HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նանոր Պետրոսյանի բեմադրած Բիլյանա Սրբլյանովիչի «Բելգրադյան եռերգություն» ներկայացումը

Սույն զրույց-տեքստը կազմվել է թատերագետ, հրապարակախոս Արա Նեդոլյանի և Թեք տեղ թատերախմբի անդամ Նանոր Պետրոսյանի միջև, «Բելգրադյան եռերգություն» առաջնախաղից հետո։

Արա Նեդոլյան- Ինչպե՞ս է ստացվում, որ մի ներկայացում դիտվում է հետաքրքրությամբ ու կլանված հետևում ես, ափսոսում ես երբ ավարտվում է, իսկ մյուսը՝ սպասում ես՝ երբ կվերջանա ու հույսով նայում մեկ ժամացույցին, մեկ՝ ելքին: Թատրոնում երկու տարբերակներն էլ պատահում են, և ամեն անգամ փորձում ես բանականացնել, թե ինչու այդպես եղավ: Թատերական արվեստը չունի հավանաբար (համենայն դեպս ես չեմ հանդիպել) ամփոփ տեսություն, դրա համար ամեն ներկայացումը մի հանելուկ է։ Կծիկ, որը «քանդելու» համար ընտրում ես սկզբում մի թել, որ հետևես:

Այս անգամ առաջին տպավորությունը, որ մտքիս եկավ, արդեն մի հինգ րոպե հետո, թե զարմանալի է՝ ինչ լավ են խաղում դերասանները: Ներկայացման հաջողության համար դա, ի դեպ, պարտադիր պայման չէ։ Երբեմն բավական է, որ «իրենց տեղերում» լինեն: Այդ դեպքերում երևի ասում ենք, որ գերակայում են կա՛մ հեղինակը՝ բովանդակությունը, գաղափարը, պատումը, կա՛մ ռեժիսորը՝ ձևը, պատկերը: Այս դեպքում դերասանների անշեղ խաղը տևում է սկզբից մինչև վերջ, պիեսը բաղկացած է չորս նովելից, ընդհանուր տասնմեկ հոգի են խաղում, որոնցից յոթը՝ ոչ պրոֆեսիոնալ դերասաններ։ Թեք տեղ թատրոնում, ինչքան գիտեմ, գալիս են թատրոնում խաղալ ցանկացողները ու միասին, ռեժիսորի մասնակցությամբ, որոշում են, թե ինչ են ուզում բեմադրել ու ինչպես։ Ավելի մանրամասն թող Նանորը պատմի, ինձ ասաց միայն, որ ներկայացման մի քանի մասնակից պատրաստվել են մի քանի շաբաթում: Զարմանալի է, իսկ զարմանքը պետք է հրահրի մեր հետաքրքրասիրությունը: Ինչպե՞ս եք աշխատել այս ներկայացման վրա, մասնակիցներին ինչն է գրավել, ինչպես են մեկնաբանել, ինչպես էր կառուցված այդ մեկնաբանման, ներկայացումը գիտակցելու գործընթացը։

Նանոր Պետրոսյան- Ամեն մի ստեղծագործություն բերում է իր աշխատանքների ձևը։ Եթե մի տեղ սկսում ես մարմնից, մյուսում՝ տեքստից, էն մյուսում խմելով a.k.a. մտերմանալով, ապա այս դեպքում առաջին ընթերցանությունից հետո պարզ էր, թե ինչ է լինելու։ Ես միայն հետևեցի, որ առաջին հանդիպման միջանձնային հարաբերությունները արթուն մնան, ստատուսների, դիրքերի հիերարխիան պահպանվի։ Հետո մնաց տեքստը անգիր անել, որը ամենադժվարը ստացվեց ու խլեց շատ ժամանակ։ Մեծ հաշվով՝ չկա միզանսցեն, շարժվում են, երբ տեքստում է պահանջվում, չկա արտաքին կերպարանափոխություն, չկա երաժշտություն, դեկոր ու մնացած թատերային ձևերը, որոնք օգնում են դերասանին պատսպարվել ու ամուր զգալ իրեն։ Հենց այդ պատճառով մեր առաջին ներկայացումը գրեթե 15 րոպե երկար տևեց, դերասանները խաղացին ընկճված, իսկ դահլիճը մի կերպ մի քանի ծափ տվեց վերջում։ Կարծում եմ բավականին անհաջող էր մեր առաջնախաղը (ինչպես բոլո՞րն են լինում)։ Քանի որևէ պաշտպանիչ միջոց չունեին դերասանները, որից կարող էին բռնվել կամ պատսպարվել։ Իրենք էին ու հանդիսատեսը, իսկ դա վախենալի է։ Ու միայն երկրորդ օրը, երբ դուք եկել էիք, իրենք իրար հանդիպեցին բեմում, հանդիսատեսը մնաց «այն» կողմում, ու սկսեց հյուսվել իրենց պատմությունը։

