HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ՄԻՊ․ ոստիկանները երեխաների նկատմամբ անհամաչափ ուժ են գործադրել․ բողոքի ակցիաների 5-րդ օրը

Ընդդիմադիր քաղաքական ուժերը շարունակում են իշխանության հեռացման պահանջով բողոքի ակցաիներ և իրազեկման երթեր իրականացնել։ «Հետք»-ն ամփոփել է ընդդիմության բողոքի ակցիաների 5-րդ օրը։

Դաշնակցական երիտասարդները շարունակել են իրազեկման ակցիաներ իրականացնել բուհերում։

Այսօր նրանք Երևանի պետական համալսարանում «Ուսանող, միացի՛ր», «Ուսանող, ոտքի՛», «Տեր ենք մեր հայրենիքին» վանկարկումներով կոչ են արել ուսանողներին միանալ իրենց՝ իշխանություններին հեռացնելու նպատակով։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտնել է, որ ԵՊՀ-ում իրականացրած իրազեկման ակցիայի ընթացքում բերման են ենթարկվել 2 երիտասարդներ։

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսուբքյան էջում տեղեկացրել է, որ այսօր՝ ժամը 18։30-ին, Գյումրիի Շառլ Ազնավուր հրապարակից մեկնարկել է «Դիմադրության» ևս մեկ երթ։

Հանրապետականներն էլ այսօր «Stop Նիկոլ», «Stop դավաճանությանը» պաստառներով ավտոերթ են իրականացրել Երևանի փողոցներով։

Իսկ ՄԻՊ-ն անդրադարձել է երեկ անչափահասներին բերման ենթարկելու դեպքին։ 

«Առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է, որ ոստիկանության ծառայողները երեխաներին, որոշ դեպքերում ծառայողական ավտոմեքենաներ են նստեցրել անհամաչափ ուժի գործադրմամբ, իսկ որոշների պնդմամբ՝ նաև ֆիզիկական ցավ պատճառելով: Ոստիկանության բաժիններ ներկայացված երեխաները հիմնականում եղել են 16-17, իսկ մեկը՝ 13 տարեկան: Ըստ երեխաների և այլ ականատեսների հայտնած տեղեկությունների՝ 13 տարեկան երեխան մեքենա է նստեցվել ոստիկանության 4 ծառայողների, իսկ մյուսները՝ 4-6 ծառայողների կողմից:

Արձանագրվել է նաև, որ 13 տարեկան երեխային ոստիկանության մեքենա նստեցնելու պահին հավաքի մասնակիցներից ոմանք ոստիկանության ծառայողներին տեղեկացրել են երեխայի տարիքի մասին, սակայն այս հանգամանքը հաշվի չի առնվել վերջիններիս կողմից»,- տեղեկացրել են ՄԻՊ գրասենյակից։

Երևանում «Դիմադրություն» շարժման քայլերթը մեկնարկել է 18։30-ին Արամ Մանուկյանի արձանի մոտից։

«Քայլելու ենք Տիգրան Մեծ-Խանջյան-Սայաթ-Նովա-Չարենց-Կորյուն-Մաշտոց փողոցներով։ Մեր պայքարի հաղթական փուլը մոտենում է։ Այսօր մենք մեր ներկայությամբ, մեր անկոտրուն կամքով պետք է ցույց տանք, որ շատ մոտ է Հայաստանի և Արցախի շահերը չսպասարկող իշխանության ավարտը»,- քայլերթի մեկնարկին նշել է ակցիայի մասնակիցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter