
Սերժ Սարգսյանի գործով վկան մանրամասներ պատմեց դիզվառելիքի մատակարարման համար անցկացված մրցույթից
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում այսօր ցուցմունք տվեց վկա Սևան Քոչարյանը: Սարգսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը հենց այդ անձի հաղորդման հիման վրա է հարուցվել: Սևան Քոչարյանը եղել է վառելիք ներկրող «Սոբրանիյե» ընկերության տնօրենը:
Հիշեցնենք, որ դատարանում քննվող գործը վերաբերում է շուրջ 10 տարի առաջ վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին: Գործով ի սկզբանե ամբաստանվում էր 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը)։
Գործի քննության ընթացքում Սամվել Գալստյանն ու Սերգո Կարապետյանը մահացել են:
Այսօր վկա Քոչարյանը դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից ճանաչում է Բարսեղ Բեգլարյանին և Սերժ Սարգսյանին՝ աշխատանքի բերումով: Վկան պատմեց, որ 2013 թվականի հունվարին իրեն զանգահարել է Գևորգ անունով մի անձ, ներկայացել գյուղատնտեսության նախարարության վարչության պետ: Առաջարկել են մասնակցել արտոնյալ պայմաններում նախատեսված վառելիքի մատակարարման մրցույթին: Պայմաններին ծանոթանալուց հետո պայմանավորվել են, որ Քոչարյանը մի քանի օրից կասի՝ հնարավոր համարո՞ւմ է մասնակցելը, թե՞ ոչ: Երկու օր անց Քոչարյանը զանգել է նույն համարով ու ասել, որ մասնակցելու հնարավորություն տեսնում է:
Վկայի պատմածով՝ մի քանի որ հետո իրենց զանգահարել է նույն վարչության պետը և առաջարկեց հանդիպել Գյուղատնտեսության նախարարի հետ: Պայմանավորված ժամին ինքը գնացել է նախարարություն, որտեղ իրեն սպասող փոխնախարարն ուղեկցել է նախարարի մոտ: Այստեղ նախարարի հետ խոսակցություն է եղել, թե ընկերությունն ի՞նչ գնով կարող է վառելիք մատակարարել, հետո, գինն իմանալուց հետո հարցրել է՝ հնարավո՞ր է լիտրի մեջ 10 դրամ էժան, ինքը պատասխանել է, որ հնարավոր չէ, քանի որ խոսքը 1 տարվա մատակարարման մասին է, ապրանքը գնվում է տարադրամով, գինն անընդհատ փոխվում է միջազգային շուկայում:
Այնուամենայիվ, Քոչարյանի ղեկավարած ընկերությունը նախապես ասված գնից 5 դրամ էժան գնով է մասնակցել մրցույթին՝ 430-ի դրամ փոխարեն 425 դրամով: Երբ արդեն մրցույթի հայտն ուղարկված է եղել, այն օրը, երբ ծրարները պետք է բացվեին, Քոչարյանը զանգ է ստացել:
«Մինչև ծրարները բացելը, իմ բջջային հեռախոսի վրա զանգ եկավ ինձ ծանոթ մարդուց, մեր ընկերության տնօրեն Խաչատրյան Յաշան էր: Բա էս «պաշնախից» (Պաշտպանության նախարարությունից) պրծել ես, հիմա էլ անցել ես գյուղնախին: Պաշնախից՝ այսինքն Պաշտպանության նախարարությունից, որովհետև 9 տարի Պաշտպանության նախարարության դիզվառելիքը մատակարարել է այն ընկերությունը, որի հիմնադիր տնօրենը ես եմ հանդիսացել: Ես իմ պատասխանը տվեցի իրեն: Մենք գիտեինք որ մրցույթին մասնակցում է երեք ընկերություն՝ «Մաքս» գրուպը, մենք՝«Սոպրանիյեն» ու «Ֆլեշ» ընկերությունը: Մաքսը տվել էր 420, Ֆլեշը՝ 440 դրամ՝ մեկ լիտրի համար»,- պատմեց վկան:
Ըստ Քոչարյանի՝ մրցույթի կայանալուց հետո իրենց Գյուղատնտեսության նախարարությունից ոչ ոք չի իրազեկել՝ հաղթել են, թե՞ ոչ, կամ ով է հաղթել, բայց իրենց տրամաբանորեն եզրակացրել են, որ անցողիկը պետք է լիներ այն ընկերությունը, որը վառելիքի 1 լիտրի համար 420 դրամ գին է առաջարկել, բայց հետագայում իմացել են, որ մրցույթում հաղթել է ամենաբարձր գինն առաջարկած ընկերությունը՝ «Ֆլեշը»:
Քոչարյանին հայտնի չէ՝ ամենացածր գինն առաջարկած ընկերությունը հրաժարվել էր մատակարարումից թե ոչ, բայց տրամաբանորեն, եթե 420 րամ գին առաջարկող ընկերությունը վառելիք չէր մատակարարելու, այն պետք է մատակարարեր 425 դրամ գին առաջակողը, այսինքն՝ իրենց ընկերությունը:՝
«Բայց, չգիտես ինչու, անցողիկը եղավ 440-ը, իսկ ավելի ուշ մենք իմացանք, որ էդ 440-ը դարձել է 452»,- ասաց Սևան Քոչարյանը:
Վերջինս լսողության հետ կապված խնդիր ունի, երբ արդեն պետք է պատասխաներ դատավարության մասնակիցների հարցերին, հարցերը չէր լսում: Դատարանին հայտնեց, որ լսողական սարքին է սպասում, որը մայիսի 4-ին կունենա: Նման պայմաններում հնարավոր չեղավ իրականացնել վկայի հարցաքննությունը, և նիստը հետաձգվեց, նշանակվեց մայիսի 19-ին։
Մեկնաբանել