Այս ան/վահան մուտքը դեպի մարտի դաշտ կարևոր է, թեկուզ ներկայացումը տանուլ տալու պայմանով, քանի իրենց խոցելիությունը, իրենց մանթրաշը, անպաշտպանվածությունը լրացնում է ներկայացման հերոսների «անտուն» լինելու կարգավիճակին։

Արա Նեդոլյան- Օրինակ, ի՞նչ է նշանակում «լավ»: Նախ, դերասանները չեն փորձում լավը երևալ, առհասարակ երևալ: Կլանվածության, գործողության հետ ներդաշնակման չափը առավելագույնն է, գրեթե մի պահ չի լինում, որ շփոթվեն իրենց դերից՝ դուրս զգալու պատճառով: Հետո իրենց խաղը շատ հարուստ է, կերպարները վառ, հիշվող, համապրում առաջացնող: Ի դեպ, կերպարները բարդ են՝ կեսը ունի գաղտնիք, որը բացահայտվում է գործողության վերջում, այսինքն կրկնախաղ է տեղի ունենում՝ դերասանները խաղում են պերսոնաժներ, որոնք խաղում են մի այլ բան, քան՝ իրականում կան։ Թատրոնի իմ ամենասիրելի հատկությունը, հանդիսատեսական հաճույքիս աղբյուրը: Մարդկանց/դերասանների/ ու իրենց խաղացած բովանդակության այդպիսի համընկնումը բերում է մեզ այդ բովանդակության հարցին: Ի դեպ, նշված այդ առաջին հինգ րոպեում որոշեցի, որ դերասանները, իհարկե, շատ լավն են, բայց այ բովանադակությանը պատրաստվում էի պարզապես դիմանալ: Եվրոպայում/ և Ամերիկայում/ սերբ երեք գաղթականի պատմություններ են: Սակայն հեղինակը /պիեսը/ այստեղ նույնչափ նրբանկատություն դրսևորեց, ինչ իր դերասանները: Կարևոր են պատմությունները, այլ ոչ թե մասնակիցների սերբ, տուժած, նույնիսկ էմիգրանտ լինելու հանգամանքը: Եթե կարճ բնութագրենք, թե ինչի մասին են իրականում՝ հիշելով, որ նման ամփոփումը կոպիտ է, կամ սուբյեկտիվ, բայց այնուամենայնիվ, կստացվի, որ մարդկանց մասին է, որոնք արտագաղթի պատճառով /իբր/ կորցնում են իրենց «արտաքին ինքնությունը»՝ մասնագիտությունը, երբեմնի սոցիալական կարգավիճակը, շրջապատը, կոնտեքստը, ազգությունը վերջին հաշվով և բախվում են դրանցով նախկինում քողարկված «վերջին իրականությունների» հետ: Կարելի է ենթադրել, որ բոլոր մարդիկ են ոտնահարում այդ արտաքին ինքնությունների սպառման, ճգնաժամի ժամանակաշրջանը, և պիեսը իրականում սերբերի կամ էմիգրանտների մասին չէ, դրա համար է հետաքրքիր, և դրա համար են այդքան կլանված խաղում հայ դերասանները: Ինչպե՞ս գտաք այս պիեսը, ինչո՞ւ ուշադրություն դարձրիք, ինչպե՞ս թարգմանեցիք, ի՞նչ է այս պիեսը, հեղինակը ձեզ համար, ի՞նչ եք մեջը տեսնում:

Նանոր Պետրոսյան- Ժամանակ առ ժամանակ փնտրում եմ հեղինակների առցանց, կարդում եմ քննադատական հոդվածներ, կամ ուղղակի պրպտում եմ։ Մենք Հայաստանում շատ կղզիացած ենք ապրում, հնարավորություն չունենք հեղինակների հետ ծանոթանալու, իսկ այլ երկրների թատրոններում բեմադրված հեղինակներից քչերն են, որոնք, կարծում եմ, արժի բեմադրել այստեղ։ Շատ լավ և հայտնի ժամանակակից հեղինակներ կան, որոնց հետ ես առնչություն չունեմ, որպես Հայաստանում ապրող մարդ։ Այդ պատճառով փնտրում եմ դեռևս չկայացած կամ տողանցքային հեղինակների։ Նման հեղինակ է նաև Սարահ Րուլը, որին անդրադարձանք մի քանի տարի առաջ, կամ հայ հեղինակներին՝ Կարեն Կարսլյանը, Նարե Գրիգորյանը, Մարիաննա Փահլևայնանը, նաև մենք անդրադառնում ենք հայ հին, անճանանչ հեղինակների։ Բ. Սրբլյանովիչի յոթից վեց թատերգությունները կարդացել եմ և բոլորն էլ հիանալի գործեր են։ Նոր հեղինակի հետ աշխատել շատ եմ սիրում, լինի դա հայ, թե օտարերկրյա հեղինակ։ Կարծում եմ, որովհետև իրենց վրա չկա այդ «արժեքավորի» տիտղոսը, ու աշխատանքը սկսվում է շփոթված, անկայուն քայլերով։ Դա գեղեցիկ է։ Իսկ Բիլյանա Սրբլյանովիչը ուղղակի փողոցային խուժանի դաժանությամբ մահակով փոշիացնում է այն բոլոր պատրանքները, որոնց մեջ հիմա մենք ապրում ենք։ Կարծում եմ կարևոր է խոսել արտագաղթի, հասարակության շերտավորման մասին այլ անկյան տակ։

Արա Նեդոլյան- Բովանդակություն, դերասաններ նշեցինք, իսկ ին՞չ է ռեժիսորը, ձևը: Իսկ ռեժիսորը /իբրև բեմում տեսանելի ոմն առանձին կամք/ չկա, ոչ մի տեղ հատուկ չի արտահայտվում: Ներդաշնակ է հեղինակի ու դերասանների դրսևորած զսպվածությանը: Ոչ, չենք ասում, որ հակառակը՝ ռեժիսորական, ֆորմալ թատրոնը վատ է, շատ էլ լավ է, և նույն Նանորը ուներ փայլուն, զուտ ռեժիսորական ներկայացում՝ «Էվրիդիկե»-ն: Պարզապես կարծում եմ, որ այսպես ավելի դժվար է: Համակարգել և ոչ կառավարել: Եվ դա է, ինչպես ասացի, Նանորի ոչ միայն առանձին /ոչ բոլոր/ ներկայացումներ ստեղծելու, այլ նաև թատրոն հավաքելու սկզբունքը, ինչի մասին կուզեի, որ ինքը պատմեր: Դա շատ կարևոր է, քանի որ վկայում է, որ ժողովրդավարությունը ոչ միայն հնարավոր է, այլ՝ արդյունավետ: Նույնիսկ թատրոնի նման, ավանդաբար այդքան ավտորիտար մի ոլորտում: Ի՞նչ էք մտածում թատրոնի, թատերական ոլորտի կառավարման/ինքնակառավարման ձևերի, մոտեցումների մասին։

Նանոր Պետրոսյան- Ասեմ հենց սկզբից, որ սա իմ բեմադրած ներկայացումը չէ, սա Թեք տեղ խմբինն է, կամ այն մարդկանցը, ովքեր համաձայնեցին մասնակցել այս աշխատանքներին։ Թատերգությունը ես եմ առաջարկել, բայց ներկայացում֊ քանդակը՝ բոլորով ենք կառուցել։ Յուրաքանչյուրի մուտքով կամ ելքով ամբողջությամբ փոխվել է ներկայացման ընթացքը։ Մենք միշտ աշխատել ենք այդպես՝ ամեն մարդ կարևոր է, ամեն մարդ կարող է, ամեն մարդ իրավունք ունի։ Իհարկե եղել են անհաջողություններ, կամ մարդիկ, ովքեր չեն կարողացել նման ձևաչափում աշխատել։ Բայց մեր բոլոր աշխատանքներում հիմնաքարային է այդ մոտեցումը։ Ու հենց դա է պատճառը, որ կան ներկայացումներ, որոնք ամբողջությամբ իմ սրտով չեն։ Ես կարծում եմ՝ հենց այդպես էլ պետք է լինի իմ անհատական վերաբերմունքը մեր ներկայացումներին, որ այն ամբողջական չէ, սխալական է, որովհետև այն իմը չէ, այլ այդ խմբինը։

Մեր խմբի աշխատանքների 90 տոկոսը կամավորական են։ Մենք առավոտից երեկո վազում ենք, կարդում ենք, խաղում ենք, սոցիալական ցանցերի գովազդից սկսած՝ բեմի ձևավորման աշխատանքների բանվորական աշխատանքից վերջացրած՝ անում ենք, չունենք, մեծ հաշվով, շատ հանդիսատես կամ տարածք արդեն տասը տարի է։ Եւ որ ամենակարևորն է հստակ պլանի բացակայությամբ, թե լավ հետո ինչ կլինի, կամ ինչքան այսպես։

Ինչու՞ և ինչպե՞ս է մեզ հաջողվում․․․ որովհետև մենք երես առած ենք ու մեծամիտ։ Այս հեղհեղուկ և դժվար ժամանակաշրջանում, առանց թատրոնի շենքի, առանց ֆինանսավորման, մենք մեզ իրավունք ենք տալիս զբաղվել այս գործով, որպես հաճույք ու համոզված ենք, որ եթե մենք չանենք, ոչ ոք այլևս չի կարող անել այդքան աշխատանք՝ սոսկ մարդկային թերություն համարվող մղումներով։

Արա Նեդոլյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter