսդրական խնդիրների իրականացումը․․․ Օրինախախտման յուրաքանչյուր դեպք դառնալու է մանրամասն քննության առարկա, իսկ մեղավոր անձինք օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության»,- հայտնել են ոստիկանությունից։

Բողոքի ակցիային մասնակից երիտասարդները կեսօրին փակել էին Աբովյան փողոցը և կանգնեցրել երթևեկությունը, ինչից հետո ոստիկանները բերման էին ենթարկել երիտասարդներին։

Այնուհետև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կողմնակիցները Ազատության հրապարակից շարժվել են Արշակունյաց պողոտա՝ փակելով այն։

Ոստիկանները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել և բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին, որոնց թվում էր նաև Ա. Վանեցյանի որդին։

Հանրապետականներն էլ «Stop Նիկոլ» պաստառներով նստացույց են արել Տիգրան Մեծի պողոտայում։

«Համոզված ենք՝ շատ կարճ ժամանակում կհասնենք մեր նպատակին»,- ասել է ակցիային մասնակցող Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարել է, որ բողոքի ակցիաների արդյունքը կլինի բավարար, եթե իշխանությունը հեռանա:

«Այս իշխանությունն իրեն սպառած իշխանություն է, նա սպառվել է դեռ նոյեմբերի 9-ին»,- ասել է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter