Հայաստանը կմասնակցի ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանի համաժողովին
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Եվրոպայի տարածաշրջանի համաժողովին ընդառաջ նախապատրաստական հանդիպում տեղի ունեցավ ՊԳԿ-ի և ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների միջև։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը։
«ՊԳԿ Եվրոպայի տարածաշրջանի համաժողովը տեղի կունենա մայիսի 10 – 13-ին, Լեհաստանի Լոձ քաղաքում։ Տարածաշրջանային համաժողովը ՊԳԿ-ի կառավարման ամենաբարձր մարմինն է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, որի ընթացքում տարածաշրջանի երկրների ներկայացուցիչները քննարկում են պարենային ապահովությանն ու գյուղատնտեսությանն առնչվող հարցեր, ներառյալ՝ պարենային ապրանքների գների գլոբալ աճը, Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ագրոպարենային համակարգերի փոխակերպման և կայուն պարենային արժեշղթաների ապահովման մոտեցումները:
Հայաստանյան պատվիրակության կազմում կլինեն ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարության Բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության առաջին քարտուղար Լիաննա Մկրտչյանը։ Այսօր Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի և ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանի հետ հանդիպման ընթացքում նրանք քննարկեցին համաժողովի օրակարգին վերաբերող հարցերն ու Հայաստանի համար առաջնահերթ կարևորություն ներկայացնող ոլորտները։
2021թ․ սեպտեմբերին ՄԱԿ-ի Պարենային համակարգերի գագաթնաժողովում ՊԳԿ անդամ երկրները, ներառյալ՝ Հայաստանը, համաձայնության են եկել 2022–31 թվականների ՊԳԿ ռազմավարական շրջանակի շուրջ, որը հստակեցնում է կազմակերպության տեսլականը, այն է՝ կայուն և պարենով ապահովված աշխարհ բոլորի համար:
Նախարարների՝ կլոր սեղանի շուրջ քննարկումը կկենտրոնանա Ուկրաինայում ընթացող պատերազմից բխող տարածաշրջանային մարտահրավերների և պարենային անվտանգության վրա դրա ունեցած ազդեցության վրա։ Քննարկումը նաև կվերհանի Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում առկա առաջնահերթ խնդիրները՝ ագրոպարենային համակարգերի, շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման միջև օպտիմալ հավասարակշռություն ձեռք բերելու նպատակով։ Անդամ երկրները կհրավիրվեն ներկայացնելու իրենց առաջնահերթությունները և ագրոպարենային համակարգերի փոխակերպմանն ուղղված ընթացիկ գործողությունները:
Առցանց հանդիպման ընթացքում Էկոնոմիկայի փոխնախարարն անդրադարձավ Հայաստանում միջազգային իրավիճակով պայմանավորված մարտահրավերներին։ Նա նշեց նաև անասնաբուծության ոլորտում նախարարության կատարած աշխատանքների մասին՝ կարևորելով հատկապես խոշոր եղջերավոր անասունների գույքագրումը։ Պարոն Գաբրիելյանը կարևորեց ՊԳԿ-ի աջակցությունը Հայաստանի կառավարությանը։ Խոսելով կենդանիների շրջանում բրուցելոզային հիվանդության կանխարգելման հրատապ անհրաժեշտության մասին՝ նա անդրադարձավ նախկինում ՊԳԿ-ի կողմից աջակցություն ստացած ծրագրերին՝ նշելով, որ դրանք լավ հիմք են հանդիսանում հիմնախնդրի լուծման ուղղությամբ հետագա համագործակցության համար։
Կառավարությունների, գործընկերների և համայնքների հետ համագործակցելով՝ ՊԳԿ-ն ուրույն դիրք է գրավում անդամ երկրներին աջակցելու առումով՝ նպատակ ունենալով նպաստել ավելի ճկուն և պարենով ապահովված ապագայի կերտմանը։ Այս նպատակով ՊԳԿ-ն աջակցում է կանխարգելման, նախապատրաստական և վերականգնողական աշխատանքներին՝ հանուն կայուն զարգացման, օգնում է ֆերմերներին և գյուղական տնտեսություններին դառնալ ավելի ճկուն, արդյունավետ և նորարարական»,- նշված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել